2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Նիստը հետաձգվեց մեղադրյալի բացակայության պատճառով. նա դատարանի բակում էր

Այսօր Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  Հելսինկյան ասոցիացիայի անդամ, իրավապաշտպան Արման Վեզիրյանի գործով մեղադրականի և վճռի հրապարակումը հետաձգվել է մյուս մեղադրյալի՝ Տիգրան Մանուկյանի և նրա պաշտպանի բացակայության պատճառով:

Դատարանից դուրս գալուց հետո Epress.am-ի թղթակիցը, սակայն, դատարանի շենքի բակում նկատել է Մանուկյանին: Հարցին, թե ինչու նա նիստերի դահլիճում չէ, Մանուկյանը պատասխանել է. «Գիտեի՝ նիստը ժամը 16.00-ին էր նշանակված, այլ ոչ թե 15.00-ին»: Թե ինչու է մեկ ժամ շուտ եկել դատարան, Մանուկյանը չի մանրամասնել:

Հիշեցնենք, որ դեռ նախորդ դատական նիստին պետք է հրապարակվեր մեղցադրականը և գործով վճիռը, սակայն դատավոր Նելլի Բաղդասարյանը հետաձգել էր նիստը՝ բավարարելով  դատախազ Աբրահամյանի միջնորդությունը: Որոշման հիմքում ընկած էր այն փաստը, որ նման գործ, որտեղ ծեծկռտուք կա, սակայն չկա տուժող, իրավական առումով դժվար է քննել, ուստի անհրաժեշտ է սպասել նման այլ գործով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման կայացմանը:

Այսօր Արման Վեզիրյանի փաստաբան Անի Թորոսյանը Epress.am-ի հետ զրույցում հայտնել է, որ նախադեպային վճիռը կայացվել է: Համաձայն Վճռաբեկի որոշման՝ մեկ հարվածը չի համարվել ծեծ, իսկ այդ տրամաբանությունը ենթադրում է, որ  Արման Վեզիրյանի ենթադրյալ արարքում ևս հանցակազմը բացակայում է:

Հիշեցնենք, որ գործը վերաբերում է ապրիլի 30-ին, ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցած միջադեպին: Սեդրակ Սարգսյանի փողոցում թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ-ի թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբի ակտիվիստները քարոզչանյութեր են բաժանելիս եղել և բուկլետներից մեկը դրել են տներից մեկի մուտքի մոտ: Տանից դուրս է եկել Տիգրան Մանուկյանը և սկսել է բղավել` «էսի հըլը վեկալեք ու ռադ ըլեք ստեղից»: Բուկլետ դնող երիտասարդը ներողություն է խնդրել, իսկ միջադեպի վայրում ներկա Արման Վեզիրյանը, ով որպես դիտորդ հետևում էր քարոզարշավի ընթացքին, մոտեցել է բուկլետը վերցնելու համար: Վեզիրյանի և բուկլետները բաժանող ակտիվիստների խոսքով՝ այդ պահին տղամարդը հարվածել է դիտորդի դեմքին, որի հետևանքով նրա աչքի տակ այտուցվել է: Երկու ամբաստանյալների դեմ էլ գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ):

Նշենք, որ Մանուկյանը բողոքել է միայն այն բանից հետո, երբ իրավապաշտպանի դիմումի հիման վրա իր դեմ ևս գործ է հարուցվել՝ նշելով, թե Վեզիրյանը նույնպես իրեն հարվածել է, սակայն ինքը տուժող չի հանդիսանում:

Իրավապաշտպանը հերքում է այդ մեղադրանքը:

Լուսանկարը՝ Iravaban.net-ի