Անցյալ շաբաթ Աֆղանստանում թալիբները նոր օրենքներ են ընդունել, որոնցով «խրախուսում են առաքինությունն ու արմատախիլ են անում արատավոր երևույթները»։ Նոր կանոններով կանանց արդեն արգելվում է խոսել հանրային վայրերում և բացել դեմքը տնից դուրս։
Օրենքների փաթեթն արդեն հաստատվել է թալիբների առաջնորդ Հայբաթուլա Ախունձադայի կողմից։ «Առաքինությունը խրախուսող և արատավոր երևույթներն արմատախիլ անող» մարմինը՝ Բարոյականության նախարարությունը, հայտարարել է, որ այս օրենքները տարածվում են բոլորի վրա՝ առանց բացառության։
Նոր կանոնները «մոհթասաբիններին» (Թալիբանի բարոյականության ոստիկանությունը) իրավունք է տալիս խառնվել աֆղանների կյանքի բոլոր ասպեկտներին՝ սկսած նրանից թե ինչ են հագնում ու ինչ տեսքով են հայտնվում հանրային վայրերում, մինչև այն, թե ինչ են ուտում ու խմում։ Մոհթասաբիններն Աֆղանստանում մեծ հեղինակություն են վայելում իշխանությունների կողմից։ Իրենք են անհրաժեշտության դեպքում իրավախախտներին հանձնում դատարանին։ Կարող են ցանկացած մարդու ստիպել, որ անջատի երաժշտությունը, ավելի ցածր խոսի, փոխի սանրվածքը և այլն։ Կարող են տաքսիստներին արգելել տեղափոխել կանանց, ում ոչ մի տղամարդ չի ուղեկցում, կամ ում հանդերձանքը «հակասում է շարիաթի կանոններին»։ Մոհթասաբիններն են հետևում, որ մեքենաների մեջ երբեք կինն ու տղամարդը չնստեն կողք կողքի։
Նոր օրենքներով սահմանվում է, որ կանացի ձայնը ևս «արատ» է, եթե հնչում է հանրային վայրում։ Սահմանափակման տեքստում ասվում է. «Եթե հասուն կինն անհրաժեշտության դեպքում դուրս է գալիս տնից, նա պարտավոր է թաքցնել իր դեմքը, ձայնը, մարմինը»։ Կանանց նաև արգելվում է երգել կամ բարձր ձայնով խոսել իրենց իսկ տանը, քանի որ դրսից կարող է լսվել։ Կանանց նաև չի կարելի առհասարակ նայել տղամարդկանց։
Նոր փաթեթը սահմանափակումներ է նախատեսում նաև տղամարդկանց համար։ Հանրային վայրերում նրանք պարտավոր են հագնել «պորտից մինչև ծունկը» փակ շորեր։ Արգելվում է ունենալ սանրվածքներ, որոնք «չեն համապատասխանում շարիաթին»։ Երկրի որոշ շրջաններում վարսավիրներին արգելել են սափրել կամ հարդարել այցելուների մորուքը։ Նոր կանոնների համաձայն, յուրաքանչյուր տղամարդ պարտավոր է ունենալ մի բռունցք երկարության մորուք։ Բարոյականության օրենքները նաև արգելում են փողկապ կրել։
Նոր օրենքներով Աֆղանստանում այսուհետ արգելվում է նկարել կենդանի արարածներին։ Պատժելի է համարվում այդպիսի պատկերներ ունենալը և հրապարակելը։ Այսինքն, ոչ ոք չպետք է տանը ունենա թռչունների, կենդանիների և նույնիսկ ազգականների լուսանկարներ։ Կենդանի արարածների արձանիկներ վաճառելը կամ գնելը ևս արգելվում է։ Չի կարելի նկարել կամ նայել ֆիլմեր, որոնցում կան կենդանի արարածներ։ Այս կանոնները, սակայն, չեն խանգարում թալիբ պաշտոնյաներին լուսանկարվել և տեսանկարահանվել։
Նոր կանոնները պարտավորեցնում են բարոյականության ոստիկաններին հետևել մագնիտոֆոնների և ռադիո սարքավորումների «չարաշահմանը»։ Ըստ շարիաթի թալիբական մեկնաբանության, երաժշտություն լսելն առհասարակ մեղք է համարվում։
Թալիբների իշխանության գալուց հետո շարիաթի վրա հիմնվող օրենքների փաթեթներ ընդունվել էին նաև նախկինում, պարբերաբար հայտարարում են դրանց չենթարկվելու համար ազատազրկված հազարավոր քաղաքացիների մասին։ «Դատապարտելի արարքներ» գործածներին «կրթում և վախացնում են աստծո պատժով», կարող են տույժ պահանջել կամ ձերբակալել։ Անցյալ տարի, օրինակ, բարոյականության օրենքները խախտելու համար շուրջ 13 հազար մարդ է բերման ենթարկվել։
Թալիբները երկրում թեոկրատիա են հայտարարել և չեն պատրաստվում հրաժարվել բարոյականության օրենքներից։ Մայրաքաղաք Քաբուլում և որոշ այլ շրջաններում, սակայն, այս օրենքներին հետևում են ընտրողաբար։