2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հիվանդին առաջին անգամ սինթետիկ օրգան են փոխպատվաստել

Անցյալ շաբաթ Շվեդիայի Թագավորական Կարոլինի համալսարանի հիվանդանոցի գիտնականները սինթետիկ օրգանի փոխպատվաստման աշխարհում առաջին հաջող վիրահատությունն են իրականացրել: Օրգանն ամբողջությամբ ստեղծվել է լաբորատոր պայմաններում` հիվանդի սեփական ցողունային բջիջներից (Ցողունային բջիջները մարդու բոլոր օրգանների և հյուսվածքների բջիջների նախատիպերն են, որոնցից կազմվում են մնացած բոլոր տեսակի բջիջները -Epress.am), հայտնում է MIGnews.com-ը:

Ծագումով hարավաֆրիկացի 36-ամյա հիվանդին Լոնդոնում ստեղծված շնչափող են փոխպատվաստել: Հարկ է նշել, որ նման վիրահատության ընթացքում օրգանիզմի կողմից նոր օրգանի մերժման հնարավորությունը նվազագույնի է մոտենում, քանի որ նման պայմաններում ստեղծված օրգանը օտարածին բջիջներ չի պարունակում:

Մինչ վիրահատությունը հիվանդի մոտ կոկորդի քաղցկեղի վերջին փուլ էր ախտորոշվել, ուռուցքը գրեթե ամբողջությամբ փակել էր շնչափողը` խոչընդոտելով օդի մուտքը դեպի թոքեր:

Բժիշկների խոսքով` հիվանդն իրեն լավ է զգում: Հիվանդի ցողունային բջիջներից պատրաստվող օրգանների փոխպատվաստումը կարող է մեծ իրադարձություն դառնալ բժշկության մեջ: Հիվանդներն այլևս ստիպված չեն լինի տարիներով դոնոր փնտրել: