Աֆղանստանի խորհրդարանական ընտրությունները մեկնարկել են կրակոցներով և պայթյուններով
Աֆղանստանի ընտրական տեղամասերում այսօր վաղ առավոտյան, չնայած թալիբների հարձակումներին, մեկնարկել են երկրի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները:
«Թալիբան» շարժման գրոհայիններն ազդարարել են քվեարկության մեկնարկը հրթիռային կրակոցներով Քաբուլում և Ջելալաբադում, իսկ ավելի ուշ Ջելալաբադի ընտրական տեղամասում պայթյուն է գրանցվել:
Աֆղանստանի խորհրդարանական ընտրություններն անցկացվում են անվտանգության խիստ միջոցառումների պայմաններում, քանի որ թալիբները սպառնացել են իրագործել զանգվածային ահաբեկչություններ և հարձակումներ նրանց դեմ, ովքեր կհամարձակվեն գնալ քվեարկության: Ի պատասխան նման սպառնալիքների` տեղի իշխանությունները տեղակայել են լրացուցիչ հարյուր հսկիչ անցագրային կետեր, բացի այդ, քվեարկության ընթացքում կարգ ու կանոնին կհետևի ուժային կառույցների 280 հազ. աշխատակից, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Նշենք, որ Քաբուլում առաջին հարձակումն իրականացվել է ընտրությունների մեկնարկից մի փոքր առաջ, երբ երկրի մայրաքաղաքը ենթարկվել է թալիբների ռմբակոծության: Ահաբեկչություններն իրագործվել են նաև Գազնի, Բադահշան, Հերաթ նահանգներում: Քանի որ այդ ժամերին ընտրական տեղամասերը դեռ փակ էին, ապա հաջողվել է խուսափել զոհերից: