2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ինչը չէր թողնում Սերժ Սարգսյանին ավելի վաղ սկսել պաշտոնանկությունների շարքը

Սերժ Սարգսյանը մի գործընթաց սկսեց, որին մենք բոլորս շատ ավելի վաղ էինք սպասում: Անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին, մասնավորապես դեկտեմբեր ամսին Երևանի քաղաքապետի և մի շարք նախարարների պաշտոնանկություններին` այսպիսի կարծիք է հայտնել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը` չմասնավորեցնելով, սակայն, ում նկատի ունի «մենք» ասելով: 

«2008-2009 թվականներին Հայաստանում լարված ներքաղաքական իրավիճակը թույլ չէր տալիս Սերժ Սարգսյանին անել այն քայլերը, որոնք նա կատարում է այժմ», - ասել է Նիկոյանը` հավելելով, որ այդ քայլերի իրագործմանը խոչընդոտում էր արտաքին քաղաքականության մեջ գերլարված վիճակը:

Լրագրողի այն դիտարկմանը, թե ընդդիմությունը կարծիք է հայտնել, որ «նման փոփոխություններով կազմաքանդվում է իշխանական բուրգը», Նիկոյանը պատասխանել է.

«Այս փոփոխություններով իշխանական բուրգը ոչ թե կազմաքանդվում է, այլ այն ավելի է ուժեղանում»:

ԱԺ փոխնախագահը չի բացառել նաև այլ պաշտոնանկություններ, բայց նշել է, որ հեղափոխական մոտեցում չի լինի:

«Որևիցե մեկը եթե չի մտնի կանոնների մեջ, օրենքից դուրս գործունեություն կծավալի, պետք է պաշտոնանկ արվի», - ասել է Նիկոյանը: