2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Ծխախոտի դեմ պայքարելու հարցում Հայաստանը դեռ խնդիրներ ունի

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, այսօր նշում են «Առանց ծխախոտի համաշխարհային օրը»:

Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը, այս տարի օրվա քննարկման նյութ է ընտրվել Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան և դրա գործադրման ընթացքը երկրներում:

Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան հանրային առողջապահության ոլորտում առաջին գլոբալ համաձայնագիրն է, որն ուժի մեջ է մտել 2005 թվականի փետրվարից: Այն արդեն իսկ վավերացվել է ավելի քան 170 պետության կողմից: Շրջանակային կոնվենցիայի և դրա արձանագրությունների նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական հետևանքներից` ծխելու դեմ պայքարի միջոցների համար համապատասխան շրջանակներ ապահովելու միջոցով, որոնք ենթակա են իրականացման ազգային, միջազգային և տարածաշրջանային մակարդակներում, որպեսզի մշտապես և էականորեն կրճատվի ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության տարածվածությունը:

Անդրադառնալով կոնվեցիայի իրականացմանը և արդյունքներին Հայաստանում` Առողջապահության նախարարությունը նշում է, որ ծրագրի մեկնարկը բավական հաջող է եղել, ինչի մասին վկայում են արդեն իսկ ընդունված օրենքները, ենթաօրենսդրական ակտերը և որոշումները:

Վերլուծությունները, սակայն, ցույց են տալիս, որ դեռևս առկա են բացեր, որոնք պահանջում են հատուկ ուշադրություն և հաստատակամություն վարվող քաղաքականության և գործունեության մեջ: Այսպես օրինակ` թեև հասարակական վայրերում ծխելը կանոնակարգող մի քանի օրենսդրական ակտեր արդեն իսկ ընդունված են, սակայն Հայաստանում դեռևս գոյություն ունեն դրանց կիրառման հետ կապված որոշ խնդիրներ:

ՀՀ առողջապահության նախարարությունը նշում է, որ աշխատում է բոլոր շահագրգիռ կողմերի հետ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի ներդրման և Հայաստանում այդ գործիքի արդյունավետ կիրառման համար: