«Հոգեպես ամուր և հայրենասեր»․ Հայաստանի ազգային սկաուտական շարժմանն անտառ նվիրեցին
Այսօր ՀՀ կառավարությունը որոշել է Երևանի վարչական սահմանում գտնվող 3 հեկտար անտառային հողը անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրել «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությանը։ Կառավարության կայքի համաձայն, «Հայաստանի ազգային սկաուտական շարժումը» մանկապատանեկան, երիտասարդական, կամավորական, արտադպրոցական, ապաքաղաքական և ապառազմական կազմակերպություն է և «նպատակ ունի դաստիարակել պատասխանատու, գիտակից, հասարակայնորեն ակտիվ, հոգեպես ամուր, հայրենասեր երիտասարդ սերունդ»:
Վերջին տարիներին ՀԿ-ին են տրամադրվել մեկ հանգստյան տուն, խաղահրապարակ կառուցելու հողամաս, որտեղ կազմակերպությունն իրականացրել է շինարարական աշխատանքներ, ստեղծել 600 անձի հաշվարկով միջոցառումներ անցկացնելու հնարավորություն:
«Մենք պետք է մեր գոհունակությունը հայտնենք այս կազմակերպությանը՝ նախկինում կատարած աշխատանքի համար, - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: - Ուսումնասիրելով նրանց փորձը, այցելելով այդ ճամբարներ, տեսնում ենք, որ շատ ազգանվեր գործ են անում, ուստի վստահ ենք, որ այս որոշումը ճիշտ է»:
Կառավարությունը վստահություն է հայտնում, որ նոր հողատարածքի տրամադրմամբ ՀԿ-ն առավել արդյունավետ կկազմակերպի իր գործունեությունը: