2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Ում երեխաները կարող են անվճար հաճախել երևանյան մանկապարտեզներ

Երևանի քաղաքապետի  որոշմամբ ապրիլի մեկից Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող բոլոր նախադպրոցական հաստատությունները գործելու են անվճար: Այն երեխաները, որոնց ծնողները Երևանի գրանցում չունեն` սահմանված կարգով վճարելու են 8000 դրամ:  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության գլխավոր մասնագետ Արմենուհի Գաբրիելյանը:

«Քաղաքապետի որոշմամբ նախատեսվել է, որ Երևանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններ անվճար կհաճախեն միայն  այն երեխաները, որոնց ծնողները հաշվառված են Երևան քաղաքում, կամ ունեն փաստացի և մշտական հաշվառում: Եթե երեխաների ծնողներից որևէ մեկը ազատամարտիկ է, այդ դեպքում էլ են հաշվառումը կատարվում է անվճար հիմունքներով: Նաև նախատեսվել է, որ զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն իրականացնող ծնողների երեխաներն էլ են անվճար հաճախելու մանակպարտեզ»,- ասաց Արմենուհի Գաբրիելյանը:

Վերջինս տեղեկացրել է, որ նախկինում այդ գումարը եղել է 18 000  դրամ և բազմաթիվ քննարկումների արդյուքնում գումարը իջեցվել է և դարձել  8000 դրամ: Գաբրիելյանը նշել է, որ 2011 թվականի մարտի մեկի դրությամբ Երևանում հաշվառված են մոտ 25 000 երեխաներ, որից 2168 չունեին Երևան քաղաքի գրանցում:

Ինչ վերաբերում է  մանկապարտեզների երկարօրյա խմբերին, ապա այսօր Երևանում երկարօրյա խմբեր գործում են միայն երկու մանկապարտեզներում: Գաբրիելյանի խոսքով` այլ մանկապարտեզներում ևս նախատեսում են երկարօրյա խմբեր բացել`   ծնողների դիմումների հիման վրա: