2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Խաբված բնակարանատերերի գործով վկաները դատարան չեն գալիս. նրանց կարող են բերման ենթարկել

Մի քնաի վկաներ այսօր չեն ներկայացել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ կայացել է խաբված բնակարանատերերի աղմկահայրույց գործով հերթական նիստը: Հիշեցնենք, որ   ընկերությունները Երևանի կենտրոնում էլիտար կառուցված էլիտար շենքերի բնակարանները մի քնաի անգամ են վերավաճառել:

Մեղադրյալների աթոռին են «Գապբնակշին», «Նարեկ-Դավիթ», «Նարեկգրադ» ընկերությունների տնօրեն Գագիկ Պապոյանը և «Գապբնակշին» ընկերության փոխտնօրեն Սիմոն Աղազարյանը, ովքեր, ըստ մեղադրանքի, խաբեությամբ ու վստահությունը չարաշահելով, բնակարաններ վաճառելու պատրվակով, հափշտակել են բազմաթիվ քաղաքացիների առանձնապես խոշոր չափերի` համապատասխանաբար 10 միլիարդ 202 միլիոն դրամ արժողությամբ գույքը և 1 միլիարդ 253 միլիոն ՀՀ դրամ:

Գագիկ Պապոյանը 172 բնակարանի համար մոտ 700 առուծախի պայմանագիր է կնքել՝ յուրաքանչյուր բնակարանը մի քանի անգամ վերավաճառելով: Նա խոստացել է շենքը շահագործման հանձնել 2008 թվականին, ինչը մինչ օրս չի արվել:

Խաբված բնակարանատեր Սոնա Մաղաքյանը (լուսանկարում) Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ  այսօրվա նիստին, ինչպես նախորդ մի քանի նիստերին, չեն ներկայացել կարևորագույն վկաները, մասնավորապես, Արտաշես Կակոյանը, փոխոստիկանապետ Հայկարամ Ստեփանյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռազմիկ Ներսիսյանը և ևս երկու վկաներ:

«Այս մարդիկ ստորագրել են կեղծ փաստաթղթեր: Եվ այս էլիտար վկաները չեն գալիս դատարան»,- ասել է Սոնա Մաղաքյանը:

Նրա խոսքով՝ տուժող կողմը միջնորդել է, որպեսզի դատավոր Արշակ Վարդանյանը այլևս չբավարարվի վկաներին ծանուցելով, այլ հարկադիրի օգնությամբ վկաներին բերման ենթարկի դատարան:

Դատավորն ասել է, որ հարկավոր է ևս մեկ նիստ սպասել, ապա, վկաների չներկայանալու դեպքում, միջնորդությունը կընդունի:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա  հունիսի 26-ին՝ ժամը 12.30-ին: