Բրիտանական «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին տնօրենների խորհրդի անդամ նշանակելու կապակցությամբ հաղորդագրություն է տարածել՝ մեջբերելով նաև Սարգսյանի խոսքերը: Նշենք, որ նշանակման մասին հայտնի էր դարձել 3 օր առաջ:
«Լիդիան ինթերնեյշնլը» Հայաստանում գործող «Գեոթիմ» ընկերության 100% բաժնեմասի սեփականատերն է:
Տարածած մամուլի հաղորդագրության մեջ «Գեոթիմը» նշում է, որ տնօրենների խորհրդի անդամը գործադիր պաշտոն չէ, և «Լիդիանի» տնօրենների խորհրդում կա ևս երեք ոչ գործադիր անդամ:
«Լիդիան Ինթերնեյշնլի» գլխավոր տնօրեն և նախագահ Թիմ Քոֆլինը ողջունել է Արմեն Սարգսյանի նշանակումը՝ ընդգծելով, որ վերջինիս փորձն ու գիտելիքը կարևոր ներդրում կլինեն ընկերությունում:
«Նրա ներկայությունը Խորհրդում մեզ համար պատիվ է և մեր ընդլայնվող բարձրակարգ թիմի, ինչպես նաև Ամուլսարում միջազգային բարձր կարգի հանքարդյունաբերություն իրականացնելու մեր պատրաստակամության արտացոլումն է: Ծրագրից կշահեն թե՛ ընկերությունը, թե՛ շրջակա համայնքները թե՛ Հայաստանը»,- ասել է Թիմ Քոֆլինը:
Սարգսյանը նույնպես գոհունակություն է հայտնել նշանակման կապակցությամբ:
«Ուրախ եմ Լիդիանի փորձառու տնօրենների խորհրդին միանալու համար և պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ ընկերության հիմնական նախագծի՝ Ամուլսարի ծրագրի զարգացմանը: Ես վստահ եմ, որ Ամուլսարը կլինի առաջնակարգ ծրագիր, որը կկառավարվի միջազգային լավագույն փորձի շրջանակներում: Ծրագիրը օգուտներ կբերի Հայաստանին և կապահովի էական ներդրումներ և զգալի ու թափանցիկ եկամուտներ թե՛ բաժնետերերի, թե՛ երկրի համար»,- Լոնդոնի իր գրասենյակից ասել է Արմեն Սարգսյանը, ով ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1996-1997թթ-ին:
Ընկերությունը իր հաղորդագրության մեջ նշում է, որ Հայաստանում Ամուսլարի ոսկու հանքավայրի ծրագրի իրականացման ընթացքում ներդրնելու է ավելի քան 400 մլն ԱՄՆ դոլար, որից մոտավորապես 240-ը՝ հանքի շինարարության փուլում:
«Ամուլսարի ծրագիրը իրականացվում է Էկվադորյան սկբունքների շրջանակներում, որոնք հիմնված են մի շարք միջազգային կազմակերպությունների բնապահպանական և սոցիալական չափանիշների վրա», – նշում է ընկերությունը:
Հիշեցնենք, որ բնապահպանական շարժումները բազմաթիվ անգամ բողոքել են Ամուլսարի հանքի շահագործման դեմ: Դեռևս 2012 թվականի հունիսի 9-ին բնապահպաններն այցելել էին հանքավայր:
Ակցիայի կազմակերպիչները նշել էին, որ հանքի շահագործմամբ վտանգվում է Ջերմուկի՝ որպես առողջարանային քաղաքի բրենդը, ինչպես նաև վտանգվելու են հանքային ջրերի աղբյուրները: Անընդհատ պայթյունների հետևանքով կարող է փոխվել ջրի բաղադրությունը և այդ աղբյուրների ուղղությունը, հանքի փոշին ու թույները կլցվեն Կեչուտի ջրամբար, որտեղից Արփա-Սևան թունելով ջուրը հասնում է Սևանա լիճ:
Բնապահպանների խոսքով՝ հաշվի չի առնվել նաև այն փաստը, որ Ամուլսարից 5 կմ հեռավարության վրա կան ուրանի մեծ պաշարներ: Ըստ հանքայնացված ապարների և հանքանյութերի քիմիական կազմի, հանքավայրում առկա են տոքսիկ տարրեր և փոշու զանգվածի հետ այդ ծանր մետաղները տարածվելու են միջավայրում, իսկ հարակից տարածքները օգտագործվում են որպես արոտավայր:
Ակցիայի մասնակիցները նշել են նաև, որ այդ, ինչպես նաև սեյսմիկ և օրենսդրական ռիսկերը, ոչ միայն չեն ներառվել հանքը շահագործող «Գեոթիմ» ընկերության Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փաստաթղթում, այլև Ջերմուկը առհասարակ չի համարվել ազդակիր տարածք, թեև գտնվում է հանքից ընդամենը 12 կմ հեռավորության վրա:
Հանքի շահագործման դեմ էր արտահայտվել նաև Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, ով բաց նամակով դիմել էր «Գեոթիմ» ընկերությանը: