«Բանդայի գործով» մեղադրյալներն ու նրանց շահերի պաշտպանները շարունակում են բարձրաձայնել գործում առկա խախտումների մասին: Երեկվա նիստից հետո երեք փաստաբաններ՝ Ստեփան Ոսկանյանը, Սամվել Հովհաննիսյանը և Կարեն Հակոբյանը, eTV-ի հետ խոսել են իրենց պաշտպանյալների նկատմամբ իրականացված խոշտանգումների մասին՝ նշելով, որ դրանց հետևանքով կորզված ցուցմունքները չպետք է քննվեն դատարանում և մեղադրականի հիմք դառնան: Հիշեցնենք, որ գործով անցնում են 2011 թվականի սեպտեմբերին բնակարանային գողություններ կատարելու մեղադրանքով ձերբակալված 5 ամբաստանյալներ: Եվս մեկ մեղադրյալ՝ Արմեն Դալլաքյանը, մահացել է այս տարվա սեպտեմբերի 7-ին բանտում, նրա մասով գործը կարճվել է:
Նախորդ նիստերից մեկում իր նկատմամբ իրականացրած խոշտանգումների մասին պատմել էր նաև ամբաստանյալ Դավիթ Գալստյանը:
«Դիմում գրեցի, որ ինձ 10 օր պահել են ԿՊԶ-ում, որն արդեն մարդու իրավունքների խախտում է, ասեցին, որ բենզին չունեն տեղափոխեն, բայց իրականում պատճառը այն էր, որ էնքան էին ծեծել, որ ոտի վրա չէինք կարում կանգնեինք: Նրանք տարան մեզի ԿԳԲ, բայց նրանք չընդունեցին, ասեցին՝ սրանք ժիվոյ տռուպ են (կենդանի դիակ), տարեք, մի քանի օր պահեք, եթե չմեռնեն, կբերեք», – մասնավորապես, ասել է Գալստյանը: Վերջինս խոսում է նաև քննչական գործողություններում առկա խախտումների մասին:
Մյուս դատապարտյալները նույնպես պնդում են, որ գործի քննության ընթացքում խոշտանգումներ և խախտումներ են եղել:
eTV-ին՝ Հելսինկյան ասոցիացիայի և Անկախ լրագրողների ցանցի համատեղ նախագիծն է