Home / Ազգային ժողով / Պլան ծխողներին որսալու են դպրոցներում ու բանակում

Պլան ծխողներին որսալու են դպրոցներում ու բանակում

Կառավարությունն առաջարկում է դպրոցականների շրջանում թմրամիջոցների գործածման «կամավոր թեստավորման» մեխանիզմ ներդնել։ Թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարություն են գրել, որում նշված է, թե անչափահասների շրջանում պարբերական ստուգումները թույլ կտան թմրանյութերի գործածումը բացահայտել վաղ փուլերում։ Թե ինչպես է ապահովվելու թեստավորման կամավորությունը՝ պարզ չի։

Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագիծը երեկ քննարկվում է Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում։ Մասնակցել է նաև ներքին գործերի նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանը։ Պատգամավորների խոսքով, ռազմավարությունն առնչվում է բոլոր գերատեսչություններին՝ հանրակրթականից սկսած մաքսայինով, բանակով, ներքին գործերի նախարարությամբ ավարտած։

Դեռ չհաստատված նախագծով առաջարկվում է զորակոչիկների, ռազմաուսումնական հաստատություններ ընդունվողների, զինծառայողների շրջանում կանխարգելիչ մեխանիզմներ ներդնել։ Ինչ է սա ենթադրում՝ դեռ հայտնի չէ։ Իշխանությունները հավաստիացնում են, որ ամեն ինչ ՄԱԿ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային չափանիշներին համապատասխան է արվելու։

Որպես օրինակ բերվում է պարբերական ստուգումներ անցնելու հնարավորությունը կամ պարտականությունը։ Դա, ըստ ռազմավարության հեղինակների, հնարավորություն կտա բացահայտել դպրոցներում, բանակում թմրամիջոցների գործածման դեպքերը և կունենա կանխարգելիչ նշանակություն։

Նախագծում խոսվում է նաև հանրային ծառայողների՝ ոստիկանության, դատախազության, քննչական մարմինների աշխատակիցների շրջանում պարտադիր թեստավորման հնարավորության մասին։

Պաշտոնյաները նախաձեռնությունը հիմնավորում են ոստիկանական վիճակագրությամբ՝ 2018-ին գրանցվել է թմրանյութերի հետ կապված հանցագործությունների 877 դեպք, 2023-ին դրանց թիվն անցել է 5000-ը։ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում» 2023-ի տվյալներով հաշվառված է թմրանյութեր օգտագործող մոտ 8000 անձ։

Անցած տարին Հայաստանի ոստիկանությունը թմրանյութերի դեմ պայքարի տարի էր հայտարարել։ Մինչ ոստիկանները ռեյդեր էին անում երևանյան սուբկուլտուրային ակումբներում և ծեծում դրանց հաճախորդներին (Պոլիգրաֆ-ի դեպքը, Բան-ի քեյսը, ռեյդ Օֆիս-ում), Իտալիայի ուժայինները հաղորդել էին Հայաստան ուղևորվող 2․7 տոննա կոկայինի և Վրաստանի ուժայինները՝ 80 կիլոգրամ հերոինի մասին։ Արտասահմանցի գործընկերների հաղորդումներին արձագանքելով՝ Հայաստանյան մրգի պահեստներից մեկում էլ մեկ տոննա կոկային էին գտել։ Այդ պահեստը պատկանում էր ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի (հետախուզումից թաքնվում է Ռուսաստանում) հետ փոխկապակցված «Մրգենի» ընկերությանը, որը բանանների և էկզոտիկ մրգերի ներմուծմամբ է զբաղվում։ Ինչպե՞ս էր այդ կոկաինը հատել սահմանը և Էկվադորից հասել Հայաստանի մայրաքաղաք։ Առ այսօր մեկ տոննա կոկաինի գործող որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։