2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Ձևացնելն ավելի վատ է, քան չունենալը. Վարդան Օսկանյանը՝ Սերժ Սարգսյանի ելույթի մասին

Հայաստանում ժողովրդավարությունը հաստատելու համար բավարար չեն «քաղաքական հարազատներին» սթափեցնելու կոչերը, այլ պետք է արդար ընտրություններ անցկացնել և  համակարգ ձևավորել, որտեղ իշխանությունները պատասխանատվություն կկրեն ոչ միայն յուրայինները, այլ ողջ ժողովրդի առջև:

Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին այսօր գրել է ԱԺ ԲՀԿ  խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը ՀՀ կառավարությունում կայացած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը քննադատության էր արժանացրել  ՀՀ վարչապետին պետական գնումների ոլորտում բացթողումների համար:

«Փաստ է, որ կառավարությունն անցած հինգ տարիներին հաջողություններ չի ունեցել: Բացթողումները միայն պետական գնումների ոլորտում չեն, այլ բոլոր ոլորտներում: Վարչապե՞տն է եղել անկարող, թե՞ նրան չեն թողել աշխատել. այս հարցի պատասխանը կարող է տալ ինքը՝ վարչապետը: Վտանգն այն է, որ մենք անընդհատ կարող ենք ձևացնել, որ ժողովրդավարական պետություն ենք, որ ունենք ազատ տնտեսություն, երբ իրականության մեջ այդպիսին չենք: Իսկ ժողովրդավարություն ու ազատ տնտեսություն ձևացնելը շատ ավելի վնասակար է պետության զարգացման համար, քան դրանց իսպառ բացակայությունը, ինչի պարագայում խաղի կանոնները շատ ավելի հստակ են», -  գրել է Օսկանյանը: