Պակիստանի Փեշավար քաղաքի մզկիթներից մեկում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 32, վիրավորվել՝ 150 մարդ։ Վիրավորների մեծամասնությունը ծայրահեղ ծանր վիճակում են։ Փրկարարները փորձում են դուրս բերել փլատակների տակ մնացածներին:
Տուժածների մեծ մասը ոստիկաններ են, որոնք հավաքված են եղել կեսօրյա աղոթքի, հայտնում է տեղի հիվանդանոցներից մեկի ներկայացուցիչը։ Մզկիթը տեղակայված է ոստիկանական բաժանմունքի հարևանությամբ, որտեղ պայթյունի պահին, ըստ իրավապահների, մոտ 260 մարդ է եղել:
At least 17 people have reportedly been killed and dozens injured after a bomb blast at a busy mosque in Pakistan’s Peshawar, say local officials ⤵️
🔗: https://t.co/R5q74scIjW pic.twitter.com/YWynAHGu00
— Al Jazeera English (@AJEnglish) January 30, 2023
Ըստ Փեշիվարի ոստիկանապետի՝ «շենքի մի մասը փլուզվել է, և ենթադրվում է, որ դրա տակ մարդիկ կան մնացած»:
Ոչ մի խմբավորում դեռևս չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: Քաղաքի ոստիկանապետը, այնուամենայնիվ, հավանական է համարում մահապարտ ահաբեկչի վարկածը։
Al Jazeera-ի տեղի թղթակիցը, իր հերթին, հաղորդում է՝ բացահայտվող մանրամասները ենթադրում են, որ հարձակումն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, ով նստած է եղել մզկիթի ներսում՝ առաջին շարքում։
Աֆղանստանին սահմանակից Խայբեր Փախտունխվա նահանգի մայրաքաղաք Փեշավարը հաճախ է հարձակումների ենթարկվել: Անցյալ տարվա մարտին մահապարտ ահաբեկիչը հարձակվել էր քաղաքի մեկ այլ մզկիթի վրա, ինչի հետևանքով զոհվել էր 64, վիրավորվել՝ շուրջ 200 հոգի։ Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել էին «Իսլամական պետության» զինյալները:
Փեշավարը հաճախ է թիրախավորվում նաև պակիստանյան թալիբների կողմից։ «Թեհրիք ի Թալիբան Պակիստան» (TTP), թարգմանաբար՝ «Պակիստանի թալիբների շարժում», խմբավորման նպատակներից է տապալել ներկայիս կառավարությունը։
TTP-ն ակտիվացրել է հարձակումները անցյալ տարվա նոյեմբերից, հայտարարելով, որ դադարեցնում է Պակիստանի կառավարության հետ կնքած զինադադարը։ Վերջին ամիսներին խմբավորումը հարձակումներ է իրականացրել՝ թիրախավորելով հատկապես ոստիկաններին։ Դեկտեմբերին զինյալները գրավել էին երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող հակաահաբեկչական կենտրոնը և պատանդներ վերցրել՝ իշխանությունների հետ բանակցելու համար: