2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ինչու է Ռուսաստանին պետք Հայաստանը. պատմել է Ժիրինովսկին

Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանա լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն առանց Ռուսաստանի: Հենց այդ պատճառով տարածաշրջանի երկրները պետք է մտնեն Ռուսաստանի կազմի մեջ որպես Անդրկովկասյան դաշնային շրջաններ»: Նման գաղափար առաջարկել  է ռուսաստանցի քաղաքական գործիչ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:

Նրա խոսքով` Դաշնային շրջանի ղեկավարությունը բնակչության քանակի պատճառով պետք է տրվի Ադրբեջանին. իսկ երկրի ղեկավարի տեղակալի պաշտոնում կարող է հայ նշանակվել:

«Եթե Հայաստանն ու Ադրբեջանը չհամաձայնեն այս առաջարկի հետ, մենք կճանաչենք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այնպես, ինչպես ճանաչել ենք Հարավային Օսիայինն ու Աբխազիայինը»,- հայտարարել է Ժիրինովսկին:

Բացի դա, քաղաքական գործիչը հայտարարել է, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Մենք չենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Եթե ճանաչենք, ապա մեր հարաբերությունները Հայաստանի հետ կփչանան: Հայաստանը մեզ պետք է որպես Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց: Ադրբեջանը խանգարում է Թուրքիային: Եթե Թուրքիա չլիներ, Ղարաբաղյան հարցը լուծված կլիներ: Թուրքիան մեծ երկիր է, ՆԱՏՕ-ի անդամ: Նա ուժեղ բանակ ունի: Հայաստանը պաշտպանում է մեր սահմանը Թուրքիայից: Հենց այդ պատճառով Հայաստանը պետք է մեզ»:

Միաժամանակ Ժիրինոկվսկին խոսել է Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի մասին` իր հավանությունը տալով նախաձեռնությանը:

«Մենք նման օրենք չունենք: Նման օրենքի ընդունման նախաձեռնություն առաջ քաշելով` մենք չենք ուզում գրգռել Ադրբեջանին և Հայաստանին: Ապրեք` ինչպես ուզում եք: Դուք լավ ապրում էիք ԽՍՀՄ կազմում, իսկ երբ դուրս եկաք նրա կազմից, սկսեցիք կռվել իրար դեմ: Ես արևելագետ եմ, դեռ 20 տարի առաջ էի ասում այս խոսքերը: Իսրայելի պատերազմն արաբների հետ երբեք չի ավարտվի: Նույնը կարելի է ասել և Հայաստանի ու Ադրբեջանի համար: Այս խնդիրը կարող է լուծել միայն ու միայն Ռուսաստանը: Ես պատերազմ չեմ ցանկանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև: ԵԱՀԿ Մինսկի Խումբը, Ֆրանսիան և այլք երբեք չեն կարողանա օգնել լուծել խնդիրը: Մենք երբեք Հայաստանին մենակ չենք թողնի, որովհետև Թուրքիան ուղղակիորեն սպառնում է մեզ: Ձեզ հայտնի՞ է Թուրքիայի 3-րդ ցամաքային բանակի մասին: Նրանք ցանկանում են զավթել Կովկասը, Վորոնեժը,Վոլգոգրադը և Ռոստովը: Մենք չենք կարող թույլ տալ դա»,- եզրափակել է նա: