2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Պատգամավոր. «Համաներումը նախաձեռնել եք ձեր նախագահի հետ, դուք էլ ընդունեք»

Համաներումը մարդասիրական քայլ է, որը ներքաղաքական լարվածությունը կթուլացնի, ինչպես նաև կթեթևացնի ՔԿՀ-ները: Այս մասին հինգշաբթի` մայիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը: Նա նաև նշել է, որ համաներման  համար պարարտ հող է  հանդիսացել Քրեական օրենսգրքի վերջին օրենսդրական բարեփոխումները:

Հանդիպմանը ներկա «Ժառանգություն» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքերով, համաներումների հաճախականությունը պայմանավորված չէ ՀՀ իշխանությունների հումանիստական մղումներով և հասարակության համար բարիք գործելու ցանկությամբ. «Իրականում սա շատ վատ օրից է  գալիս: Եվ  վատը կայանում է  նրանում, որ 2006 թվականին փոփոխություն տեղի ունեցավ այն օրենքների մեջ, որոնցով նախատեսվում էր պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքն իրացնելը: Նախագահի կարգադրությամբ ստեղծվեց մի հանձնաժողով, որը արհեստականորեն խոչընդոտում էր մարդկանց պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունքին»:

Փոստանջյանը տեղեկացրել է, որ այսօր բանտախցերը գերծանրաբեռնված են և, օրինակ բերելով Նուբարաշեն ՔԿՀ-ն, ասել է, որ այդ հիմնարկը նախատեսված է  800 կալանավոր ունենալու համար, սակայն այնտեղ այս պահին պահվում են 1300 կալանվոր:

Պատգամավորը նաև նշել է, որ համաներումը ինչ-որ չափով կմեղմի իրավիճակը, բայց սա չի նշանակում որ համաներմամբ խնդիրները կլուծվեն: «Եթե մենք չենք ունենալու արդար դատական համակարգ, ապա մեկ տարի հետո այդ գերծանրաբեռնվածությունը նորից լինելու է»,- ասել է  Զարուհի Փոստանջյանը:

Նրան ի պատասխան Կարինե Աճեմյանը կոչ արեց Փոստանջյանին գնալ ԱԺ և  քվեարկել համաներման համար: «Համաներումը դուք նախաձեռնել եք ձեր նախագահի հետ, դուք էլ կընդունեք այդ համաներումը»,- պատասխանել է Փոստանջյանը: