2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հայաստանը Վենետիկի 55-րդ Բիենալեին. Միացնել ազգայինը, հոգևորը և մոդեռնը

Արվեստագետ Արման Գրիգորյանը Վենետիկի 55-րդ Միջազգային Բիենալեի հայաստանյան տաղավարի համադրողն է, նա ներկայացրել էր Արարատ Սարգսյանի «Տղա Դավթի ու աղջիկ Խանդութի հեքիաթը» նախագիծը: Epress.am-ի հետ զրույցում Արմանը պատմում է արվեստագետի ընտրության տրամաբանության, ժամանակակից արվեսի ընկալման, մեծ փողերի և այլնի մասին:

ինչո՞ւ Արարատ Սարգսյանը

- Իմ համար այս կուրատորական նախագծի կարևորությունը այն է, որ խոսակցություն բացվի ժամանակակից արվեստի մասին: Արարատ Սարգսյանն ուներ «Տղա Դավթի ու աղջիկ Խանդութի հեքիաթը» անունով գործ, որի ժամանակ նա օգտագործում է մարդկության պատմության մեջ կիրառված առաջին տպագրական տեխնիկան՝ թաց կավի վրա գլանաձև կնիքներով պատկերներ է ստեղծում ու միաժամանակ պատմում է Սասունցի Դավթի մասին: Ես համարում եմ, որ Սասունցի Դավիթը հայկական մոդեռնիզմի խորհրդանիշն է: Բավական է հիշել երկաթուղու կայարանի դիմաց դրված արձանը, Հայֆիլմի խորհրդանիշը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ «Սասունցի Դավիթ» տանկային դիվիզիան: Մի խոսքով՝ Սասունցի Դավիթը հայկական՝ ավելի ճիշտ խորհրդահայկական խորհրդանիշ է, քանի որ Ստալինի դրդմամբ նշվեց առասպելի 1000-ամյակը և սիմվոլացվեց՝ դառնալով հայկական ինդուստրիալիզմի խորհրդանիշ: Եվ այն մինչև այսօր շարունակում է մնալ այդպիսի տոտալացնող միֆ: Հայկական մոդեռնիզմը սկսվել է Սուրբ Ղազար կղզուց, և, կարևոր էր նաև, որ Սուրբ Ղազարում են հրատարակվել առաջին հայերեն գրքերը. գիտեք երևի, որ Մոդեռնիզմի սկզբնավորումն ընդհանրապես կապվում է գրահրատարակչության հետ, հետևաբար այս նախագիծը, իհարկե, պետք էր ցուցադրել տպագրական մեքենաների թանգարանում: 

Ջալոյան Վարդանը, օրինակ, ով արվեստաբան է և մեր կատալոգի մեջ հիմնական տեքստի հեղինակն է, Արարատ Սարգսյանին պոստմոդեռնիստ է համարում: Ես «պոստմոդեռն» տերմինը չեմ օգտագործում, քանի որ համարում եմ, որ Մոդեռն ժամանակաշրջանը շարունակվում է: «Տղա Դավթի և աղջիկ Խանդութի» նախագծի մեջ տեսնում եմ միֆի անհատական վերապրումի հնարավորություն:

Պատահական չէր, որ նախագահական ընտրություններից առաջ մի ինժեներ, որը պարզվեց երկրորդ նախագահի խորհրդականն էր եղել, ներկայացավ ընտրություններին իբրև «Սասունցի Դավիթ» էպոսի մասնագետ: Եվ այս քաղաքական կոնտեքստի մեջ ինձ համար շատ կարևոր էր ժամանակակից արվեստի միջոցով մի քանի շերտերի մոտենալ՝ մշակութաբանական, քաղաքական և արվեստային: Ժամանակակից արվեստը Հայաստանում չի ինստիտուցիոնալիզացվում, որովհետև կեղծ հակադրություններ են ստեղծվում ժամանակակից արվեստի, հոգևորի և ազգայինի միջև: Այս կարծրատիպը ես ուզում եմ վիճարկել: Վենետիկի Բիենալեն շատ լավ առիթ էր դրա համար: Բերեմ մեկ օրինակ. Բիենալեի կատալոգի ու գովազդային պաստառների վրա պատկերված է Ռուդոլֆ Շտայների գործը, իսկ մեր շատ համալսարանական մտավորականներ հենց Շտայներով են փորձում հարձակվել ժամանակակից արվեստի վրա:

Շատ կարևոր է նաև, թե ինչպես է Արարատը վերամեկնաբանել այդ հեքիաթը. նախ խնդրել է բանաստեղծ Ռոզա Հովհաննիսյանին վերածել պատմությունը գյումրու խոսվածքի՝ փոխելով լեզում իրեն ավելի հարազատ բարբառի, դարձնելով այն ավելի մարդամոտ և անտրոպոմետրիկ: Հիմնական շեշտը տեղափոխելով հոր կամքին ընդիմանալու, ինչպես նաև կնոջ և տղամարդու հավասարության վրա:

Ինչու՞ է ժամանակակից արվեստը կապվում մեծ փողերի հետ

- Ես ուզում եմ մի օրինակ բերել, երբ դուք Ազգային պատկերասրահից հետո այցելում եք Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան, վերջինս ակնհայտորեն աղքատիկության տպավորություն է թողնում: Դրա հիմնական պատճառը Ժամանակակից արվեստի թանգարանի մեկուսացված վիճակն է. այնտեղ բացակայում է այսօրվա աշխարհը: Աղքատությունը ֆինանսների քչության հետ չի կապված, այլ մտածողության սահմանափակության, հասարակությանը հուզող հարցերից խուսափելու հետ: Պատկերասրահում դուք կարող եք տեսնել արվեստի գործեր ամբողջ աշխարհից, որոնք իրենց ստեղծման պահին ակտուալ են եղել: Հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում ժամանակակից արվեստը մի տեսակ մարգինալացված է:

Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուի մեջ ներկայացված են միայն  հայաստանցիների և որոշ սփյուռքահայ արվեստագետների աշխատանքներ: Սա պրոբլեմ է, և չեմ կարծում, որ կապված է միայն ֆինանսների բացակայության հետ: Այս տարվա բիենալեում կային այնպիսի տաղավարներ, որոնք փողերի ու հարստության հետ էին առնչվում, օրինակ, Ռուսաստանի տաղավարը, ուր առաստաղից անընդհատ անձրևի նման ոսկեդրամներ էին թափվում, ինչը անլուրջ և ցինիկ տպավորություն էր թողնում: Գործը խաղարկում էր հելենական «Դանայայի» միֆը, սակայն պարզ չէր, թե այս գլամուռ նախագիծը ինչ կապ ունի Ռուսաստանում ընթացող հասարակական պրոցեսների հետ: Ես այդ կապը չտեսա և հասկացա, որ նրանք շարունակում են իրենց ԿաՎեէՆ-ային մշակույթը. նրանք ծիծաղում ու ծաղրում են իրենց աղքատությունը, ժամանակակից արվեստի աշխարհից կտրվածությունը:

Ժամանակակից արվեստը իբրև մեծ փողերով ցուցադրություններ կազմակերպելու տեղի ընկալման վառ օրինակն էր նաև Ադրբեջանի տաղավարը, ուր հսկայական փողեր էին ներդրվել, ամեն տեղ իրենց գովազդն էր... Գիտեմ, որ մեզ մոտ դա մրցակցության զգացողություն է առջացնելու: Բայց համոզված եմ, որ այդ փողային ներդրումները մեր հարևանների համար Ժամանակակից արվեստի մարգինալացվածության հարցը չեն լուծելու: Միգուցե, Ուկրաինայում կստացվի, բայց արդյոք կստացվի Ադրբեջանում, դժվարանում եմ ասել: Նման փորձ արվել էր Իրանում 70-ականներին և անհաջող է անցել: Էնդի Ուորհոլը և շատ այլ հայտնի մարդիկ փորձում էին Թեհրանում ժամանակակից արվեստի թանգարան ստեղծել, նրանք էլ մասնակցեցին Վենետիկի Բիենալեին՝ ի դեպ առաջին համադրողը Մարկոս Գրիգորյանն էր, բայց հետո վրա հասավ իսլամական հեղափոխությունը:

Ես ցանկանում էի Վենետիկի Բիենալեի շրջանակներում իրականացնել մի նախագիծ, որը նշանակություն կունենար Հայաստանի համար, այլ ոչ թե սովետական մտավորականության նման Երևանում նստած օկուլտիստական զրույցներ վարել, ասենք, Ժիժեկի հետ: Ես կարծում եմ, որ մեր նախագիծը մարտահրավեր է գլամուռային պատկերացումներին, այն խոսակցություն է բացում մեզ հուզող խորքային հարցերի շուրջ, հենց թեկուզ Մոդեռն աշխարհի ճգնաժամի և այն հաղթահարելու ու շարունակելու առումով:

Լևոն Զուրաբյանի հարցը

- Երեկ Լևոն Զուրաբյանն ինձ հարցրեց, թե ինչպես իշխանությունները վստահեցին ընդդիմադիր արվեստագետին համադրել Վենետիկի Բիենալեի հայկական տաղավարը: Ես բացատրեցի, որ ժամանակակից արվեստը չի կարող ստեղծել ոչ ընդդիմադիրը: Իմ կուսակցական պատկանելությունը հարց չի առաջացրել:

Լինելով Կոնգրեսի անդամ՝ շատ կարևոր եմ համարում մոդեռնի մասին խոսակցությունը, որովհետև 2008-ից սկսած մեր շարժումը անընդհատ բախվում է հենց հոգևորի, ազգայինի և մոդեռնի միջև ստեղծված կեղծ հակադրություններին: Այդ սուտ հակադրությունները հնարվել են շատ վաղուց, պատմաբան Հակոբ Նազարեթյանը պնդում է, որ դա Նապոլեոնի արշավանքների դեմ գերմանական, իսկ հետո նաև ռուս մտածողների կողմից սարքված կոնստռուկցիաներ են, որով նրանք փորձում էին դիմադրել մոդեռնին, պահպանելու համար ավատատիրական համակարգը: Այս կեղծ պատկերացումն էլ ավելի զարգացրեց Ստալինը, հետո Բրեժնևը:

Երբ Մոդեռնը հակադրվում է ազգայինին և հոգևորին, երկիրը ինչպես նաև նրա արվեստը դադարում է Ժամանակակից լինելուց ու հասարակությանը աղքատության է դատապարտում:

Մոդեռնը՝ ազատության, հավասարության և համերաշխության խոստումն է, որը մինչև այսօր էլ ակտուալ է մնում: Այսինքն՝ քաղաքացիական այն արժեքները, որոնք մենք բարձրաձայնում ենք ու որի համար պայքարում ենք: