2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Միլիարդատիրոջ «Վրացական երազանքը» սկսվեց Կալաձեից, Շևչենկոյից, Ստուրուայից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացել է միլիարդատեր Բիդզինա Իվանիշվիլիի նախաձեռնությամբ ստեղծված ընդդիմադիր «Վրացական երազանք» հասարակական շարժման պրեզենտացիան:

«Վրացական երազանքի» նպատակներից գործարարն առանձնացրել է «էթնիկ աբխազների և օսերի վստահությունը վերադարձնելը, Վրաստանի  միավորումը, աշխատատեղերի ստեղծումը, արժանապատիվ աշխատավարձը, ինտեգրումը Եվրոատլանտյան կառույցներին:

Նոր հասարակական շարժման պրեզենտացիային ներկա են գտնվել քաղաքական և հասարակական գործիչներ, ինչպես, օրինակ, հայտնի սկանդալային ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան և շախմատի աշխարհի չեմպիոն Նոնա Գապրինդաշվիլին, Ուկրաինայի ֆուտբոլի լեգենդ Անդրեյ Շևչենկոն:

Միջոցառման ժամանակ Վրաստանի հավաքականից հեռանալու իր որոշման մասին հայտարարել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Կախա Կալաձեն: Ֆուտբոլիստն իր աջակցությունն է հայտնել Իվանիշվիլիին և հաստատել է, որ անդամագրվում է «Վրացական երազանքին»: Կալաձեն նաև ներողություն է խնդրել երկրպագուներից խաղերից մեկի ժամանակ երկու ինքնագոլ գրանցելու համար: «Բայց թող ներողություն խնդրեն նաև քաղաքական գործիչները, որոնք ողջ կյանքում ինքնագոլ են գրանցում իրենց հաշվին»,- հավելել է ֆուտբոլիստը:

Newcaucasus.com-ը հիշեցնում է, որ երբ Բիդզինա Իվանիշվիլին հայտարարեց քաղաքականություն մուտք գործելու իր որոշման մասին, Վրաստանի նախագահի կարգադրությամբ զրկվեց Վրաստանի քաղաքացիությունից, առանց որի հնարավոր չէ կուսակցություն հիմնել: