2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Արցախցիներին հյուրընկալողները գումար կստանան

Կառավարությունը կփոխհատուցի Ղարաբաղի՝ հայկական կողմի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին հյուրընկալած մարդկանց ծախսերը։ Վեցամսյա աջակցությունը կտրամադրվի 2020 թվականի դեկտեմբեր, 2021 թվականի հունվար-մայիս ամիսների համար։ Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա՝ դեկտեմբերի 3-ի նիստին։

Սոցիալական աջակցությունը կտրամադրվի ամենամսյա դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր չափահասի հաշվարկով 30 000 դրամ, եթե հյուրընկալի կացարանը Հայաստանում է, և 45 000 դրամ, եթե կացարանը Արցախում է։

«Նշված գումարները չեն համարվելու վարձակալության գումար, այսինքն՝ անհատույց են տրամադրվելու և հարկման ենթակա չեն», - պարզաբանել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Միջոցառման շրջանակում հյուրընկալ է համարվում այն ֆիզիկական անձը, ում Հայաստանում կամ Արցախի վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում սեփականության իրավունքով (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) պատկանում է բնակելի անշարժ գույք։

Հյուրընկալվող չի համարվում Հայաստանում կամ Արցախի վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունքով բնակելի անշարժ գույք ունեցող քաղաքացին։

Միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով.

— 2020 թվականի դեկտեմբեր ամսվա համար՝ դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 12-ը ներառյալ,

— 2021 թվականի հունվար-մայիս ամիսների համար՝ յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։

Դիմումին պետք է կցվի նաև հյուրընկալվողի անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը: