Home / Ոստիկանություն / «Ավանդական» ոստիկանությունն ընդդեմ նորաթուխ պարեկների

«Ավանդական» ոստիկանությունն ընդդեմ նորաթուխ պարեկների

Ոստիկանապետը հստակ ուղերձ է հղում պարեկներին՝ կարևորը ծառայության թղթաբանական մասն է, ոչ թե բովանդակությունը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» (ԻՔՄ) հասարակական կազմակերպությունը հրապարակել է ոստիկանապետ Վահե Ղազարյանի կողմից ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի վիճակագրությունը, ըստ որի 2022-ի ընթացքում տույժի ենթարկված 253 ոստիկաններից 146-ը (մոտ 58 տոկոսը) պարեկներ են։

Այսինքն՝ Հայաստանում անցյալ տարեվերջին առկա մոտ 1300 պարեկներին ոստիկանապետից բաժին է ընկել ավելի շատ կարգապահական տույժ, քան մնացած 10 հազարից ավել ոստիկաններին միասին վերցրած:

Եթե այս թվերը արդարացված ու ծառայության որակն արտահայտող լինեին, կստացվեր, որ Պարեկային ծառայությունն ամենավատ ծառայող ստորաբաժանումն է՝ գրում է ԻՔՄ-ն։ Բայց մի շարք այլ ցուցանիշներ վկայում են, որ ոստիկանապետի կիրառած պատիժները պարեկային ռեֆորմի արդյունքները որպես այդպիսին չեն արտացոլում:

Ոստիկանապետն առաջարկում է ոչինչ չանել

Պարեկային ծառայությունը, որը փոխարինում է նախկինում գործող պարեկապահակային ծառայությանը (ՊՊԾ) և Ճանապարհային ոստիկանությանը (ՃՈ), ստեղծվել է 2020 թվականին։ Երևանում այն սկսել է գործել 2021-ի հուլիսից, Շիրակի և Լոռվա մարզերում՝ 2022-ի ապրիլից:

Ըստ պաշտոնական վիճակագրության, պարեկայինի ներդրմամբ Երևանում արտաքին ծառայության կողմից հանցավորության բացահայտումը աճել է 2․5 անգամ, իսկ Շիրակի ու Լոռվա մարզերում՝ 14 անգամ: Հետախուզվող հանցագործների հայտնաբերումն աճել է 6 անգամ, բազմապատիկ աճել են նաև ճանապարհային երթևեկության վտանգավոր խախտումների արձանագրման դեպքերը: Պարեկների կողմից սանկցիաներ են կիրառվել ոչ միայն «սովորական» վարորդների, այլև խախտում կատարած պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ։

Ինչո՞ւ են, ուրեմն, պարեկները, որոնք, ըստ ոստիկանական վիճակագրության՝ «աննախադեպ» արդյունավետություն են ապահովում, միավոր թվով տասնապատիկ ավելի շատ կարգապահական տույժեր ստանում, քան մյուս ծառայությունները:

Իրավապաշտպան կազմակերպությունը պատասխանում է՝ կարգապահական այս տույժերից գրեթե բոլորը ձևական խախտումների համար են։

Ոստիկանությունը ծառայում է ոչ թե բովանդակությանը, այլ ձևին

«Եթե դու հանցավոր խումբ բացահայտած պարեկին զրկում ես պարգևավճարից, քանի որ արձանագրության մեջ տառասխալ է արել։ Եթե դու բացատրություն ես ուզում պարեկից նրա համար, որ հանցագործի հետևից վազելուց գլխարկը մոռացել էր մեքենայում։ Եթե ծառայողական քննություն ու քաշքշուկ ես ապահովում բոլոր այն պարեկներին, որոնք կանգնեցնելու համար մեքենայով հարվածել են հանցագործի մեքենային։ Եթե դու պարեկների պարբերաբար պատժում ես ոչ թե բովանդակության, այլ ձևի խախտման համար։ Եվ եթե դու այդ ամենն անում ես համատարած ու ընդգծված, ապա ժամանակի ընթացքում դու ունենալու ես պարեկներ, որոնք սկսելու են ծառայել ոչ թե բովանդակության, այլ ձևի համար», – գրում է կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը։

Ոստիկանական համակարգի 80-90 տոկոսը, ըստ նրա, ծառայում է ձևի համար, քանի որ համակարգի ղեկավարությունը կարևորում է հենց ձևը, ֆասադը և ո՛չ բովանդակությունը։

Ո՞վ հավես ունի

Պարեկային ծառայության հիմքում դրված սկզբունքները ենթադրում էին, որ ծառայողական պարտականությունների կատարման համար պարեկները պատասխանատվության չեն ենթարկվելու, բայց այս մեկուկես տարում մանր-մունր բացթողումների համար պարեկների համար այնքան շատ քաշքշում են ապահովել, որ նրանք, ըստ Իոաննիսյանի, սկսել են վախենալ գործելուց և «ծառայել «շառից հեռու» սկբունքով»։

Սրա վառ դրսևորումն, ըստ նրա, օրեր առաջ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպն է․ «Համերի» վարորդը՝ մայթեզրերին կայանած մեքենաները ջարդուփշուր անելով, երթևեկում էր հետիոտների համար նախատեսված մայթերով, իսկ պարեկները վախենում էին անգամ նրան շրջափակելուց, ինչ մնաց՝ հրազեն կիրառեին։ «Ծառայողական ավտոյի վնասվելուց պարեկը յոթ հարյուր տեղ ա կանչվում, իր վրա ծառայողական քննություն ա բացվում և այլն։ Ո՞վ հավես ունի», – ասում է իրավապաշտպանը։

Պատժել մանր խախտումների համար՝ խրախուսելով մեծ խախտումները

Մինչ «մանր ու ձևական խախտումներ արած պարեկներն անխնա պատժվում են», «պարեկայինի ռեֆորմին խանգարած ոստիկանության պաշտոնյաները մնում են անպատիժ»՝ գրում է ԻՔՄ-ն։

«Օրինակ, որևէ մեկը պատասխանատվության չի կանչվել նրա համար, որ Պարեկային ծառայության Երևանի գունդն ու մարզային գումարտակները տարբեր պրոտոկոլով ու տարբեր հաճախականությամբ ռադիոկապ ունեն ու միմյանց հետ չեն կարողանում կապվել:

Որևէ մեկը պատասխանատվության չի կանչվել նրա համար, որ որոշ սարքավորումների՝ ԱՄՆ գործընկերներին ուղարկված տեխնիկական պահանջները սխալ են գրվել, ու դրա արդյունքում ստացված սարքավորումները պահեստում «փոշի են հավաքում», իսկ դրանց փոխարեն նորերը գնվել են Հայաստանի հարկատուների հաշվին:

Որևէ մեկը նաև պատասխանատվության չի կանչվում նրա համար, որ Պարեկային ծառայության մեքենաների վերանորոգումը տևում է ամիսներ (վթարված «Տոյոտաների» 52 տոկոսի վերանորոգումը տևում է 5 ամսից ավել), քանի որ ԱՊՊԱ-ից ստացված գումարը չի փոխանցվում սերվիս-կենտրոններին:

․․․Վահե Ղազարյանի գլխավորությամբ ոստիկանական համակարգը, այժմ արդեն՝ Ներքին գործերի նախարարության անունից դիմադրում է ոստիկանական բարեփոխումների արդյունքում ներդրված Պարեկային ծառայությանը»։

հ․գ․ Ինչպես դառնալ տարվա լավագուն «միլպետ»

«Մի քանի ամիս առաջ պարեկները Երևանում բռնել էին թմրանյութեր իրացնող (վաճառող) մեկին, ով, պարզվել էր, Ոստիկանության Արաբկիրի բաժնի ավագ օպերլիազոր է։

Հարց. Կարո՞ղ եք գուշակել, թե օրերս կայացած Ոստիկանության կոլեգիայի նիստում ո՞ր տարածքային բաժինը ճանաչվեց անցած տարվա լավագույնը։

Այո, այո։ Արաբկիրի բաժնի պետը ոչ միայն շարունակեց պաշտոնավարել, այլև դարձավ տարվա լավագույն «միլպետ»… Հետո՞ ինչ, որ իր ենթական թմրանյութերի վաճառքով էր զբաղվում։

Այ այսպես, հարգելի «միլպետեր», եթե ձեր ենթակաների նկատմամբ վերահսկողությունը նենց անեք, որ իրենք ծանր հանցագործություններ գործեն, ապա կարող է դուք էլ տարվա «միլպետ» ճանաչվեք… Հա, ու մեկ էլ ՆԳ նախարարի օգնականի մոտիկ ընկերը պիտի լինեք», – դեռ օրեր առաջ գրել էր Իոաննսիսյանը։

տե՛ս

Փաշինյանը զոհեց ոստիկանական բարեփոխումները․ ՆԳՆ-ն մնում է միլիցեքին

Ոստիկանապետն արդեն նախարար է․ ՀԿ-ները հեռանում են