2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Վկան չի ասել՝ ով է իրեն հայտնել ծեծի մասին. «բանակային գործի» դատավարությունը շարունակվում է

Փաստաբանը պահանջել է «բանակային գործի» ապացույցների շարքից հանել վկայի ցուցմունքը, ով դատարան չի ներկայացել:

«Մեհրաբ» զորամասի երեք զինծառայողների կողմից իրենց վերադասի նկատմամբ բռնություն կիրառելու գործով հերթական դատական նիստն անցկացվել է այսօր՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Ըստ մեղադրանքի՝ զինծառայող եղբայրներ Կառլեն և Արտակ Սարգսյանները ու Մանուկ Մարգարյանը ծեծի են ենթարկել լեյտենանտ Դավիթ Մկրտչյանին: Մեղադրյալները պնդում են, թե Մկրտչյանն առաջինն է հարվածել, որից հետո Կառլենը մեկ պատասխան հարված է հասցրել, իսկ մյուս երկու զինծառայողները փորձել են հաշտեցնել նրանց:

Այս փուլում ուսումնասիրվում են տղաների դեմ ցուցմունքները, որոնք որպես ապացույց կան գործում: Այսօրվա նիստում պետք է անդրադարձ կատարվեր երկու վկաների ցուցմունքներին: Քանի որ վկաներից ոչ մեկին չի հաջողվել դատարան կանչել, նիստում հրապարակվել է նրանցից մեկի նախաքննական ցուցմունքը, իսկ մյուսինը կհրապարակվի հաջորդ նիստին, եթե ծանուցում ստացվի նրա՝ հանրապետությունում չլինելու մասին:

Հրապարակված նախաքննական ցուցմունքում զորամասում ծառայող Արթուր Վարդանյանը նշել է, որ իրեն ասել են, թե եղբայրները ծեծել են Մկրտչյանին: Սա դիտվել է որպես ապացույց, իսկ Սարգսյանների փաստաբան Անի Թորոսյանը պահանջել է հանել դա ապացույցների շարքից, քանի որ վկան չի նշել, թե ով է իրեն հայտնել ծեծի մասին: Բացի դա, Թորոսյանի խոսքով, վկան չի ներկայացել դատարան, և ամբաստանյալները զրկված են նրան հարցեր ուղղելու իրավունքից, ինչը Մարդու իրավունքների կոնվենցիայի խախտում է:

Դատավորը նշել է, որ այդ միջնորդությանը կանդրադառնա վճռի հրապարակման ժամանակ:

Նշենք, որ նախորդ նիստում մի քանի վկաներ հրաժարվել էին իրենց նախաքննական ցուցմունքներից՝ ասելով, որ քննիչը դրանք կեղծել է կամ ստիպել է սուտ ցուցմունք տալ: