«Մենք թիմ ունենք», համոզված է Հայաստանի հավաքականի մարզիչը
ԵՎՐՈ 2012-ի ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան 0-0 հաշվով ավարտված հանդիպումից մեկ շաբաթ անց` ապրիլի 2-ին, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պատասխանել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հարցերին: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ.
- Խաղից անցել է մեկի շաբաթ: Բնականաբար, ամբողջապես վերլուծել եք խաղը, խնդրում եմ ներկայացնել խաղի վերաբերյալ Ձեր դատողությունները:
- Հիմա էլ` խաղից հետո, մեկ շաբաթ անց, նույն զգացումներն ու տեսակետն ունեմ հանդիպման վերաբերյալ, բայց այժմ դրանք ամբողջական են: Միանգամից ասեմ. մեծ հաշվով չեմ սխալվել մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած գնահատականներիս մեջ: Տեսեք` Ռուսաստանի հետ խաղից հետո մենք բավական մեծ թվով ձեռքբերումներ ունենք ու ընդամենը` մեկ մինուս: Սկսեմ վերջինից` չկարողացանք վաստակել 3 միավոր: Իհարկե, անգամ ոչ-ոքին կարելի է ձեռքբերում համարել: Իսկ ահա աժիոտաժը, այն հանգամանքը, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղը հուզում է բոլորին` դա ձեռքբերում է: Կարելի է ասել, որ մեր հավաքականը արդեն բրենդ է դարձել, ու սա մեծագույն դրական կողմն է: Միակ բանը, որ ինձ չբավարարեց ռուսների հետ խաղում` մեր թիմի ցույց տված ֆուտբոլի որակն էր: Բայց ես մշտապես փորձում եմ ռեալ գնահատականներ տալ ստեղծված իրավիճակին` մի կողմ դնելով էմոցիաները: Ֆուտբոլիստներին միշտ ասում եմ, որ եթե ֆունկցիոնալ առումով պատրաստ չենք, ապա պետք է ավելի շատ գլխով` ուղեղով գործենք, նաեւ` խաղանք բնավորության հաշվին: Ռուսաստանի հետ խաղի 1-ին կեսում մեր թիմի մոտ դա չստացվեց, իսկ ահա 2-րդ կեսում ստացվեց: Երբ թիմը առաջին կեսից հետո մտավ հանդերձարան, ֆուտբոլիստների աչքերից ամեն ինչ երևում էր: Վնասվածքով խաղացող Յուրա Մովսիսյանի դեմքի արտահայտությունը ուղղակի ասում էր` ուզում եմ, բայց չեմ կարողանում: Մի բան եմ ընդամենը ասել Յուրային` գիտեմ քո վիճակը, հասկանում եմ, բայց դու հիմա պետք է դուրս գաս դաշտ ու բնավորություն ցույց տաս: Կարծում եմ, բոլորս տեսանք, որ Յուրան համարյա մեկ ոտքով պայքարեց, բնավորություն ցույց տվեց, ու սա վերաբերվում է մեր բոլոր ֆուտբոլիստներին: Կարող եմ ասել` մենք թիմ ունենք: Միգուցե, Ռուսաստանի հավաքականում ընդգրկված ֆուտբոլիստները առանձին-առանձին ավելի բարձր խաղամակարդակ ունեն, բայց մենք թիմով, թիմային ոգով ենք ուժեղ: Ցանկանում եմ, որ այն ճանապարհը, որ ընտրվել է մեր կողմից, հաստատուն մնա, չշեղվենք: Մեծ հաշվով բոլորս էլ նույն բանն ենք ուզում` հայկական ֆուտբոլի վերելքը, բայց առաջարկվող ու ընտրված ճանապարհներն են տարբեր: Կոնկրետ մենք` թիմի ղեկավարությունը, մարզչական կազմը, ցանկանում ենք այդ նպատակին հասնել քայլ առ քայլ առաջ գնալով, իսկ շատերը ցանկանում են թռչելով առաջ գնալ: Կարծում եմ` թռչելով հնարավոր չէ: Մենք դեռ պետք է սովորենք ոտքներս ամուր դնելով քայլել, նոր հետո մտածենք թռչելու մասին: Հակառակ դեպքում ընկնելու ենք: Ուրախ եմ այն հանգամանքով, որ եթե առաջ մեր ընտրանին 5 խաղ անհաջող էր անցկացնում ու միայն 1-ը` հաջող, ապա հիմա ուղիղ հակառակն է: Չնայած մեծ վերապահումներով կարելի է ռուսների հետ ոչ-ոքի ավարտված խաղը համարել վատ:
- Ի՞նչ կատարվեց թիմի հետ 1-ին կեսի 2-րդ հատվածում:
- Կարծում եմ` հոգեբանական պահ կար այդ րոպեներին: Ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը ավելի շատ պատասխանատվություն էր փորձում վերցնել իր վրա, քան պետք էր: Սա առաջին հերթին պայմանավորված էր խաղի հետ կապված աժիոտաժով, որը լրացուցիչ, ուղղակի ահռելի պատասխանատվության բեռ բերեց մեր ֆուտբոլիստների վրա: Դա նկատելի էր անգամ առաջին 10-15 րոպեների ընթացքում, երբ կարծես մեր թիմի խաղը ստացվում էր: Եղան մի քանի դրվագներ, երբ մեր ֆուտբոլիստները կարող էին առաջ գնալ ու շատ ավելի նպաստավոր դիրքերից հարվածել: Մարկոսը, մասնավորապես, հիշում եք հավանաբար այդ պահը, կարող էր առաջ շարժվել, բայց միանգամից հարվածեց. սա լարվածության արդյունք էր: Ապա դրան գումարվեցին իրար ետեւից մեր դարպասի մոտ իրացված մի քանի անկյունայինները: Պետք էր այդ րոպեներին պինդ մնալ, բնավորություն ցույց տալ, ինչը տղաներին անընդհատ ասում էր մեր ավագը` Սարգիս Հովսեփյանը: Բայց թիմը կանգնեց: Միայն 2-րդ կեսում հնարավոր եղավ շտկել իրավիճակը:
- Ի՞նչ կասեք հիմնական կազմում Էդգար Մալաքյանի ընտրության հետ կապված:
- Գիտե՞ք, շատ եմ լսում, թե հիմնական կազմում կարող էին լինել այլ ֆուտբոլիստներ: Բայց ես այլ կարծիքի եմ ու մեր թիմի մեկնարկային կազմն ընտրել եմ մարզումների ժամանակ ֆուտբոլիստների ցույց տված խաղամակարդակի հիման վրա, նաեւ` հաշվի առնելով այն խաղային ձեռագիրն ու սխեման, որը փորձում ենք իրագործել խաղադաշտում: Միանգամից ասեմ. եթե այսօր էլ ընտրեի մեր թիմի հիմնական կազմը, ապա այն կլիներ նույնը, ինչ Ռուսաստանի հետ խաղում էր: Մալաքյանի դիրքում տեսնում եմ նաև Արտակ Դաշյանին, ուղղակի Արտակը դեռ փորձ չունի այդ դիրքում խաղալու, դրա համար էլ ընտրեցի Մալաքյանին: Վերջինս օդից չի ընկել մեր հավաքական. բոլորն են տեսել, թե նա ինչ լավ խաղ է ցուցադրել թեկուզ Վրաստանի հետ ընկերական հանդիպման ժամանակ: Մի կարևորագույն խնդիր եմ ուզում ներկայացնել: Մենք հիմա հեռուն գնացող ծրագրեր ենք կազմում, որն ամբողջապես կառուցված է մեր երիտասարդ ֆուտբոլիստների վրա: Ու այդ պատճառով մտածում ենք. թող երիտասարդները խաղան, փորձ ձեռք բերեն: Իհարկե, կլինեն անհաջող խաղեր, բայց դա էլ է փորձ: Նորից կրկնեմ. ճանապարհից շեղվելը լավ բանի չի բերի, մենք ընտրել ենք այս ճանապարհը` երիտասարդների միջոցով հեռանկարային թիմ ստեղծել: Ուրեմն պետք է նրանց շանս տանք ու կարողանանք ընդունել նրանց սխալները, հետագայում շտկել դրանք:
- Տարակարծություններ է առաջացրել մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած Ձեր այն միտքը, թե արդյոք ուզո՞ւմ ենք հայտնվել ԵՎՐՈ 2012-ի եզրափակիչ փուլում:
- Ուզել-չուզելու մասին չէ խոսքը: Այստեղ ուղղակի խառնվում են մեր ցանկությունները ու իրականությունը: Բնականաբար, բոլորիս մեջ էլ մեծ ցանկություն կա, որ մեր թիմը դուրս գա խմբից, բայց դա առայժմ ցանկություն է, եւ ոչ թե հավաքականի առջեւ դրված խնդիր: Ես` որպես հավաքականի գլխավոր մարզիչ, իրավունք չունեմ ցանկությունն ու խնդիրը իրար խառնել: Ես պատասխանատու եմ առաջադրված խնդիրները լուծելու համար: Սա` առաջին: Երկրորդ. մշտապես պնդել եմ, որ մեր թիմին առաջադրանք է տրված յուրաքանչյուր խաղում լավ խաղ ցուցադրել ու ձգտել հաղթանակի: Բնականաբար, լավ խաղի դեպքում չի կարող վատ արդյունք լինել: Ու էլի ստացվում է, որ բոլորս նույն բանն ենք ուզում` հասնել հաղթանակի: Ուղղակի դրան հասնելու ճանապարհներն են տարբեր: Եթե մի բան մի օր չի ստացվում, չի նշանակում, թե դա սխալ է ու պետք է այլ ճանապարհ փնտրել: