2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Հայռուսգազարդի» խոսնակը համաձայն է, որ գազը թանկանա, բայց «կարողանանք ապահովել երկրի անվատանգությունը»

Գազի սակագնի բարձրացումից հետո «Հայռուսգազարդի» աշխատակիցների աշխատավարձերը բարձրանալու են: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Facebook-յան ասուլիս» հաղորդման ժամանակ ասել է ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը:

Ընկերությունում աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ բազում հարցերին ի պատասխան՝ Սարդարյանն ասել է. «Ո՞ւմ դեմ ենք մենք բողոքում՝ 6000 ընտանիքների՞:  Եթե ընկերությունում 6 հոգի բարձր աշխատավարձ է ստանում, չի նշանակում, որ բարձր են բոլորի աշխատավարձերը: Մենք ներկայացրել ենք հայտ՝ միջինը 200.000 դրամի աշխատավարձ սահմանելու մասին: Եթե դրանից հանենք 26% հարկվող մասը, մնում է 150.000 կարգի գումար:  Հաշվի առնելով գնաճը՝ չգիտեմ՝ բա՞րձր է այդ աշխատավարձը, թե ոչ»:

Խոսնակը հերքել է, որ «Հայռուսգազարդը» գերշահույթներ է սանում: Ըստ նրա՝ ընկերությունը 8% շահույթ է ստանում, ինչը «Գազպրոմի» ընկերությունների շրջանում ամենացածր շահույթն է:

Խոսելով գազի սակագնի բարձրացման մասին՝ Սարդարյանը խորհուրդ է տվել չմոռանալ, որ 2010 թվականին, երբ վերջին անգամ «Հայռուսգազարդը» սակագնի վերանայման հարցը բարձրացրեց, գնի փոփոխություն չի եղել:

«Մենք ասել ենք, որ մենք ունենք երկարաժամկետ պայմանագիր, որը գնի աստիճանական բարձրացում է ենթադրում»,- ասել է նա:

Հարցին, թե արդյոք ոլորտի մենաշնորհին տիրապետելն է «Հայռուսգազարդին» թանկացումներ անելու հնարավորություն տալիս, Շուշան Սարդարյանը պատասխանել է. «Բնական մոնոպոլիաները գին թելադրող չեն, գինը որոշվում է պետության կողմից»:

Ինչպե՞ս են մարդիկ կարողանալու գազի նման բարձր գին վճարել հարցին Սարդարյանը պատասխանել է. «Ես հարցին կարող եմ պատասխանել որպես ՀՀ քաղաքացի: Այո, համաձայն եմ, որ 10-20 դրամով թանկ լինի, սակայն կարողանանք ապահովել երկրի անվատանգությունը և պատրաստ լինենք ցանկացած մարտահրավերի դիմակայել, ինչից ապահովագրված չենք այս տարածաշրջանում»: