2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Պատգամավորը սպասում է, որ իրավապահներն արձագանքեն իրեն հայհոյած մարզպետի գործողություններին

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ Սյունիքի մարզպետ,  ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանը խուլիգան է և երեկ Սյունիքի մարզում հերթական խուլիգանական վարքագիծն է ցուցադրել: Այս մասին  Epress.am-ի հետ զրույցում ասել է Փոստանջյանը և նշել է, որ մարզպետն ամեն կերպ խոչընդոտում է Սյունիքի մարզում «Ժառանգության»  մարզային նախընտրական շտաբ հիմնելուն:

«Երեկ առավոտյան Գորիսում բացված նախընտրական շտաբը նրա ճնշումների ու սպառնալիքների տակ այսօր փակվել է: Մարզպետը այնպես է ճնշել ու ահաբեկել տարածքի սեփականատիրոջը, որ այդ մարդիկ հրաժարնել են տարածքը տրամադրել «Ժառանգություն» կուսակցությանը: Նրանք՝ առանց հիմնավոր պատճառաբանությունների  այսօր մեզ խնդրել են վերադարձնել տարածքի բանալիները ու վերցնել կուսակցության  ցուցապաստառները», - նշել է Փոստանջյանը:

Պատգամավորի խոսքով` մարզպետը հսկողությունն է իրականացնում բոլոր նրանց նկատմամբ, ում հետ ինքը հանդիպումներ է ունենում:

«Ամբողջ ընթացքում տարբեր մեքենաներ հետևել են ինձ ու գրանցել, թե ում հետ եմ հանդիպել ու որտեղ են բացվել մեր գրասենյակները: Մարզպետը փորձում է իր բոլոր լծակներով ճնշել  ու ահաբեկել այդ մարդկանց, նրանց բարեկամներին՝ յուրաքանչյուրին իր ձևով», - պատմել է Փոստանջյանը և ընդգծել, որ  ինքը զանգել է  Սուրիկ Խաչատրյանին, սակայն պարզաբանում ստանալու փոխարեն արժանացել է հայոյանքների:

«Երեկոյան զանգեցի մարզպետին և ասացի, որ խնդիր է առաջացել, և մեզ ասում են, որ խնդրի առաջացման աղբյուրը դուք եք, նա լսեց ու սկսեց հայհոյել», - ասել է Փոստանջյանն ու ավելացրել, որ Ժառանգություն կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ «Ժառանգությունը» խստորեն դատապարտում է Սյունիքի մարզպետի պահվածքը, ինչպես նաև ԿԸՀ և իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում վերը նշված փաստի վրա և պահանջում ապահովել բոլոր քաղաքական ուժերի համար նախընտրական մրցակցային հավասար պայմաններ:

«Սպասում ենք` ՀՀ իրավապահ մարմինները համապատասխան արձագանք տան խուլիգան մարզպետի կողմից իրականացվող բոլոր  գործողություններին», - եզրափակել է Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը մի քանի ամիս առաջ հայտնվել էր սկանդալային պատմության մեջ, երբ «Մարիոթ» հյուրանոցում հարվածել էր գործարար Սիլվա Համբարձումյանին: ՀՀԿ-ական գործարան իր այդ արարքի համար չպատժվեց: Նախաքննությունը եկել է այն եզրակացության, որ մարզպետի արարքն իր մեջ չի պարունակում ծեծի հատկանիշներ՝ իր «եզակիության և նվազ կարևորության պատճառով, քանի որ քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է  ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը»: