«Ջանքերն օգուտ չտվեցին». Երևանի նախկին ճարտարապետը՝ Փակ շուկայի մասին
Կառավարությանն առընթեր Ճարտապետության պետական կոմիտեի նախագահ, Երևանի նախկին ճարտարապետ Նարեկ Սարգսյանը կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է «Փակ շուկայի» խնդրին:
«Հուշարձանն աղճատված է, բազմաթիվ ջանքերը օգուտ չտվեցին»,- ասել է Սարգսյանը:
Նա նշել է, թե հարցը պետք է մնա օրակարգում, մինչև փորձեն այլ լուծումներ գտնել:
«Չեմ կարծում, թե հարցը պետք է փակված մնա», - ասել է նա:
Նախկին գլխավոր ճարտարապետը պատմել է, թե նման նախագիծ չի համաձայնեցվել, այսինքն՝ բերվել է, սակայն մերժվել է:
«Կամարների 50 տոկոսը մնացել է, ոչինչ չի փոխվել, մյուս 50-ը, որտեղ հարկեր են ավելացվել, քանդված են: Ինքը (ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյան, ում ընտանիքին է պատկանում «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը – խմբ.) ունեցել էր թույլտվություն, միայն հետևի մասում, որտեղ մսի պասաժն էին, հարկեր է կառուցել», - ասել է Սարգսյանը:
Թե ո՞րն է լինելու Փակ շուկայի հետագա ճակատագիրը, Սարգսյանն այս պահին դժվարացել է պատասխանել:
«Խնդիրն էնպիսի խնդիր է, որտեղ ես որևիցե պատասխան կամ արդարացում չեմ կարող ասել», - եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ այսօր «Փակ շուկայի» պաշտպանության համար ստեղծված քաղաքացիական նախաձեռնության անդամները հայտարարել են, որ անհնազանդության տարբեր միջոցներով ազատագրելու են հուշարձանը Սամվել Ալեքսանյանից: