2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

ԵԽԽՎ֊ում Հայաստանին կոչ են արել պայքարել սեռական կողմնորոշման հիմքով խտրականության դեմ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բելգիացի պատվիրակ Պետրա դե Սուտերը հունվարի 28-ին ԵԽԽՎ֊ում «Հայաստանի իշխանություններն անպատիժ են թողնում ԼԳԲՏ անձանց դեմ ատելության սերմանումը» անունը կրող հայտարարության տեքստ է տարածել, որի տակ ստորագրել են 22 պատվիրակներ։

Հայտարարության մեջ նշվում է․ «2014 թվականի մայիսի 17֊ին «Իրավունք» թերթն իր կայքում հրապարակել է «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված։ Այն թիրախավորել էր «համասեռամոլների շահերի լոբբիստներին», որոնք փորձում են «ագրեսիվ կերպով հաստատել իրենց խաղի կանոնները մեր երկրում»: «Զրո հանդուրժողականություն» պահանջելով՝ թերթը հրապարակել էր 60 անձանց ցուցակ՝ կոչ անելով դադարեցնել նրանց հետ շփումը, չընդունել աշխատանքի և հեռացնել պետական ծառայությունից, «որպեսզի այդ լոբբիստները հնարավորություն չունենան մասնակցել մատաղ սերնդի դաստիարակությանը»:

«Իրավունք Մեդիա» ՍՊԸ գլխավոր տնօրեն Հայկ Բաբուխանյանը ՀՀ իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր է։

Իշխանություններն անպատիժ են թողել ատելության ու խտրականության նման խթանումը։ Ավելին, հոկտեմբերի 25֊ին՝ «Իրավունք» թերթի 25-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում, Բաբուխանյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։

Մենք կոչ ենք անում,

֊ այս Վեհաժողովում Հայաստանի պատվիրակներին, հատկապես՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին, իրենց գործընկերներին հասկացնել, որ պետք է զերծ մնալ ատելության ու խտրականության խթանումից,

֊ Հայաստանի իշխանություններին, անվերապահորեն դատապարտել հրահրման նման դեպքերն ու միջոցներ ձեռնարկել սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ցուցաբերվող խտրականության դեմ պայքարում Նախարարների կոմիտեի Հանձնարարականը գործադրելու ուղղությամբ»։

Նշենք, որ հայտարարությունը տարածվել է ոչ թե ԵԽԽվ֊ի անունից, այլ՝ այն պատգամավորների, ովքեր ստորագրել են դրա տակ։