հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Մեդիա / Ռուս լրտեսին Ղարաբաղում սիրում էին

Ռուս լրտեսին Ղարաբաղում սիրում էին

Օգոստոսի 1-ին Ռուսաստանի և Արևմուտքի միջև դատապարտյալների փոխանակումից հետո ղարաբաղցի փախստականներից ոմանք զարմանքով էին նայում Ռուսաստան վերադարձածների տեսանյութը։ Նախագահ Վլադիմիր Պուտինն օդանավակայանում անձամբ դիմավորում էր տարբեր երկրներում Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով դատապարտվածներին։ Նրանց թվում էր Ղարաբաղում որպես իսպանացի լրագրող ներկայացող Պաբլո Գոնսալեսը, ռուսական անձնագրով՝ Պավել Ռուբցով։

Նա ձերբակալվել էր 2022-ին Լեհաստանում՝ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից մի քանի օր անց։ Մեղադրվում էր Ռուսական ռազմական հետախուզության՝ ԳՌՈՒ-ի համար լրտեսություն անելու մեջ։ Ձերբակալությունից հետո Բրիտանական MI6 օտարերկրյա լրտեսական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը հայտարարել էր, որ Գոնսալեսը «լրագրողական գործունեությունն օգտագործում էր որպես պատրվակ՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու համար»։ Նրա տեղեկություններով, Պաբլոն Լեհաստանից պետք է Ուկրաինա մեկներ՝ «երկրում ապակայունություն մտցնելու հանձնարարությամբ»։ Լեհաստանի դատախազությունը գրել էր, որ Գոնսալեսը ԳՌՈՒ-ին է փոխանցել պաշտոնական Վարշավայի և ՆԱՏՈ-ի համար «վնասակար» տեղեկություններ։

«Ես Պաբլոյին հանդիպել եմ 10 տարի առաջ… Ներկայանում էր որպես իսպանացի լրագրող, ուզում էր հարցազրույցներ անել Ղարաբաղի պաշտոնյաների հետ, այցելել Ղարաբաղի 7 շրջաններ, խոսել տեղացիների հետ։ Ղարաբաղում շատ կապեր ուներ, բոլորը ջերմ էին ընդունում։ Տարօրինակ էր, որ նույնիսկ իշխանությունները, ովքեր սովորաբար կասկածամտորեն էին վերաբերվում օտարերկրացիներին, Պաբլոյի հետ կապված կասկածներ չունեին», — Ազատություն ռադիոկայանին պատմել է փախստական մի կին։

Իսպանացի լրագրող ներակայացող Գոնսալեսը տարածաշրջանի մասին ընդհանուր նյութերից բացի գրում էր նաև Հայաստանի ատոմակայանի մասին, հարցազրույց է վերցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանից, լուսանկարել է Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության գլխավոր շտաբը։

Ղարաբաղում 42-ամյա «իսպանացուն» հանդիպած մարդիկ պատմում են, որ նա մեծ էնտուզիազմով էր «լուսաբանում» ռազմական գործողությունները։ «Պատերազմից ընդհանրապես չէր վախենում», – պատմում է Ստեփանակերտի Եվրոպա հյուրանոցի նախկին տնօրեն Սերգեյ Շահվերդյանը։ Գոնսալեսը Ղարաբաղում ապրելու ժամանակ այդ հյուրանոցում էր մնում։

Շահվերդյանը հիշում է, որ իրենց մոտ Պաբլոն գրանցվել էր որպես անկախ լրագրող Իսպանիայից. «Ուրիշների պես ապաստարաններում չէր թաքնվում, հարգում էինք»։ Շահվերդյանը նշել է, որ Գոնսալեսը լավ տիրապետում էր ռուսերեն լեզվին. «Դա բացատրում էր նրանով, որ ինքը Ռուսաստանում է ծնվել և մեծացել, տատն ու պապը կոմունիստ են եղել»։

Ռուսաիսպանացու հետ աշխատած հայաստանցի և օտարերկրացի այլ լրագրողները պատմում են, որ նա ուրախ, ակտիվ, հումորով մարդ էր, սիրում էր հավաքույթների ժամանակ ցույց տալ իր դաջվածքները, որոնց մեջ կար նաև Ղարաբաղի սիմվոլը դարձած «Տատիկ-պապիկի» արձանը։

2020 թվականի պատերազմի ժամանակ Գոնսալեսին հաջողվել էր իսպանական EFE-ի անունից հարցազրույց վարել անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ. դա նրա «լրագրողական կարիերայի» առաջին դեմառդեմ ինտերվյուն էր որևէ երկրի առաջնորդի հետ։

Փաշինյանի գրասենյակի կողմից հրապարակված հարցազրույցի սղագրությունում արձանագրված է՝ Գոնսալեսը հարցրել է պատերազմի ժամանակ պաշտոնական Մոսկվայի տրամադրած աջակցության մասին, փորձել է հասկանալ ինչպես է Փաշինյանը գնահատում այդ օգնությունը։

Ռուսական պետական ​​ՌԻԱ Նովոստին գրել էր, որ հարցազրույցի ժամանակ Գոնսալեսն ու Փաշինյանը խոսել են նաև ռուս խաղաղապահների մասին, թեև այդ հատվածը ներառված չի եղել EFE-ի զեկույցում։ Այդ մասին ոչ մի խոսք չկար նաև Փաշինյանի գրասենյակի հրապարակած սղագրությունում։ ՌԻԱ Նովոստին գրել էր, որ Գոնսալեսը հարցազույցի այդ հատվածը ցույց է տվել իրենց թղթակցին։ 

Պաբլոն «լուսաբանել է» նաև Հայաստանում պատերազմին հաջորդած իշխանափոխության կոչերով ակցիաները, ներկա եղել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին։

Գոնսալեսին հատկապես շատ հետաքրքրող թեմաների ցանկում էր Մեծամորի ատոմակայանը։ Իր իսպանալեզու կայքում նա հոդված էր հրապարակել, որում նկարագրում էր կայանի դիրքը, ռեակատորների կարողությունները, պարամետրերը, գործող ռեակտորների քանակը, Ռուսաստանից մատակարարվող պաշարների ծավալները և այլն։