Աֆղանստանում կալանավորվել է կանանց կրթության արգելքի դեմ պայքարող հայտնի ակտիվիստ Մաթիուլահ Վեսան։ Վեսան սկսել է կանանց կրթությունն աջակցող արշավը դեռևս 2021-ին, երբ Թալիբանն արգելեց կանանց միջնակարգ դպրոց հաճախել։ Նրան կալանքի տակ պահելու պատճառը՝ հայտնի չէ։
30-ամյա ակտիվիստը ճանապարհորդում էր երկրի հեռավոր շրջաններ՝ փորձելով բարելավել երեխաների կրթության հասանելիությունը։
Կալանավորվելու նախօրեին՝ մարտի 27-ին, Վեսան իր թվիթերյան էջում հրապարակել էր Pen Path կազմակերպության կամավորների մի նկար, որտեղ կանայք իրենց աղջիկների համար կրթություն ստանալու իրավունք էին խնդրում։
Ավելի վաղ Թալիբանը կանանց կրթության համար պայքարող մի շարք այլ ակտիվիստներ է ձերբակալել։ Փետրվարին Քաբուլում կալանավորվել էր արգելքը հանրայնորեն քննադատող պրոֆեսոր Իսմայիլ Մաշալը, ով ձերբակալման պահին անվճար գրքեր էր բաժանում։ Մարտի 5-ին Մաշալին բաց են թողել, սակայն դրանից հետո նա դադարեցրել է ակտիվիստական գործությունեությունը։
Այժմ Աֆղանստանում կանանց արգելվում է այցելել այգիներ, հասարակական բաղնիքներ և մարզասրահներ (չնայած բաղնիքներն ու մարզասրահները բաժանված են ըստ սեռերի), առանց փարաջայի՝ դեմքը կամ մարմնի հատվածները բաց, փողոց դուրս գալ, առանց խնամակալ-տղամարդու գնալ հասարակական վայրեր կամ լքել քաղաքը։ Բացի այդ, միջազգային և տեղի մի շարք ՀԿ-ներ ստիպված են եղել դադարեցնել իրենց գործունեությունը, քանի որ կանանց թույլատրվում է աշխատել միայն առողջապահական սեկտորի ՀԿ-ներում։
Կանանց համար հասարակական տարածքների կրճատման դեմ պայքարող ակտիվիստ Լեյլա Բասիմը Քաբուլում գրադարան էր բացել։ Կանայք գնում էին այնտեղ՝ գրքեր կարդալու, և երբեմն, ուղղակի իրար տեսնելու համար, որպեսզի տանը փակված չմնային, գրում է BBC-ն։ Գրադարանն այժմ փակ է։
«Երբ Թալիբանը երկու անգամ փակեց գրադարանը, մեզ հաջողվեց վերաբացել այն, բայց սպառնալիքներն օրեցօր ավելանում էին։ Ես հեռախոսազանգեր էի ստանում, որ ասում էին՝ ինչպես եմ համարձակվել կանանց համար գրադարան բացել։ Մի անգամ նրանք գրադարան էին եկել և ասում էին կանանց, որ իրավունք չունեն գիրք կարդալ», – պատմել է Բասիմը, ով աճող վտանգի պատճառով ստիպված է եղել փակել գրադարանը։
Նա հավելել է, որ շարունակելու է Թալիբանի քաղաքականությանը դիմադրելու այլ ուղիներ փնտրել և գրադարանը այդ ճանապարհի վերջը չի լինելու․
«Կան այլ միջոցներ, որոնցով կարող ենք լսելի դարձնել աֆղան կանանց ձայները», – ասել է Բասիմը։
Թալիբների իշխանության գալուց հետո կանայք երկրում փաստացի մեկուսացման մեջ են հայտնվել։ 2021-ի սեպտեմբերին բացված միջնակարգ դպրոցներ թույլատրեցին միայն տղաների և տղամարդ ուսուցիչների մուտքը։ 2022-ի մարտին հայտարարվեց, որ աղջիկներին թույլ կտան միջնակարգ դպրոց գնալ, սակայն նրանց այնտեղից տուն ուղարկեցին և ժամեր անց արգելքը վերադարձվեց։
Իշխանությունները հայտարարեցին, որ կանայք կկարողանան դպրոց վերադառնալ, երբ «շարիաթին և աֆղանական մշակույթին համապատասխանող ծրագիր կմշակվի»։ 2022-ի դեկտեմբերին կանանց արգելվել է նաև համալսարան հաճախել, որից հետո երկրում ցույցեր են սկսվել, շուրջ 50 տղամարդ ուսուցիչներ դուրս են եկել աշխատանքից՝ ի նշան սոլիդարության։ Թալիբները ցուցարարների մի մասին ծեծել են, մի մասին ձերբակալել․ ցույցերը ցրվել են։