Ոստիկանությունը կլոր սեղան է հրավիրում Մաշտոցի պուրակի խնդրի շուրջ
ՀՀ ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնել մարտի 17-ին, ժամը 16:30-ին կլոր սեղան հրավիրել և բացատրել իր դիրքորոշումը` կապված մարտի 14-ին Մաշտոցի պուրակում իրականացրած իր գործողությունների հետ: Հիշեցնենք, որ այդ օրը բողոքի ակցիա անցկացնող բնապահպան ակտիվիստների վրանը քանդվել և առգրավվել էր ոստիկանների կողմից:
Ոստիկանությունը կլոր սեղանի մասնակցելու համար հրավիրում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի», «Թռչկան», «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնություններին, ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչներին: Կլոր սեղանը նախատեսվում է անցկացնել ՀՀ ոստիկանության շենքում (հասցեն՝ Նալբանդյան 130):
Հրավիրող կողմը պատրաստ է քննարկել հետևյալ հարցերը.
- Ընդհանուր ազատությունը («թույլատրելի է այն ամենը, ինչն արգելված չէ օրենքով») որպես սկզբունք և իրավունք,
- «Հասարակական կարգ» և «հասարակական անվտանգություն» եզրույթների հասկացությունն ու բովանդակությունը,
- Հասարակական վայրերում վրանի/վրանների տեղադրման իրավաչափությունը,
- Ոստիկանության հայեցողության սահմանները, հարկադրանքի կիրառման նախապայմանները,
- Լարվածությունը թուլացնելու սկզբունքը ոստիկանության գործելակերպում,
- Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը և ԵԱՀԿ չափորոշիչները վերը նշված հարցերի համատեքստում: