Ինչու Սյունիքում չընդվզեցին Սուրիկ Խաչատրյանի նշանակման դեմ․ «ՀԺ»
Սյունեցին իրատես է և շատ լավ հասկանում է, որ Հայաստանում ձևավորված քրեաթալանչիական համակարգի որևէ անձի փոփոխությամբ էական ոչինչ չի փոխվի։ Համակարգը ամբողջությամբ պետք է կազմաքանդվի և նորը կառուցվի։ Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է «Կապան» քաղաքացիական շարժման համակարգող Գագիկ Ղահրամանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու սյունեցիները չընդվզեցին Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակման դեմ։
«Սյունեցին, ինչպես և Հայաստանի մյուս մարզերի բնակիչը, հեռացել է առօրյա հոգսերի տիրույթ և լուռ անհամբերությամբ սպասում է համահայկական ընդվզմանը», ֊ ասել է Ղահրամանյանը։
Նա նշել է, որ իրենք նշանակման դեմ բողոքի հայտարարությամբ են հանդես եկել և ստորագրահավաք նախաձեռնել պարզապես հանրության մի հատվածի հստակ դիրքորոշումը արտահայտելու կապակցությամբ։ Ղահրամանյանն ընդգծել է, որ իրենք անգամ չեն պատրաստվում ստորագրահավաքի արդյունքները ուղարկել նախագահական նստավայր, որովհետև «Սերժ Սարգսյանը վաղուց անհաղորդ և անտարբեր է ժողովրդի մտահոգություններին և ակնկալիքներին, ուստի այն ուղարկելն անիմաստ է»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «ՀԺ»֊ի այսօրվա համարում