Երևանում շարունակում են մերժել Տարոն Մարգարյանին (թարմացված)
12։00 Նախորդ շաբաթ մեկնարկած Երևանի ՀՀԿ֊ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ակցիաները քաղաքացիները շարունակում են նաև այսօր՝ մայիսի 14-ին։ Առավոտվանից մոտ երեք տասնյակ Երևանի բնակիչներ հավաքվել են քաղաքապետարանի մոտ և մի քանի ժամ փակել են հարակից փողոցը։ Նրանք վանկարկել են՝ «Տարո՛ն, հեռացիր»։
«ՀՀԿ-ի մի մասը տեղյակ չէ, որ երկրում հեղափոխություն է սկսել, և շարունակում են աշխատել։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ քաղաքապետարանում պետք է տեղի ունենար նիստ, որը մենք վիժեցրեցինք՝ թույլ չտվեցինք նրանք մտնեն այնտեղ», - ասել է ցույցի մասնակիցներից մեկը։
Ավելի ուշ Epress.am-ի հետ զրույցում նրանք ասել են, որ 10։30-ի սահմաններում Տարոն Մարգարյանը քաղաքպետարանի հետևի մուտքից աննկատ շենք է մտել։
«Մի մարդ, որը որ մերժված է ժողովրդի կողմից, ուղղակի ինքնասիրություն պետք է ուենենա ու գնա, առանց որևէ բոյկոտի», -ասել է ակցիայի մասնակիցներից մի կին։
Այժմ ցուցարարներն ավտոմեքենաներով շարժվում են դեպի Երևանի պետական համալսարանի գլխավոր շենք․ միտք ունեն գնալ բոլոր համալսարանները և ուսանողներին իրազեկել, որ վաղը նորից պատրաստվում են Տարոն Մարգարյանին մերժելու ակցիաները։
Նշենք, որ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով բազմամարդ ակցիա էր տեղի ունեցել մայիսի 10-ին։ Հավաքավածները փաստել էին, որ քաղաքապետի պաշտոնավարման 7 տարիների ընթացքում Երևանում հանրային տրանսպորտը գործել է քաղաքացիների և վարորդների համար նվաստացուցիչ ձևով՝ ապահովելով միայն ՀՀԿ-ամերձ գծատերերի հարստանալը, հանրային այգիներում մասշտաբային ապօրինի սրճարաններ են կառուցվել՝ վերացնելով կանաչ տարածքները, քաղաքի անտուն շները ենթարկվել են «Յունիգրաֆ Իքս» ընկերության կողմից սպանդի, հանրային խաղաղահրապարակները դարձել են վճարովի երեխաների համար:
Նույն օրը երեկոյան հաջորդ ակցիաների մասին իրազեկողներին հետապնդել և ծեծել էին։
