Պետրոս Ղազարյանը պատմել է «ճիշտ կթողի» դափնիների մասին
Պետրոս Ղազարյանը Mediamax.am կայքում «Բանավեճ. «ճիշտ կթողի» դափնիներին արժանանալու համար» անվամբ հոդված է հրապարակել, որի կենտրոնական թեման մամուլի երեկվա և այսօրվա հրապարակումներն են առ այն, որ Արագածոտնի մարզի Ավան գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նրանց հորդորել է կով կթելիս հետևել հիգիենայի կանոններին` մասնավորապես ասելով. «Հարգելի գյուղացիներ, օրինակ, դուք գիտեք, որ կով կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մառլյա գցել, կովի կուրծքը տաք ջրով լվանալ, փափուկ սրբիչով չորացնել, սրանք տարրական կանոններ են»:
Պետրոս Ղազարյանի հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Որ մեր գյուղացիները ծանոթ չեն լինի 4G ցանցին, բարձր տեխնոլոգիաներին և Հայաստանի տարբեր մարզերը համշխարհային կենտրոններ սարքելու գաղափարներին զարմանալի չէ, բայց որ մեր վարչապետը կով կթելու տեխնոլոգիաները այն աստիճան յուրացրած կլինի, որ գյուղացիներին դասեր կտա, մի փոքր անսպասելի էր: Հնդկական չափանիշներով այս սուրբ կենդանու նկատմամբ յուրահատուկ վերաբերմունքը սկսել է դեռեւս Հրանտ Բագրատյանի էգ կովերից: Լսելով մեր վարչապետի խորհուրդները կովերին ճիշտ կթելու մասին՝ մի պահ պատկերացրի, թե ինչպիսի բանավեճ կարող էր ծավալվել քաղաքական ուժերի միջեւ «ճիշտ կթողի» դափնիներին արժանանալու համար:
Տիգրան Սարգսյան - Կովը կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մառլյա գցել, կովի կուրծքը ջրով լվանալ, փափուկ սրբիչով չորացնել:
Հրանտ Բագրատյան - Լրիվ դամբուլություն: Սա պլագիատ ա իմ «100 քայլ էգ կովերին կթելու համար» ծրագրից: Կարդացե՛ք, հո հետս չեմ տանելու: Ինչքան կարող եմ սովորացնել:
Գալուստ Սահակյան - Կովը կթելու տեսակի դասական սկեպտիցիզմը ընկած է մառլյայի եւ փափուկ սրբիչի գործառույթների արժեւորման համապարփակ եւ զուգահեռ տիրույթում: Այնպես որ, պարո՛ն Բագրատյան, մենք Ձեզ հարգում ենք, բայց օգնել չենք կարող:
Լեւոն Զուրաբյան - Լեւոն Տեր-Պետոսյանը իր վերջին ելույթում փայլուն ձեւով մերկացրեց, թե իշխանությունները ոնց են կթում: Բայց քանի որ կայունության ու Ղարաբաղի հարց կա, մենք որոշակի դրական միտումներ ենք տեսնում կովերի նկատմամբ եւ չենք շտապում, եւ եթե սա գործարք է, միայն կաթի յուղայնությունը բարձրացնելու համար: Հավատացե՛ք՝ ոչ մեկը չի կարող մեզ նման կթել:
ՀԱԿ-ի «Վաղը, վաղը» շարժման ակտիվիստներ - Կթել, կթել մինչեւ վերջ:
Շարմազանով - Միանգամից ասեմ, թող Ալիեւը, Էրդողանը, Գյուլը ու Քադդաֆին հույս չունենան, թե մեզ մոտ կթելը չի ստացվի: Սերժ Սարգսյանի իմաստուն ղեկավարման շնորհիվ...
Լեւոն Զուրաբյան - Բայց ի՞նչ կապ ունեն Ալիեւն ու Էրդողանը:
Շարմազանով - Հերի՛ք ա թուրքերի պաշտպանեք ու պատռեք ձեր դեմքը:
Ահարոն Ադիբեկյան - Մեր հարցման արդյուքներով՝ ժողովրդի 75 տոկոսը կաթը ցանկանում է խմել իշխանությունների ձեռքից, 22-ը չի կողմնորոշվել, իսկ 3-ը՝ ՀԱԿ-ի:
Ստյոպա Սաֆարյան - Բա՞ Րաֆֆին:
Հեղինե Բիշարյան - Բա՞ Արթուրը:
Տիգրան Կարապետիչ - Բա ՞ես:
Արթուր Բաղդասարյան - Ուրեմն տեղեկացնեմ, որ Անվտանգության խորհրդի նիստում մշակվել է հատուկ հայեցակարգ՝ «Ինչպես էֆեկտիվ եւ անվտանգ կթել» ձեւակերպմամբ: Հաշվի է առնված ՕԵԿ-ի մեծ փորձն այս հարցում:
Հեղինե Բիշարյան - Արթուր Վահանիչ չմոռանաք ասել, որ մեր շարքերն օրեցօր համալրվում են նոր որակյալ կթվորներով:
Հրանուշ Հակոբյան - Ես էլ տեղեկացնեմ, որ մենք արդեն սկսել ենք «Արի՛ տուն կթվելու» ծրագիրը, սփյուռքահայերի բոլոր կովերը պետք է բերենք Հայաստան՝ Մասիսի լանջին արածելու:
Խաչիկ Ասրյան - Ոչ մի լեւոնապիղծ թրքաբարո տականք չի կարող արծվանիստ Նժդեհականների ժայռակերտ պայքարը շեղել ազգային կովերի հայաբարո կաթից: Վերջ տվե՛ք յոթ մոր ծծած կաթի ձեր ջհուդամասսոնական պայքարին: Կեցցե՜ նախագահը:
Տիգրան Դավթյան - Պետք է ասեմ նաեւ, որ հայկական կաթը որպեսզի աշխարհում շատ արագ մրցունակ դառնա, մշակվել է Եվրատեսիլում Էմմիի կողմից հայկական կաթի մասին երգ երգելու հայեցակարգ:
Կարապետիչ - Ժողովուրդը մի կով էր կթում, հիմա իշխանավորը ուզում ա էտ կովի կաշին ու ոսկորը տանի: Ի՜նչ մառլյա, ի՜նչ փափուկ սրբիչ: Ժողովուրդը թաշկինակ չունի: Ես բոլորիդ կարմիր քարտ եմ ցույց տալիս, որովհետեւ կարմիր կովը կաշին չի փոխում:
«Իշխանավոր դո՛ւրս արի,
Քեզ տամ կաթ ու մածուն սարի»:
Դեռ անտիպ ա:
Վարդան Օսկանյան -Կոչ եմ անում իշխանությանը կաթի շուկան բացել, մառլյայի մենաշնորհը վերացնել, սրբիչերը դարակներից հանել ու բաժանել ժողովրդին: Օրինակ ես նախարար եղած ժամանակ երբեք կաթ չեմ խմել, մենակ ջուր: Կոչ եմ անում նախագահին գնալ Րաֆֆու մոտ եւ նրա հետ համատեղ կաթ խմել:
Րաֆֆի Հովհաննիսյան - Ստյո՛պ, մի հատ ճշտի, թե Մանդակունին ինչ է ասում ծոմի ժամանակ կաթ խմելու մասին»: