2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ռուսաստանցի հայերը խնդրում են վերացնել Վրաստանի հետ վիզային ռեժիմը

Նրանից հետո, երբ Վրաստանը միակողմանի չեղյալ համարեց Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը, Ռուսաստանի ջավախահայերի միությունը դիմել է Ռուսաստանի իշխանություններին` Վրաստանի քաղաքացիների համար նմանատիպ որոշում կայացնելու խնդրանքով:

«Մինչ 2000 թվականի ավարտը, Վրաստանի և Ռուսաստանի միջև առանց վիզայի ռեժիմ էր գործում: Այնուհետև, որոշակի օբյեկտիվ պատճառներով, վիզային ռեժիմ մտցվեց երկու հարևան երկրների միջև: Իսկ օրերս Վրաստանը միակողմանի կարգով վերացրել է վիզային ռեժիմը Ռուսաստանի քաղաքացիների համար: Այդ լուրը հուսադրել է և ոգևորել շատ հասարակ և խաղաղ բնակիչների: Մեր հասարակական կազմակերպությունը նույնպես միանում է և ողջունում այս որոշումը»,- ասված է Ռուսաստանի ջավախահայերի հայտարարության մեջ:

Նրանց կարծիքով` այս քայլը «կնվազեցներ Ռուսաստանի հանդեպ Վրաստանի իշխանությունների գործողությունների և հռետորաբանության ագրեսիվության աստիճանը` ակտիվացնելով փոխադարձ հումանիտար ուղղվածությունը, և առողջ տնտեսական հեռանկարները: Իսկ ամենակարևորը, դա ընդառաջ քայլ կլիներ ռուս և վրացի եղբայրական ազգերի միջև վստահելի և ջերմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ»: