Ծատուրյանին իշխանություններին քննադատելու համար պաշտոնանկ կանե՞ն
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանին պատրաստվում են պաշտոնանկ անել երկրում առկա իրավիճակի մասին իր կարծիքն արտահայտելու համար, իր այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Հոկտեմբերի 14-ին Ծատուրյանը «Գալա» հեռուստաընկերության հետ զրույցում տարակուսել էր, թե որքան կարելի է լռել, ապա գործող իշխանություններին, չցանկանալով ղեկավար անվանել, որակել էր «գեղացի, բութ, ափեղ-ցփեղ» մարդիկ: Խոսելով խաղատանը Սերժ Սարգսյանի տանուլ տված 70 մլն եվրոյի մասին՝ Ծատուրյանն ասել է. «Մեր նախագահը չպիտի խաղա: Երբ հարուստ լինենք, թող 700 մլն տարվի»:
Ամենադաժան քննադատությանը ենթարկել է կաթողիկոսին. «Օլիգարխ Գարեգին 2-րդ: Նա այլանդակություն է, իսկական սատանա... Բա էն Կճոյան է, զահրումար է...»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 20-րոպեանոց այս հարցազրույցի տեսագրությունը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն անձամբ է դիսկով փոխանցել մշակույթի նախարարին, նա էլ այն ուղարկել է կաթողիկոսին, որն իր հերթին վրդովված զանգահարել է Սերժ Սարգսյանին և դժգոհել:
«Սարգսյանն էլ ամենաօպերատիվ կերպով իր աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին հրահանգել է լուծել Ծատուրյանի հարցերը: Այս Սարգսյանն անմիջապես կապվել է ՀՀ մշակույթի նախարարի հետ՝ հրահանգելով աշխատանքից ազատել Ծատուրյանին: Հասմիկ Պողոսյանը ժողովրդական արտիստին իր մոտ է հրավիրել, սակայն փոշմանել է ու չի ընդունել՝ հասկացնելով, թե ավելի լավ է՝ ազատման դիմում գրի: Մեր տեղեկություններով՝ Ծատուրյանի ղեկավարած թատրոնի դերասանները ոտքի են կանգնել եւ պատրաստ են պայքարել իրենց ղեկավարի համար՝ նշելով, որ եթե Ծատուրյանին ազատեն, իրենք եւս մեկ մարդու նման դիմում կգրեն և կհեռանան:
«Հայկական ժամանակ» օրաթերթը նույնպես անդրադարձել է խնդրին՝ զրուցելով Ծատուրյանի հետ: Ըստ ռեժիսորի՝ պաշտոնապես իրեն ոչ ոք ոչինչ չի ասել վերը նշված խնդրի մասին, և իրեն հայտնի չէր նախարարի մոտ հրավերի պատճառը։
Ինքը պատրաստվում էր նախարարի հետ խոսել նոր՝ Մոնթեի մասին ներկայացման վերաբերյալ, որին բավականին մեծ պետական աջակցություն է տրամադրվելու, և իր շնորհակալությունը հայտնել այդ կապակցությամբ։
«Այժմ արդեն Ձեզ ամուր դիրքերո՞ւմ եք զգում, թե ամեն դեպքում կասկածներ ունեք»,– թերթի թղթակիցը հետաքրրքվել է Գյումրու թատրոնի գեղարվեստական ղեկավարից։
«Համենայնդեպս, եթե ինձ ասեն՝ դիմում գրի, ես չեմ գրի, որովհետև ես թատրոնի առաջ պատասխանատվություն ունեմ, բոլորը իմ կողմից են, ես մեծ գործ ունեմ դեռ անելու: Ուզում են, թող ազատեն։ Ես ոչխար չեմ, որ դիմում գրեմ»,– պատասխանել է նա։
Հոդվածներն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ»-ի և «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարներում
Լուսանկարը՝ hy.wikipedia.org