2010թ. մարտի 15-ին հայկական բանակում զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, միջնորդություն է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով վերջինիս միջնորդել, որպեսզի իր որդու գործով նախաքննությունը հանձնարարվի այլ քննչական մարմնի:
Նանա Մուրադյանն իր միջնորդության մեջ բացարկ է հայտնում ՀՀ ՊՆ Քննչական Ծառայության քննչական բաժնում աշխատող իրեն անհայտ քննիչին, Քննչական բաժնի պետ Յուրա Բադալյանին, Քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանին: Այդ մասին Epress.am-ին տեղեկացրել է Նանա Մուրադյանի շահերի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի անդամ Ռուբեն Մարտիրոսյանը: Նշենք, որ Նանա Մուրադյանը նույն միջնորդությունն ուղարկել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
«Բացի դա, միջնորդության մեջ նշվել է, որ այդ գործը չհսկեն այն հանցագործները, որոնց անունն է՝ դատախազ Հարություն Հարությունյան, Արտակ Հարությունյան, Գագիկ Կոստանյան: Շուրջ երկուսուկես տարի է՝ ընթանում է այս սպանության գործը, որը զինդատախազության կողմից որակվել է որպես ինքնասպանություն: Այս գործով անօրինականություններ են թույլ տվել բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ դատաբժիշկ Ադամյանը: Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ Մուրադյանի պարանոցի շրջանում կա երկու միմյանց զուգահեռ վնասվածք, և, ըստ դատաբժշկի, դրանցից մեկը ճմլման ակոս է, իսկ երկրորդը՝ դիակային բիծ: Իրականում դա երկրորդ ճմլման ակոսն է, ինչը վկայում է այն մասին, որ նրան նախ խեղդել են, հետո՝ կախել»,- ասել է Մարտիորսյանը:
Վերջինս նաև տեղեկացրել է, որ Նանա Մուրադյանը նախաքննական մարմնին պատմել է, որ դեպքից երեք-չորս օր առաջ տղան իր հետ հեռախոսազրույցում հայտնել է այն մասին, որ ականատես է եղել վառելանյութի գողության: Դեպքից հետո դեռևս նոր աշխատանքի ընդունված Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանն ասել է, որ Վալերի Մուրադյանը կենդանության ժամանակ հայտնաբերել է փաստեր՝ զորամասում կատարաված անօրինականությունների վերաբերյալ, և խոստացել, որ անպայման հանցագործությունը կբացահայտվի և մեղավորները խիստ պատասխանատվության կենթարկվեն:
«Բայց այդ ելույթից անցել է երկու տարուց ավելի, և առայսօր մենք գործով չունենք ոչ կասկածյալ, ոչ կալանավորված մեղադրվող անձ: Դրա փոխարեն զինդատախազությունում հանդիպելով սպանվածի մորը՝ դատախազ Հարություն Հարությունյանը լկտիաբար ահաբեկել է և այդ կնոջ վրա մատ է թափ տվել և ասել, որ չմոռանաս, որ դու մի երեխա էլ ունես: Եթե տխրահռչակ դատախազ Հարություն Հարությունյանը, որը իբր հսկում է այս գործը, սպանությունը բացահայտելու փոխարեն մորը ահաբեկում է մորը, ինչպես կարող է օբյեկտիվ լինել», – ասել է Ռուբեն Մարտիրոսյանը:
Վերջինս նշել է, որ թեև Նանա Մուրադյանին խոստացել էին քննություն անել, հիմա քննությունը տարել են փակուղի, տուժող կողմի միջնորդությունները չեն բավարարում: