Ինչ էր զգում աստղերին նայող կապիկը, կարելի է իմանալ Երևանում ապրիլի 5-ից
Արվեստի այլընտրանքային ամենամյա փառատոնի շրջանակներում ապրիլի 5-ից մայիսի 25-ը ՆՓԱԿ-ում տեղի կունենա «Ազատագրի ժամանակը» ցուցադրությունը:
Համադրող Սոնա Աբգարյանը ցուցահանդեսի կապակցությամբ գրում է.
«Ազատ ժամանակը ստեղծարարության սկիզբն է:
Աստղերին նայող կապիկը զգում էր դա:
Առօրյա հոգսերից և կոպիտ համակարգից հոգնած նախամարդը նկարեց քարանձավում: Դա ազատության բանաձևի բացահայտումն էր, որ հետո դառնալու էր պայքարի ձև, գաղափար, գործողություն:
Ստեղծագործական պրոցեսը հարված է սահմանափակող համակարգին և այդ համակարգը սատարողներին:
Արվեստը դուրս է շահագործումից, մրցակցությունից, հավերժ մնալու ձգտումից: Այն ուսումնասիրությունների և անկաշկանդ արտահայտվելու տարածք է, որը շարունակում է մնալ դինամիկ և անկանխատեսելի: Ստեղծագործողը նման է հրաշագործի, ով հազարամյակներ շարունակ պայքար է մղում զավթված ժամանակն ազատագրելու համար»:
Նորարար փորձառական արվեստի կենտրոնի հասցեն է. Երևան, Փավստոս Բուզանդի փող., 1/3 շենք: