2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Իսագուլյանը տեղյակ չէր, որ իրեն ազատել են պաշտոնից

Ազգային ժողովում ՀՀ նախագահի արդեն նախկին պաշտոնական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը երեկ չի իմացել, որ ազատված է պաշտոնից, չնայած այդ մասին մամուլի հաղորդագրություն է տարածվել: Երեկ երեկոյան Գառնիկ Իսագուլյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Վիկտոր Դալլաքյանը, իսկ «Հայկական ժամանակ» օրաթերթը փորձել է մեկնաբանություն ստանալ Իսագուլյանից:

Վերջինս հարցրել է, թե որտեղ է դա ձևակերպված, և, լսելով, որ նախագահականից մամուլի հաղորդագրություն է տարածվել, խնդրել է ընթերցել այն:

Ընթերցելուց հետո նա հայտարարել է, որ եթե «պաշտոնական հրամանագրերը ստացել եք, կարոք եք արձանագրել»:

Թերթի թղթակցի այն հարցին, թե ինչպես էր Իսագուլյանն ավելի վաղ պնդում, որ նման բան հնարավոր չի, պաշտոնյան պատասխանել է:

«Հիմա էլ եմ ասում, ես պաշտոնական որևէ բան չեմ ստացել... Չգիտեմ՝ ինձ հեռախոսով կարդացիք: Երբ պաշտոնականը կստանամ, ձեզ անպայման կասեմ»:

Նշենք, որ Գառնիկ Իսագուլյանը Սերժ Սարգսյանի նախագահության օրոք զբաղեցրել է վերոնշյալ պաշտոնը, իսկ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ եղել է վերջինիս անվտանգության հարցերով խորհրդականը:

Լուսանկարը՝ azatutyun.am