2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Հայերին և թուրքերին Հոլոկոստի օրինակով օգնում են վերականգնել կապերը

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները տասնամյակներ շարունակ լարված են եղել: Սակայն, ուղղորդվելով  գերմանացիների և հրեաների միջև հարաբերությունների վերականգնման փորձով, հայ և թուրք ուսանողները աշխատում են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, հաղորդում է գերմանական Deutsche Welle-ն:

Երեկ մի խումբ հայ և թուրք ուսանողներ այցելել են Բեռլինում տեղադրված հրեաների ցեղասպանության` Հոլոկոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը:


Այցելությունն իրականացվել է մեկ շաբաթյա ուղևորության ընթացքում, որի շրջանակներում մոտ 20 հայ և թուրք ուսանողներ այցելել են Բեռլին ` ուսումնասիրելու Գերմանիայի` հրեաների, ֆրանսիացիների և լեհերի հետ հարաբերությունների վերականգնման փորձը: Ուսանողները այցելել են նաև համակենտրոնացման ճամբարներ, Ռայխստագ, Գերմանիայի Արտաքին Գործերի Նախարարության արխիվ:


Ուսանողները պետք է համեմատեին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրեաների նկատմամբ Գերմանիայի կողմից իրականացրած հոլոկոստն ու առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը:


«Ես չեմ վիրավորվում, երբ որևէ բացասական բան եմ լսում Թուրքիայի մասին, որովհետև ես նույնպես քննադատում եմ Թուրքիային Ցեղասպանության համար», - Deutsche Welle-ին պատմել է թուրքական համալսարաններից մեկի ուսանող Էդա Թարաքը:


Մեկ այլ թուրք ուսանողուհի` Բուրչու Էջեն, նշել է, որ Բեռլինի հրեական թանգարան այցելությունից հետո իր մոտ գաղափարներ են առաջացել հայ –թուրքական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ:

«Գերմանացիները չափազանց հանգիստ են վերաբերվում այդ հարցին», ասել է նա. «Ես կցանկանայի, որ Թուրքիայում նույնպես հայերի ցեղասպանության մասին պատմող վայրեր լինեին»: