2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել նոյեմբերին. ԵԱՀԿ ՄԽ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համաձայնել են հանդիպել նոյեմբերին: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ համանախագահները նոյեմբերի 4-ին և 5-ին Բաքվում և Երևանում հանդիպումներ են անցկացրել երկու երկրների Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարների հետ:

Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր:

«Երկու երկրների նախագահները հաստատել են 2013 թվականի նոյեմբերին հանդիպելու իրենց մտադրությունը՝ հակամարտության կարգավորման մասին իրենց դիրքորոշումները հստակեցնելու ու առաջ ընթանալու նպատակով:

Համանախագահները շարունակում են հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Նրանք կողմերին կոչ են արել զերծ մնալ որևէ գործողություններից կամ հայտարարություններից: Ռազմական գործողությունները, հատկապես այս պահին, կարող են ընկալվել որպես գործընթացին վնաս հասցնելու փորձ»,- ասվում է հայտարարության մեջ: