Արվեստագետները պահանջում են Թերլեմեզյանի քոլեջի տնօրեն նշանակել իրենց թեկնածուին
Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի ճակատագրով հետաքրքրվող հասարակական շարժման մասնակիցները ստորագրահավաք են սկսել՝ ուսումնարանի տնօրենի պաշտոնում Դավիթ Դավթյանին նշանակելու պահանջով: Այսօր Նկարիչների միությունում հրավիրված քննարկման ժամանակ նախաձեռնող խմբի ներկայացուցիչների կոչով ստորագրահավաքին են միացել ուսումնարանի դասախոսական կազմն ու ուսանողները, արվեստագետներ ու արվեստասերներ:
Քննարկման մասնակիցներին մտահոգում է այն հանգամանքը, որ վերջին շրջանում կրթօջախի տնօրենի պաշտոնը սկսել է փոխանցվել ժառանգաբար:
«Երկար տարիներ քոլեջը տնօրինել է լուսահոգի Սամվել Պետրոսյանը, ում հեռացրել են պաշտոնից՝ նրա փոխարեն իր քրոջ՝ Ալվարդ Պետրոսյանի որդուն՝ Նարեկ Առուշանյանին նշանակելու համար: Այդ դեպքն աղմուկ է բարձրացրել, և Պետրոսյանների ընտանեկան ինտրիգն ակնհայտորեն ստվեր է նետել քոլեջի հեղինակության վրա: Հերթական հարվածը 91-ամյա կրթօջախին հասցվել է ընդամենը վերջերս, երբ կյանքից անժամանակ հեռացած Առուշանյանի փոխարեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նրա այրին՝ արվեստի հետ ոչ մի կապ և անգամ պահանջվող մանկավարժական կրթություն չունեցող, մասնագիտությամբ կիբեռնետիկ Աննա Մնացականյանը, ով պլանավորում է զբաղեցնել այդ պաշտոնը», - Epress.am-ի հետ զրույցում ասել է նախաձեռնող խմբի անդամ Կարեն Պողոսյանը, ով նշել է, որ իրենք պատրաստվում են նույնաբովանդակ նամակ հղել ՀՀ Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանին, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ խնդրելով նրանց ուշադրության ու հսկողության տալ պահել գործընթացը:
Այսօրվա քննարկման մասնակիցներն ընդգծել են, որ իրենք պատկան մարմիններից պահանջելու են, որպեսզի սույն թվականի դեկտեմբերի 14-ին կայանալիք քոլեջի տնօրենի մրցույթն անցկացվի արդար ու թափանցիկ:
«Ոչ լեգիտիմ թեկնածուն չպետք է կարողանա մասնակցել մրցույթին: Մշակութային ոչ հեշտ ժամանակներ ապրող մեր երկրում մեծ առաքելություն է վերապահված արվեստի կրթօջախներին, որոնց ղեկավարումը չի կորող հայտնվել պատահական մարդկանց ձեռքում», - նշել է Կարեն Պողոսյանը:
Քննարկման մասնակից արվեստագետները, արվեստասերները կարծիք են հայտնել, որ իրենք տնօրենի պաշտոնում տեսնում են Դավիթ Դավթյանին և միանշանակ պաշտպանելու են նրա թեկնածությունը:
Еpress.am-ի թղթակցի ետ զրույցում Դավիթ Դավթյանն ասել է, որ ժառանգականության հարցը կապված չէ միայն Ալվարդ Պետրոսյանի կամ մեկ ուրիշի հետ:
«Հայաստանով մեկ դա կա: Մարդիկ պետք է հասկանան՝ սա կրթօջախ է: Ես երկար տարիներ աշխատում եմ, ու իմ ընկերները և ուսանողները լավ գիտեն՝ ինչ է պետք՝ որակը պահելու համար: Դրա համար ինձ առաջարկել են, ես էլ սիրով համաձայնել եմ, քանի որ այս կրթօջախը դարձել է իմ տունը, հիմա էլ ուզում են շարունակել աշխատել», - ասել է Դավթյանը:
Դավիթ Դավթյան
Հիշեցնենք, որ Քոլեջում ստեղծված իրավիճակի շուրջ ավելի վաղ «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում կարծիք էր հայտնել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ում հայրը երկար տարիներ եղել է քոլեջի տնօրենը։
«Այս ամենն ինձ հիշեցնում է Թուրքմենբաշու ընտանիքի՝ զբաղեցրած աթոռը ժառանգաբար մեկը մյուսին անցնելու տխրահռչակ պատմությունը», – իր հորաքրոջ գործելաոճի մասին ասել էր Պետրոսյանը՝ հավելելով, «Ես հայր եմ կորցրել, ուսուցիչ, ընկեր և սգում եմ այդ անդառնալի կորուստը ու, անկեղծ ասած, այդ գործերով զբաղվելու ո՛չ սիրտ ունեմ և ո՛չ էլ հավես։ Կարող է և ծրագրավորողն էլ արվեստասեր լինի, և կիբեռնետիկը հասկանա արվեստից։ Մենք կարծես թե ուրիշ բանից ենք խոսում, կերպարվեստ ուսուցանելու հետ արվեստասիրությունն այնքան էլ կապ չունի։ Սա այդ դեպքը չէ։ Իսկ Թերլեմեզյանի ուսումնարանը կերպարվեստի ուսուցման հենց հիմքն է։ Ավելին ասել չեմ կարող։ Խնդիրը շատ լուրջ է, և կարծում եմ, որ շատ լուրջ վերաբերմունք է պահանջում: Կարող եմ անկեղծորեն զարմանալ, որ տիկին Աննա Մնացականյանի սկեսուրն այդքան եռանդ և էներգիա ունի, որ դեռ «շախմատ» է խաղում»։
Գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի ԺՊ Աննա Մնացականյանը թերթի հետ զրույցում ասել էր, որ իր դեմ բողոքում է ընդամենը մի փոքր խումբ։
«Եկեք ուսումնարան և տեսեք, թե ինչքանով է կազմակերպված կամ անկազմակերպ իրավիճակը քոլեջում։ Մի փոքրաթիվ մարդկանց խումբ, որոնք անընդհատ հիշեցնում են իմ առաջին մասնագիտությունը, բայց երկրորդ մասնագիտության մասին մոռանում են»,– ասել էր Մնացականյանը:


