«Առավոտ». Մեր աղքատ և հարուստ նախարարները
«Առավոտը» «հաշվել է» նախարարների եկամուտները
ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի` տեղեկություն ստանալու հարցմանն ի պատասխան, տրամադրել է ՀՀ նախարարների և մի քանի այլ պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերի մասին 2009թ. տեղեկանքները:
Ըստ այդ տեղեկանքների, ամենաաղքատը ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետ Արթուր Պետրոսյանն է, որի եկամուտը կազմել է 857421 դրամ, իսկ ամենահարուստը` առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը: Նրա եկամուտը կազմել է 341 մլն 615 հազար դրամ:
Համեստ`ընդամենը 3-6 մլն դրամ եկամուտ են ունեցել (համապատասխանաբար) տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և այլն:
Վատ չի վաստակել գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը`39.036.547 դրամ, բայց նաև ծախսեր է արել. գնել է շենք և շինություն: Ի դեպ, շենք-շինություն է գնել նաև արդարադատության նախարարը, բայց, դատելով նրա եկամուտներից, շինությունը պետք է որ շատ համեստ լինի`11 միլիոնի չհասնող եկամտին համապատասխան: