2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

ՀԷՑ-ի կոռուպցիան բացահայտելու համար Հայաստանում պատժում էին․ ՄԻԵԴ

Հայաստանի Հանրապետությունը խախտել է Հրաչյա Հարությունյանի արտահայտվելու ազատության իրավունքը՝ վճռել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ու պարտավորեցրել փոխհատուցել 4500 եվրո բարոյական վնասի և 2000 եվրո դատական ներկայացուցչության ծախսերի համար:

Հարությունյանը 2002-2011 թվականներին աշխատելով Հայաստանի Էլեկտրական ցանցերի միակ բաժնետեր «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲ ընկերության անվտանգության համակարգում՝ իրավապահներին զեկուցել է միլիոնավոր դոլարների հասնող հնարավոր չարաշահումների և կոռուպցիայի վերաբերյալ։ Նա 2012 թվականի մարտին ներկայացրել է իր բացահայտումները և խնդրել հետաքննել դրանք։ Հայաստանյան դատարանները, սակայն, պատասխանատվության են ենթարկել Հրաչյա Հարությունյանին՝ նրան մեղադրելով զրպարտության և վիրավորանքի մեջ։ Ահազանգողին պարտավորեցրել են 2 մլն․ 400 հազար դրամի չափով փոխհատուցել բաց բաժնետիրական ընկերությանը՝ Հարությունյանի անձնական օգտագործման ավտոմեքենան և Գյումրիի կենտրոնում գտնվող մեկ սենյականոց բնակարանը հարկադիր վաճառքից ստացված միջոցների հաշվին:

Հրաչյա Հարությունյանին ՄԻԵԴ-ում ներկայացնող փաստաբան Արտակ Զեյնալյանը նշել է, որ այս գործը արժեքավոր է, քանի որ այն ստիպեց Հայաստանի իշխանություններին 2017-ին ընդունել «Ազդարարման համակարգի մասին» օրենքը:

Զեյնալյանի խոսքով՝ Եվրոպական դատարանում Հայաստանի Կառավարությունը պաշտպանում էր ներպետական դատարանների վճիռը և որոշումները, ասելով, որ տեղեկությունը ոչ թե ներկայացվել է գաղտնի ձևով, այլ՝ հրապարակային։ Բացի այդ նրանք նշում էին, որ Հայաստանում չկա «ազդարարին», «ազդարարությունը» պաշտպանող և կանոնակարգող օրենք, հետևաբար՝ դատարանները ճիշտ են վարվել:

«Սակայն ՄԻԵԴ-ն գնահատական տվեց փաստերին և հաստատեց, որ տեղեկությունը տրվել է գաղտնի ձևով», - հայտնել է Զեյնալյանը։

Եվրոդատարանը նշել է, որ դիմողի հայտարարությունների հիմքում ընկած փաստերը չեն ստուգվել։ Օրինակ, քննության առարկա չի դարձել 2007 թվականի հոկտեմբերի 24-ին ՀԷՑ-ի և «Յունիֆորմա» ՍՊԸ-ի միջև ստորագրված 3 մլն․ 263 հազար դրամի պամանագիրը, որով ընկերության անվտանգության աշխատակիցների համար 110 ձմեռային համազգեստ պետք է կարվեր։ Պայմանագրի 2.3 կետը նախատեսում էր կանխավճար 70%-ի չափով (խելամիտ սահմանաչափը պայմանագրի գնի 30%-ից ոչ ավելին է): Սակայն «Յունիֆորմա» ՍՊԸ-ի հաշվեհամարին փոխանցվել է ամբողջ գումարը՝ 3.263.400 ՀՀ դրամ։ Պայմանագրում կապալառուի պարտավորությունների կատարման ժամկետները նշված չեն եղել։

Հարությունյանը եվրոպական դատարանում նշել է, որ ՀԵՑ-ի կոռուպցիան է հանգեցրել թանկացմանը։ Եթե դատարանները կոծկում էին չարաշահումները, հանրությունը ընդվզեց թանկացման դեմ ու սկսվեց էլեկտրիկ Երևան շարժումը։

ՄԻԵԴ-ի կարծիքով Հրաչյա Հարությունյանի տույժի չափը անհամաչափ մեծ է եղել, բացի այդ ներպետական դատարանները պարտավոր էին կիրառել ՄԻԵԴ՝ այլ պետությունների դեմ մինչ այդ կայացրած վճիռներում արձանագրված իրավունքն ու եզրահանգումները, անկախ՝ «ներպետական օրենք» չունենալու հանգամանքից, և պաշտպաննել դիմողի «արտահայտվելու ազատության իրավունքը»:

«Այս և նմանատիպ բազում գործերով գանգատների պահանջները Հայաստանի Կառավարության կողմից ընդունելով կամ դիմողների հետ հաշտության համաձայնություն կնքելով, գործնականում՝ իրականացրած կլիներ «անցումային արդարադատություն», դադարեցրած կլիներ իրավունքի խախտման զոհերի իրավունքների շարունակվող խախտումներն ու տառապանքները, կբեռնաթափեր ՄԻԵԴ-ն», - ասել է Զեյնալյանը:

Փաստաբանը հույս ունի, որ պետական մարմինները կբեկանեն Եվրոպական կոնվենցիային և Հայաստանի Սահմանադրությանը հակասող վճիռներն ու որոշումները, կվերադարձնեն Հրաչյա Հարությունյանի կորցրած բնակարանն ու ավտոմեքենան, կհետաքննեն Եվրոդատարանի վճռում հրապարակված փաստերը և մեղավորներին պատասխանատվության կենթարկեն։