Ներքին գործերի նախարարությունը նոր ղեկավարներ ունի։ Կադրային ոստիկաններին փոխարինելու են եկել երիտասարդ ռեֆորմատորները։
Նախարար է նշանակվել 30-ամյա Արփինե Սարգսյանը՝ իրավաբան, ներքին գործերի արդեն նախկին փոխնախարար, արդարադատության նախարարի նախկին տեղակալ։ Սարգսյանը զբաղվել է հիմնականում բարեփոխումների նախագծմամբ՝ մինչև 2023 թվականը արդադարդատության նախարարությունում (քրեական օրենսգիրք, քրեակատարողական և պրոբացիոն քաղաքականություն), 2023-ից՝ ՆԳՆ-ում։
Փոխնախարար են դարձել 34-ամյա Արմեն Ղազարյանը և 43-ամյա Արմեն Մկրտչյանը։ 2018-ից առաջ Ղազարյանը հիմնականում գիտական գործունեություն է ծավալել, հեղափոխությունից հետո ղեկավարել է Միգրացիոն ծառայությունը: Մկրտչյանն էլ ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ է եղել, մինչ ՆԳՆ հիմնադրումն աշխատել է ոստիկանությունում՝ որպես շտաբի պետ, շտաբի պետի տեղակալ, վերլուծական վարչության պետ, քննչական վարչության քարտուղարության պետ և այլն։
ռեֆորմների տորմուզ և նախընտրական աշխուժացում
Ներքին գործերի նախարարությունը համակարգում է միաժամանակ ոստիկանության, փրկարար, միգրացիոն և քաղաքացիության ծառայությունների աշխատանքը։ Նախարարությունը հիմնադրվել է 2022-ի տարեվերջին, սկսել է աշխատել 2023-ի տարեսկզբից։ Իշխանություններն այն ներկայացնում էին որպես փոխզսպման մեխանիզմ, ոստիկանական ռեֆորմների հիմնական գործիք։
Ի սկզբանե ենթադրվում էր, որ ՆԳ նախարարը կլինի քաղաքացիական անձ (և ոչ թե ներկա կամ նախկին ոստիկան) և կունենա չորսը տեղակալ, որոնցից երկուսը քաղծառայող, երկուսը՝ ուժային։ Ուժայինները կղեկավարեն Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը, մնացածը կզբաղվեն քաղաքականություն մշակելով և նրանց վերահսկելով։
Տրամաբանությունը խախտվեց հենց սկզբից, երբ Նիկոլ Փաշինյանը նորասծեղծ նախարարության ղեկավար նշանակեց ոստիկանապետ Վահե Ղազարյանին։
2018-ի իշխանափոխությունից հետո ոստիկանական համակարգը դիմադրել է գրեթե բոլոր բարեփախումներին և այդ դիմադրության դրոշակակիրը հենց Ղազարյանն է եղել՝ ահազանգում էին իրավապաշտպան կազմակերպությունները։ Նրա նշանակումը ընկալվում էր որպես հրաժարում փոփոխություններից և փորձ՝ հետպատերազմական տուրբուլենտ վիճակում մոբիլիզացնել ուժայիններին գործող իշխանության շուրջ։
«Վահե Ղազարյանը սկզբունքորեն դեմ էր ռեֆորմներին։ Դեմ էր ոչ թե դրանց կառուցվածքային մասին, այլ խորը արժեքային հատվածին, որտեղ ոստիկանը ոչ թե իշխանության կամքը պարտադրողն է, այլ հանրությանը ծառայություն մատուցողը», – Epress.am-ի հետ զրուցում ասել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Ղազարյանի նշանակումից հետո ԻՔՄ-ը լքել էր ոստիկանական բարեփոխումները համակագրող խորհուրդը և մեղադրել Փաշինյանին իր իսկ նախաձեռնած բարեփոխումները տապալելու, ձեռք բերված հաջողությունների ետնագլորն ու ոստիկանական վատ ավանդույթների էքսպանսիան ապահովելու մեջ։
Գործնականում սա ամենատարբեր դրսևորումներն էր ստանում՝ բացատրել է Իոաննիսյանը․ զանգով հարցեր լուծելուց մինչև համատարած ռեակցիոնիզմ։ Անցած տարիների ընթացքում լիքը նոր օրենքներ են ընդունվել, և բոլորը դժգոհ են դրանց իրագործումից։ Քրեական գործերը հարուցվում են, բայց հանգուցալուծում չեն ստանում։ Բացահայտման ցուցանիշը մնում է ցածր, համակարգի նկատմամբ անվստահությունը՝ բարձր։ Ոստիկանական բռնությունների դեմն առնել չի ստացվում։
Նոյեմբերի 18-ին Փաշինյանի «խնդրանքով» հրաժարականներ են ներկայացրել միաժամանակ ՆԳՆ, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի, ԲԴԽ-ի և ՊԵԿ-ի ղեկավարները։ Ուժայիններին բիրիքով գործից հանելու նախաձեռնությունը իրավապաշտպանը համարում է նախընտրական աշխուժացման մաս․ «Հանրային դժգոհությունը արդեն ձևավորված է և բավականին լեգիտիմ։ Քաղաքացին դիմում է ոստիկանություն, լավագույն դեպքում նրան ցրում են, վատագույնում՝ վերջում փոշմանում է, որ առհասարակ դիմել է»։
Սարգսյանի և Ղազարյանի նշանակումից հետո, ըստ նրա, ինչ-որ բան հաստատ կփոխվի․ «Նրանք այդքան սերտաճած չեն համակարգի հետ, ի վերջո՝ այլ մշակույթի մեջ են թրծված։ Երկուսն էլ բարեփոխումների կողմնակից են եղել»։
ՆԳՆ-ն արդեն երրրորդ ուժային գերատեսչությունն է, որտեղ կին-ղեվար է նշանակվում։ Կանայք են ղեկավարում նաև Գլխավոր դատախազությունն ու Արտաքին հետախուզության ծառայությունը։
Ցուցուլյանն ու Հովհաննիսյանը կմնան
Օրենքի համաձայն՝ ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը պետք է ոստիկաններ ղեկավարեն։ Նրանք ավտոմատ ՆԳՆ փոխնախարար են դառնում։
58-ամյա Արամ Հովհաննիսյանը ոստիկանապետ-ՆԳՆ նախարարի տեղակալ է նշանակվել 2023-ին։ 90-ականներից ոստիկան է։ Կարիերան սկսել է որպես միլիցիոներ, շարունակել՝ որպես օպերլիազոր։ 2000-ականներին ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ և Արտաշատի բաժնի պետ է եղել։ 2016-ից 2018-ը ղեկավարել է Երևանի ոստիկանության Կենտրոնական բաժինը։ Հեղափոխությունից հետո կարիերային աճ է գրանցել։ 2020-ին՝ Վահե Ղազարյանի օրոք, դարձել է փոխոստիկանապետ։
51-ամյա Կամո Ցուցուլյանն էլ նախկին զինվորական է։ 2009 թվականին ավարտել է Ոստիկանության ակադեմիան։ Ինչպես և Վահե Ղազարյանը՝ իջևանցի է։ Բարձր պաշտոններ է զբաղեցրել ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում։ 2020-ից 2021-ը ղեկավարել է ոստիկանության Արարատի մարզային վարչությունը, հետո դարձել ոստիկանապետ Վահե Ղազարյանի տեղակալ։ 2023-ին նշանակվել է փրկարար ծառայության պետ-ՆԳՆ փոխնախարար։
Թեև հենց ոստիկանությունն է քննադատությունների հիմնական թիրախը, Հովհաննիսյանին հաջողվել է վերապրել վերջին պաշտոնանկությունների ալիքը։ Պաշտոնում է մնացել նաև Ցուցուլյանը։