ՀՀ փաստաբանների պալատը պահանջում է անհապաղ դադարեցնել Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի և օպերլիազոր Մարտուն Եղիազարյանի լիազորությունները, ինչպես նաև միջադեպի մյուս ոստիկան մասնակիցներին ենթարկել պատասխանատվության։
Պալատը նաև դիմել է Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին (CCBE)՝ ակնկալելով միջազգային կառույցների կոշտ արձագանքը։
Հիշեցնենք, ըստ փաստաբանների, փետրվարի 9-ին Ոստիկանության Էրեբունու բաժնում ոստիկանները ծեծել են իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնող երկու փաստաբանի։ Փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը բաժին էին գնացել, ձերբակալված և ըստ տեղեկությունների, ոստիկանների կողմից բռնության ենթարկված անչափահասներին, իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար։
Ոստիկանների ու փաստաբանների հաղորդումների հիման վրա՝ միջադեպի առթիվ, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Թեև ծառայողական քննություն է նշանակվել, սակայն «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի ուժով միջադեպի մասնակից ոստիկանների լիազորությունները ժամանակավորապես չեն դադարեցվել:
Ոստիկանությունն, իր հերթին, դեպքից 4 օր հետո պարզաբանում է տարածել կատարվածի վերաբերյալ։
«Փետրվարի 9-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում անչափահասներից մեկի և օպերլիազոր Մարտուն Եղիազարյանի առերես հարցաքննությանը մասնակցել են երկու փաստաբան, անչափահասի հայրը և հոգեբան։ Քննչական գործողության ավարտից հետո, երբ օպերլիազորը փորձել է դուրս գալ քննիչի աշխատասենյակից, փաստաբան Մարզպետ Ավագյանն անձնական բնույթի խոսակցություն է ծավալել նրա հետ, ապա նրա հասցեին հնչեցրել հայհոյանք պարունակող արտահայտություններ։ Վիճաբանությանը միացել է նաև փաստաբան Էմանուել Անանյանը։
Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի, քրեական հետախուզության բաժանմունքի պետի և բաժնի այլ ծառայողների միջամտությամբ վիճաբանությունը դադարեցվել է։ Այդ ընթացքում փաստաբան Էմանուել Անանյանը ոտքով հարվածել է օպերլիազոր Վահե Պապոյանին։
Ըստ ծառայողական քննությամբ ձեռք բերված տվյալների՝ ոստիկան-փաստաբան վիճաբանությունը տվյալ պահին դարձել է միջանձնային, քանի որ պաշտպանի կողմից իրականացվել է մասնագիտական գործունեությունից դուրս՝ անձնական քննարկում։ Ուստի անթույլատրելի է կատարվածը մեկնաբանել պաշտպանի մասնագիտական գործունեությունն իրականացնելիս նրա նկատմամբ բռնություն գործադրելու և նրա մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համատեքստում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունը նաև պարզաբանել է փաստաբանների պաշտպանյալների՝ անչափահասների ու ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպը։
«Փետրվարի 8-ին՝ ժամը 16։35-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնի օպերլիազորներ Սահակ Մկրտչյանը և Ստյոպա Ավագյանը ծառայություն են իրականացրել Երևանի Ազատամարտիկների փողոցում։ Զբոսայգում նկատել են շուրջ 20 երիտասարդի, պարզաբանումների նպատակով մոտեցել են նրանց ու ներկայացել, սակայն երիտասարդները դրսևորել են անպարկեշտ վարքագիծ և հայհոյախառն արտահայտություններ հնչեցրել, հրել են օպերլիազորներին, ապա ծեծի ենթարկել նրանց ու գործընկերներին օգնության հասած օպերլիազոր Տարոն Ներսիսյանին։ Վերջինս և Ստյոպա Ավագյանը տարբեր մարմնական վնասվածքներով դիմել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 5 երիտասարդ ձերբակալվել է», – ասվում է հաղորդագրության մեջ։