Մեթոդաբանական ակնարկ
Այս հոդվածը ելնում է հետպատերազմական մեդիայ[ի]ում պատերազմի, խաղաղության և ապագայի փոխկապված դիսկուրսները մի կողմից քննադատորեն ուսումնասիրելու կարևորությունից, իսկ մյուս կողմից՝ պատերազմի, խաղաղության և ապագայի հարցերը քննադատական դիսկուրս վերլուծությամբ ուսումնասիրելու մեթոդաբանություն և հետազոտական գործիք մշակելու գիտական-հետազոտական հետաքրքրությունից։ Այսպիսով, եթե հոդվածի առաջին նպատակը մեդիա դիսկուրսի դուրսբերումն է այս երեք առանցքային գաղափարների շուրջ, ապա երկրորդ՝ ավելի լայն նպատակը փորձարարական-մեթոդաբանական է, որ կարող է օգտակար լինել հետազոտողների և մեդիա քննադատների համար։
Այս առումով մեր հետազոտությունը և հոդվածը ոչ թե հավակնում են վերլուծելու ողջ մեդիա տիրույթը (նույնիսկ դրա զգալի մասը), այլ հետաքրքրասեր հետազոտողներին, լրագրողներին և մեդիա քննադատներին առաջարկում են դիսկուրսի քննադատական սոցիալական տեսության «ակնոցով» ընթերցել երկու լրատվամիջոցի (azatutyun.am, civilnet.am) երկու հաղորդաշարում խաղաղության, պատերազմի և ապագայի հարցերի հոդավորումները՝ հավելվածում գտնելով մեդիա տեքստերի ընտրության, դասակարգման և վերլուծության ուղեցույց-գործիքը։ Թեև ուղեցույց-գործիքում մշակված հետազոտական հարցերը շատ ավելի ընդգրկուն են, քան մեդիայում դրանց հոդավորումը՝ այն կարող է օժանդակել և ուղեկցել ընթերցողին նմանօրինակ ուսումնասիրություններում, ինչպես նաև խթանել մասնագիտական քննարկումներ (ինչու ոչ՝ քննադատություններ) մեթոդաբանական հարցերի շուրջ։
Այսպիսով՝ մեդիայի քննադատական դիսկուրս վերլուծությունն իրականացնելու համար ուսումնասիրել ենք azatutyun.am և civilnet.am լրատվականները՝ դրանցում մասնավորապես քննադատական դիսկուրս վերլուծության միավոր ընտրելով երկու հաղորդաշարեր՝ Կարլեն Ասլանյանի և Արշալույս Մղդեսյանի հարցազրույցները համապատասխանաբար։ Հարցազրույցները հավաքագրվել են օգոստոսի 1- սեպտեմբերի 15-ի ժամանակահատվածում: Ընտրված ժամանակաշրջանում առանձնացրել ենք 24 հարցազրույց, որոնք Ղարաբաղյան երկրորդ պատերազմի համատեքստում անդրադառնում են պատերազմի, խաղաղության և ապագայի հարցերին։
Հաշվի առնելով հետազոտության առավելապես փորձարարական բնույթը՝ ընտրել ենք սեղմ ժամկետ և երկու լրատվամիջոց, որոնք ակտիվորեն վերլուծում են քաղաքական և տարածաշրջանային փոխակերպումները՝ հատկապես հետպատերազմական համատեքստում։ Ինչպես մեդիայի, այնպես էլ սոցիալ-քաղաքական, գաղափարաբանական տարբեր խմբեր ներկայացնող մարդկանց դիսկուրսիվ շերտը բացահայտելու համար՝ ընտրել ենք հարցազրույցի ֆորմատը։
Նորման Ֆերքլաֆի դիսկուրսի քննադատական սոցիալական տեսությունը և մեդիան
Մենք ելնում ենք Նորման Ֆերքլաֆի1 դիսկուրսի [քննադատական] սոցիալական տեսությունից, որ դիտարկում է դիսկուրսն իբրև սոցիալական ակտորների միջև միաժամանակ և՛ հեգեմոնիկ հարաբերությունների պահպանման, և՛ սոցիալական փոփոխության միջոց։ Այս տեսության ուշադրության առանցքում պայքարի և ուժի հարաբերությունների փոփոխությունն է և լեզվի դերը դրանում, այն եղանակների բացահայտումը, որոնց միջոցով հնարավոր է դառնում ճանաչել լեզվի փոփոխությունն ավելի լայն՝ սոցիալական և մշակութային գործընթացների համատեքստում (Fairclough, 1992)։
Համաձայն Ֆերքլաֆի մոտեցման՝ դիսկուրսները ոչ միայն պարզապես արտացոլում և վերաներկայացնում, այլև կառուցում և սահմանում են սոցիալական միավորները և հարաբերությունները (Fairclough, 1992)։
Այս իմաստով քննադատական դիսկուրս վերլուծությունը, նախ և առաջ, բազմաչափ վերլուծության մեթոդ է։ Ֆերքլաֆի եռաստիճան մոդելը (տեքստ, դիսկուրսիվ պրակտիկա և սոցիալական պրակտիկա) հնարավորություն է տալիս ուսումնասիրելու դիսկուրսիվ փոփոխությունը սոցիալական և մշակութային փոփոխության հետ կապի մեջ։ Սա նշանակում է կիրառել դիսկուրս վերլուծությունը սոցիալական փոփոխության ուսումնասիրության համար հասարակագիտական հետազոտության այնպիսի շրջանակում, որ հաշվի է առնում սոցիալական և քաղաքական համատեքստի յուրահատկությունները։ Այստեղ լեզվի ուսումնասիրությունն ինքին դառնում է համակարգի ուսումնասիրություն, ոչ թե լեզվի «օգտագործման» կերպի կամ առանձնահատկությունների ուսումնասիրություն։
Այս եռաստիճան մեթոդը հնարավորություն է տալիս վերլուծելու դիսկուրսիվի և սոցիալական փոփոխության միջև կապը (Fairclough, 1992)։Երկրորդ, այն բազմաֆունկցիոնալ վերլուծության մեթոդ է, միաժամանակ վերաներկայացնում է իրականությունը, սահմանում է սոցիալական հարաբերությունները և ինքնությունները։
Երրորդ, դիսկուրս վերլուծությունն անհրաժեշտաբար պատմական վերլուծության մեթոդ է (Fairclough, 1992)։ Տեքստի մակարդակում պատմական վերլուծությունն արտահայտվում է միջտեքստայնության վերհանմամբ, երբ տեքստերը կառուցվում են այլ տեքստերի յուրահատուկ հոդավորման միջոցով։ Հոդավորումը ենթադրում է տեքստերի հարաբերություն․ այն, թե ինչպես է որևէ տեքստ կառուցվում՝ հղվելով այլ տեքստերի կամ դրանց հետ երկխոսության մեջ մտնելով։ Հոդավորման այդ եղանակները պայմանավորված են և կախված են սոցիալական պայմանների փոփոխությունից։
Չորրորդ, այն պետք է լինի քննադատական վերլուծության մեթոդ։ «Քննադատականն» ըմբռնվում է իբրև թաքնված կապերի և պատճառների բացահայտում, իբրև ներխուժում, օրինակ՝ սոցիալական փոփոխության միջոցով ռեսուրսներ տրամադրելով ոչ արտոնյալ խմբերին։
Եթե դիսկուրսիվ պրակտիկայի չափումը կենտրոնանում է միջտեքստայնության առանցքի վրա, ապա սոցիալական պրակտիկայի չափման վերլուծությունն առանցքային ուշադրություն է դարձնում գաղափարաբանության և հեգեմոնիայի չափումներին՝ իբրև գերիշխման եղանակ, որ կառուցված է միությունների և նմանությունների վրա, ինչպես նաև ենթակա խմբերի միավորման և համաձայնության գեներացման վրա՝ գիտելիքի հավաքական համակարգերի կառուցման միջոցով։
Այսպիսով՝ մենք դիտարկում ենք դիսկուրսն իբրև ստեղծարար ներուժ ունեցող պրակտիկա, որ միաժամանակ և՛ նպաստում է սոցիալական ինքնությունների, սոցիալական հարաբերությունների, գիտելիքի և հավատքի համակարգերի շարունակական վերարտադրությանը, և՛ սոցիալական փոխակերպումներին։ Հետևաբար դիսկուրսն ինչպես գործադրում է իշխանություն և ուժ, այնպես էլ դառնում է դրա համար պայքարի միջոց։
Այս համատեքստում մենք համարում ենք, որ մեդիան գաղափարական ինստիտուտ է, որ բացահայտ և քողարկված քաղաքականություններով նպաստում է այս կամ այն դիսկուրսի և սոցիալական պրակտիկայի վերարտադրությանը։ Հայաստանյան՝ մեծապես կուսակցականացված և օլիգարխիկ շահերին ծառայող մեդիան անցնող տարիների ընթացքում չի նպաստել ղարաբաղյան կոնֆլիկտի, պատերազմի և խաղաղության հարցերի շուրջ հանրային գիտելիքի ձևավորմանը։ Այսօր՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, թեև պատերազմի և խաղաղության հարցերը հնչում են հնարավոր բոլոր մեդիա հարթակներից, սակայն կարևոր է քննադատորեն վերլուծել այն եղանակները և լեզուն, որոնցով դրանք բարձրաձայն մտածվում և քննարկվում են հետպատերազմական մեդիայում։
Խաղաղություն, պատերազմ և ապագա
Վերլուծելով երկու լրատվականների՝ azatutyun.am-ի և civilnet.am-ի երկու հաղորդաշարերը՝ Կարլեն Ասլանյանի և Արշալույս Մղդեսյանի հարցազրույցները օգոստոսի 1- սեպտեմբերի 15 ժամանակահատվածում, դիտարկել ենք, թե ինչպես է մեդիան հարցազրույցներին հրավիրված հյուրերի միջոցով ձևակերպում և հոդավորում խաղաղության, պատերազմի և ապագայի հարցերը, ինչ բառերի և հասկացությունների կիրառությամբ՝ քաղաքական-գաղափարական ինչպիսի տիրապետող նարատիվների [վեր]արտադրությամբ։
Թեև ընդհանուր տպավորությանը, որ հայաստանյան մեդիան Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ողողված է կոնֆլիկտի, խաղաղության,պատերազմի ու ապագայի վերաբերյալ տարատեսակ նյութերով և շարունակաբար վերլուծում է այս հարցերը տարբեր դիտանկյուններից՝ այս երկու լրատվամիջոցների օրինակով նկատում ենք, որ թե՛ հրավիրված փորձագետների, թե՛ ասելիքի նմանությունների առումով հետպատերազմական հայաստանյան մեդիան չի ներկայացնում այս կարևոր հարցերի շուրջ բազմազան ձայներ և տեսակետներ։
Մեդիայում գերիշխող են իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների, ինչպես նաև իբրև փորձագետ դիրքավորվող անհատների դիսկուրսները, որոնք հաճախ քաղաքական երկու բևեռների շրջանակած տիրապետող դիսկուրսների վերարտադրությունը կամ վերաշրջանակումն են անում։ Վերլուծելիս տեսնում ենք նաև, որ այս կարճ ժամանակահատվածում հաղորդաշարերի հյուրերը պարբերաբար կրկնվում են, ինչպես նաև մեկ անգամ չէ, որ հրավիրվում են միևնույն տաղավար՝ հարցազրույցի համար։
Թվացյալ մեդիա բազմազանության հետնախորքին մեծամասամբ իշխանությունների [խաղաղության] օրակարգի և մյուս կողմից՝ դրան ընդդիմադիր դիրքավորվող քաղաքական ուժերի և անհատ փորձագետների դիսկուրսի և տեսակետների ներկայացումն է՝ տպավորություն ստեղծելով, թե հանրային դաշտի ողջ ներկապնակում այդ երկու տարամետ նարատիվներն են միայն։ Երբեմն այս հակընդդեմ դիսկուրսների կողքին նշմարվում են իբրև չեզոք ներկայացվող լայն վերլուծություններ՝ հայացք դրսից։
Շարունակաբար երկու հակադիր քաղաքական նարատիվների (խաղաղության օրակարգի առաջմղումը մի կողմում և դրա արժեզրկումը՝ մյուս կողմում) ներկայացումը մեդիայում ոչ միայն չի նպաստում խաղաղությանն առնչվող հարցերի շուրջ խորքային հանրային-քաղաքական քննարկումներին, այլև վերարտադրում է կոնֆլիկտի շուրջ տիրապետող գիտելիքն ու քաղաքական շահերը։ Ընդ որում՝ այդ կարևոր հարցերի շուրջ տիրապետող դիսկուրսները հոդավորվում և շրջանառվում են մեծապես տղամարդ քաղաքական գործիչների, պաշտոնյաների, քաղաքագետների, կոնֆլիկտի մասնագետների (հազվադեպ դեպքերում՝ միջազգային փորձագետների), առանձին դեպքերում՝ ակադեմիկ-հասարակագետների միջոցով՝ երևան բերելով հարցի շուրջ մասկուլին դիսկուրսի և աշխարհայացքի դոմինանտությունը (դիտարկված ժամանակաշրջանում 24 հարցազրույցից միայն երեքն է կնոջ մասնակցությամբ, որոնցից երկուսը՝ նույն մարդու հետ)։
Ընդհանուր առմամբ մեդիայում գերակայում է խաղաղության և խաղաղ համակեցության երկու մոտեցում․ մի դեպքում դրա տեխնոկրատ մեկնաբանություններն են, մյուս դեպքում՝ դրանց բարդությունը կամ անհնարինությունը սահմանող դիսկուրսները։ Հետպատերազմական մեդիայում հազվադեպ են խաղաղության խորքային՝ արժեքային և հղացական քննարկումները, խաղաղության` իբրև տարածաշրջանային համակեցության նախապայմանի նարատիվները։
Եթե առաջին դեպքում խաղաղությունը հիմնավորվում է իբրև պատերազմի հավանականությունը բացառելու կամ զսպելու քաղաքական մեխանիզմ, ինչպես նաև ստեղծված տարածաշրջանային դասավորությունների պայմաններում այլընտրանք չունեցող իրապաշտական քաղաքական հաշվարկ, ապա երկրորդ դեպքում խաղաղությունը և խաղաղ համակեցությունը քննարկվում են գալիք վերահաս վտանգների և անորոշությունների համատեքստում այն քաղաքական աշխարհընկալմամբ, որ կոնֆլիկտները և պատերազմներն են [աշխարհա]քաղաքական հարաբերությունների և դասավորությունների շարժիչ ուժը՝ այն «բնական» միջավայրը, որում հարաբերվում են պետությունները և հասարակությունները։ Այս ընկալման մեջ խաղաղությունը թեև ձևակերպվում է իբրև տարածաշրջանային հարաբերությունների «երանելի» դրություն, բայց գնահատվում է իբրև «երևակայական» կամ «անիրատեսական» մի բան։
Հաճախ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը թեև շրջանակվում է իբրև անհրաժեշտություն, բայց ձևակերպվում է «ցավոտ լուծումների» գնալու գաղափարով՝ ամրապնդելով խաղաղությունը՝ զոհի դիրքից հարկադրաբար գնալու, արդյունքում էլ կորուստներ ունենալու հարանշանակությունը։
Լեգիտիմացված պատերազմ[ներ]ի մեր ժամանակներում «աշխարհակարգի փոփոխության» և «գլոբալ խաղացողների միջև վերադասավորումների» շուրջ վերլուծությունների հետնախորքին նվազեցվում է Հայաստանի՝ իբրև պետության սուբյեկտությունը կոնֆլիկտի լուծման տեսանկյունից՝ դրա հանգուցալուծման հնարավոր ելքերը թողնելով Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմի հնարավոր ելքերով։ Այս համատեքստում մեդիայում տիրապետող են Ռուսաստան-Հայաստան հարաբերություների պատերնալիստական, ենթակայական հարաբերությունները վերահաստատող ձևակերպումները, ինչպես նաև Ադրբեջանի՝ իբրև տարածաշրջանում իշխողի ու ճնշողի վերաներկայացումները․ «պարտված և վերջնական փլուզված Ռուսաստանը Հայաստանի համար շատ ավելի վտանգավոր կարող է դառնալ», «Ռուսաստանի անհաջողությունները Ուկրաինայում բարձրացնում են Ադրբեջանի ակտիվությունը այս դաշտում», «ինչքան Ռուսաստանը թաղվում է Ուկրաինայի հետ պատերազմի մեջ, այնքան Ադրբեջանը լկտիանում է և կիրառում է ուժ՝ առանց վախենալու, որ կլինի հակազդեցություն Ռուսաստանի կողմից», «Ադրբեջանն անում է իր համար շահավետ մաքսիմալը՝ պայմանավորված աշխարհի այլ տեղերում ընթացող առճակատումներով» և այլն։
Միաժամանակ նկատում ենք, որ մեդիայում տիրապետող են աշխարհաքաղաքական մեծ վերլուծությունների և զարգացումների սցենարները (որոնք չափից դուրս վերացական են ինչպես սխալ, այնպես էլ ճշմարիտ լինելու համար), որոնց հետնախորքին Հայաստանը և տարածաշրջանային գործընթացները մեկնաբանվում են «սեփական փոքրությունը» ցույց տալու համար։
Ընդհանուր առմամբ մեդիայում պատերազմի, խաղաղության և ապագայի հարցերը ձևակերպվում են Ռուսաստանի՝ տարածաշրջանում ունեցած հեգեմոն դերի, ուժի և հնարավորությունների հետ անմիջական կապի մեջ։ Այս հարցերի՝ գերազանցապես Ռուսաստանով շրջանակումը տիրապետող դիսկուրս է մեդիայում։ Դիտարկված շրջանի լրատվամիջոցներում հաճախ կհանդիպենք «հայ-ռուսական հարաբերությունները բաց նարդիի են նման», «ինչ անհրաժեշտություն կա՞, այն պայմաններում, երբ մենք ամբողջությամբ կախված ենք ՌԴ-ից, անել հայտարարություններ, որոնք քննադատում ինչ-որ կերպ Ռուսաստանին», «տարածաշրջանում անվտանգության ապահովման հիմնական գործոնը և մեծ դերակատարություն ունեցողը Ռուսաստանն է», «ո՞րն է Ռուսաստանի դիրքորշումը ստեղծված իրադրության մեջ» և այլն։
Ռուսաստանի և Հայաստանի ենթակայական հարաբերությունների շուրջ փորձագիտական վերլուծությունները երբեմն գրոտեսկի են հասնում։ Հարցազրույցներից մեկում, օրինակ, Սիվիլնեթի հյուրը «օբյեկտիվ վստահություն է հայտնում», որ «Ռուսաստանը թույլ չի տա, որ Արցախում լինի պատերազմ, քանի որ էդտեղ նաև իր զինվորները պետք է կռվեն»։ Մեկ այլ դեպքում պատերազմի հավանականությունը բացառվում է՝ ելնելով քաղաքական «զգացողությունից»՝ «պատերազմ չի լինի՝ իննսուն տոկոսով զգում եմ, որ այդ պատերազմը հնարավոր չէ»։
Փորձագիտական կամ քաղաքական պատկերացումներով կամ զգացողություններով շրջանակված այս վստահ, բայց քննարկման և խնդրականացման ենթակա հայտարարությունները չեն հարցադրվում մեդիայի կողմից, չեն դառնում լրագրողական հարցախույզի առարկա։ Իշխանությունների «խաղաղության օրակարգին» իրենց ընդդիմադիր դիրքավորող գործիչները հակադրում են «խաղաղությունը պատերազմի օրակարգ է» նարատիվը։ Այս համատեքստում նկատում ենք նաև, որ խաղաղության և խաղաղ համակեցության դիսկուրսները մեդիայում ուղեկցվում են կորստի, ցավոտ լուծումների և հանուն խաղաղության վճարվող գնի մասին ձևակերպումներով՝ շրջանակելով «Ղարաբաղը խաղաղության դիմաց» նարատիվը, որ տիրապետող է դարձել Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։
Է՛լ ավելի մեծ վտանգների և վախերի ծիրում է քննարկվում խաղաղության պայմանագրի հնարավորությունը։ Ընդհանուր հանրային-քաղաքական նիհիլիզմի պայմաններում գերիշխող է խաղաղության պայմանագրի արժեզրկումն այն իմաստով, որ դրա լինելությունը չի երաշխավորելու խաղաղության հաստատումը։ Ըստ էության, այս տիրապետող դիսկուրսը ձևակերպում են թե՛ ընդդիմադիր գործիչները, թե՛ իրենց անկախ դիրքավորող փորձագիտական շրջանակի մի հատվածը։ Ավելին՝ խաղաղության պայմանագիրն արժեզրկվում է ոչ միայն իբրև խաղաղությանը չհանգեցնող փաստաթուղթ, այլև դրան հակադիր մի բան․ հարցականի տակ է դրվում ոչ թե այն ստորագրելու հնարավորությունը, այլ այն, որ փաստաթուղթը չի կարողանալու հարթել երկու կողմերի միջև խորը հակասությունները։
Այս դիսկուրսը վերարտադրում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հավերժականության և անլուծելության՝ տարիների ընթացքում տիրապետող դարձած գաղափարաբանությունը։ Խաղաղության «թուղթը», ինչպես երբեմն բնորոշվում է խաղաղության պայմանագիրը, ըստ քաղաքական գործիչների և փորձագետների, չի լուծելու կոնֆլիկտող կողմերի միջև առկա արմատական հակասությունները։ Միաժամանակ չի ձևակերպվում, թե ինչն է կարող մեղմել այդ արմատական հակասությունները։ Մերժողականության այս հետնախորքին խաղաղության պայմանագրի՝ իբրև երկարամյա կոնֆլիկտը հանգուցալուծելու և տարածաշրջանում խաղաղ համակեցության պայմաններ ստեղծելու հնարավորության վերաբերյալ նարատիվները հազվադեպ են։ Ընդամենը մեկ դեպքում ենք նկատում, որ Ազատության լրագրողը փորձ է անում հակադրվելու հյուրի տեսակետին և հարցնելու՝ արդյոք խաղաղության պայմանագիրն ինքնին հավանական պատերազմը զսպելու մեխանիզմ չէ։
Ընդհանուր առմամբ գերիշխող մոտեցումն այն է, որ խաղաղության պայմանագիրը ճնշված և անուժ Հայաստանին պարտադրվող փաստաթուղթ է, որը չի պարունակում Հայաստանի և Ղարաբաղի շահերը, ավելին՝ հակադիր է դրանց։
Միայն առանձին դեպքերում իշխանությունների այն ներկայացուցիչները, որոնք առավել անկաշկանդ են խոսում խաղաղության և տարածաշրջանում խաղաղ համակեցության մասին, խաղաղության պայմանագիրը ձևակերպում են իբրև գործընթաց՝ Ադրբեջանի հետ շարունակական երկխոսության, տարբերվող դիրքորոշումները շարունակաբար քննարկելու, ընդհանուր հատման կետեր գտնելու փորձ։
«Չակերտավոր խաղաղության դարաշրջան», «խաղաղության դարաշրջանը ձեռառնոցի է», «իդեալական խաղաղություն երբեք չի լինի», «արժանապատվությունը նվաստացնող խաղաղություն», «ծանր զիջումների ստորագրում», «Արցախը չի կարող լինել այդ «խաղաղության պայմանագրի» գինը․ ահա այսպիսի ձևակերպումներով է հաճախ ուղեկցվում խաղաղության հարցի քննարկումը հետազոտված ժամանակաշրջանում։
Խաղաղ համակեցության հարցը կապելով ապագայի հետ՝ իշխանությունների հայտարարած խաղաղության դարաշրջանը և խաղաղության պայմանագիրը ընդդիմադիր բևեռը ձևակերպում է իբրև անհավանական՝ հղվելով Ադրբեջանի նվաճողական և ենթակայեցնող քաղաքականություններին։ Թեև հազվադեպ, բայց մեդիայում ձևակերպվում է նաև տարածաշրջանում հարևանություն անելու անհրաժեշտության դիսկուրսը․ «Մենք կարող ենք ընկերություն և բարեկամություն չանել հարևանների հետ, բայց հարևանություն պիտի անենք»:
Ապագայի հոդավորման առնչությամբ նկատում ենք, որ տիրապետող է Հայաստանի և Ղարաբաղի ապագաների շաղկապման և փոխպայմանավորման քաղաքական դիսկուրսը, որի պատմական արմատները հասնում են մինչև 1988 թ․ Ղարաբաղյան շարժում և նորանկախ Հայաստան, երբ ազգային և պետական ինքնությունները հետևողականորեն կառուցվում էին Ղարաբաղի առանցքի և առաջին պատերազմի հաղթանակի շուրջ (Ժամակոչյան, 2016):
Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ըմբռնումը, որ Հայաստանի ապագան մեծապես կախված է Ղարաբաղի ապագայից, շարունակում է տիրապետող մնալ հայաստանյան մեդիա տիրույթում և փորձագիտական շրջանակներում։ Միաժամանակ մեծ թերահավատության առարկա է Հայաստանի քաղաքական սուբյեկտությունը և կարողությունը՝ ազդելու այդ ապագայի ձևավորման ընթացքի վրա Ռուսաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ուժի հետնախորքին։ Հայաստանը պատկերվում է որպես որոշում կայացնելու սուբյեկտությունից զուրկ և վտանգված ինքնիշխանությամբ պետություն։
Մյուս կողմից մեդիայում ներկայացված ընդդիմությունը ապագայի հարցերն առավելապես կապում է օրվա իշխանության հեռացման հարցի հետ։ Հայաստանի ու դրանից բխող Ղարաբաղի ապագայի առնչությամբ մեդիայում տիրապետող են երկու հիմնական մոտեցում, որոնք եզրագծվում են ռուս խաղաղապահների առկայության կամ բացակայության, միջանցք տալու-չտալու հարցերով։ Այս սցենարներում Հայաստանի ու Ղարաբաղի ապագան որոշարկվում է Ռուսաստանի կամքով և Հայաստանի վրա գործադրվող ուժի աստիճանով ու ենթակայական հարաբերություններով։
Ամփոփում
Ավանդաբար մեդիա վերլուծությունները շեշտադրել են դրա՝ տեղեկատվությունը զտելու, հանրային կարծիքի ձևավորման գործում մի իմաստով տեղեկատվության «դարպասապահի» դեր իրականացնելու գործառույթը։ Դրանք հիմա էլ կարող են լինել տեղեկատվության «դարպասապահներ», սակայն մարդկանց հետ հաղորդակցության եղանակները լրջորեն փոխվել են։
Չնայած տեղեկատվական աղբյուրների բազմազանությանը՝ մեդիան շարունակում է զտել սոցիալական աշխարհը տեսնելու եղանակները․ մենք քաղաքական կամ տնտեսական համակարգերի հետ ուղղակիորեն և խորապես առնչվելու այլևս քիչ հնարավորություն ունենք, դրանց մասին մեր միջնորդավորված պատկերացումներում մեծ տեղ ունեն մեդիա հոսքերը:
Լումանն ասում է․ «Այն ամենը, ինչ մենք գիտենք մեր հասարակության, նույնիսկ ողջ աշխարհի մասին, որում մենք ապրում ենք, մենք գիտենք զանգվածային լրատվամիջոցներից» (Luhmann, 2000, 9)։ Սակայն Լումանը նաև շարունակում է. «Բայց մենք նաև բավարար չափով գիտենք մեդիան, որպեսզի չվստահենք այդ աղբյուրին: Մենք դիմադրում ենք դրան՝ կասկածելով մանիպուլյացիան, բայց դա մնում է առանց հետևանքի, քանի որ այն գիտելիքները, որ ստանում ենք զանգվածային լրատվամիջոցներից, կարծես ինքնաբերաբար, դառնում են իրար ուժեղացնող կառուցվածքներ» (Luhmann, 2000, 9)։
Մեդիա քննադատության առանցքը հաճախ նաև ուղղված է այն ինստիտուցիոնալ կառուցվածքներին և հարաբերություններին (խոշոր կապիտալի, քաղաքական և օլիգարխիկ խմբերի կողմից մեդիա դաշտի զավթումը, գովազդի շուկան և այլն), որոնց շրջանակում մեդիան գործառնում է՝ դառնալով մեդիան վերահսկող և ֆինանսավորող մեծ շահերի քարոզիչը (Chomsky, Herman, 1988)։ Այս շահերի ներկայացուցիչները ունեն իրենց օրակարգերը, և այդ օրակարգի առանցքային բաղադրիչ է նաև հավատարիմ մեդիա ինդուստրիայի վերարտադրությունը։ Այս դրությունն էականորեն խեղում է մեդիայի՝ իբրև հանրային ոլորտի, դերակատարումը։
Ժողովրդավարական կանխադրույթն այն է, որ մեդիան անկախ է և միտված ճշմարտության բացահայտմանն ու լուսաբանմանը, սակայն ժամանակակից դրությունը երևան է բերում մեդիայի մեծ կախվածությունը քաղաքական համատեքստից։
2022 թ․ մայիսի 9-ին մի խումբ քաղաքացիներ հանրայնացրին «Խաղաղություն՝ առանց բայցերի» մանիֆեստին, որն ի սկզբանե տեղ գտավ միայն epress.am լրատվամիջոցում։ Սոցիալական ցանցերում մեծ հնչեղություն ստացած այս տեքստը լրատվամիջոցների զգալի մասի կամ դրանց հետ փոխկապված լրագրողների ու խմբագիրների կողմից արժանացավ կամ հեգնանքի՝ տեքստի համահեղինակներին և դրան միացողներին մեղադրելով [աշխարհա]քաղաքական նաիվության մեջ, կամ «գառան հնազանդությամբ երկիրն ադրբեջանահպատակության տանելու հերթական պատվերն» իրականացնելու դավադրության մեջ։ Սակայն գտնվեցին նաև իրենց չեզոք և օբյեկտիվ լրագրության ջատագով դիրքավորող և նման համբավ ունեցող լրատվամիջոցներ, որոնք չպահպանեցին իրենց իսկ հռչակած՝ «երկու տեսակետ» ներկայացնելու կանոնը և տեղ տվեցին միայն խաղաղության հակամանիֆեստին, որտեղ դրա համահեղինակները և ստորագրողները անվանվում էին «դահճի հետ ամեն գնով խաղաղություն պարտադրող», «կրկին ցեղասպանության և հայրենազրկման ուղարկող», «Հայաստանի հակաժողովրդավարության աջակից» և այլն։
Տեսնում ենք, որ մեդիան միշտ ունի և անում է իր ընտրությունը՝ լինի դա գաղափարական, արժեքային, թե քաղաքական շահից դրդված։ Անաչառ և օբյեկտիվ լրատվության կոնստրուկը հեշտորեն ապակառուցվում է հենց այսպիսի զգայուն հարցերի քննարկմանը տեղ և հարթակ տալով կամ չտալով։ Այսպիսով՝ նման արմատական ձայները խաղաղության շուրջ հայաստանյան մեդիայի տիրապետող հատվածում մնում են կամ չլսված, կամ ենթարկվում են հարձակման «սև բլուզավորի» կողմից։
Ինչպես գրում էր Ֆերքլաֆը, տեքստերը հակասական են և ենթակա են բազմաթիվ մեկնաբանությունների․ մեկնաբանողները սովորաբար նվազեցնում են հակասության ուժը՝ ընտրելով այս կամ այն դիտակետը կամ մեկնաբանությունը։ Սա հավասարապես վերաբերում է ինչպես տեքստ (լայն իմաստով) արտադրող մեդիային, այնպես էլ այդ տեքստը վերլուծող հետազոտողին։
Հենվելով մեր այս ուսումնասիրության, ինչպես նաև ընդհանուր առմամբ մեր հետազոտական դիտարկումների վրա՝ մենք նկատում ենք, որ խաղաղության, պատերազմի և ապագայի մասին տեքստ արտադրող «գաղափարական ինստիտուցիան»՝ մեդիան, հաճախ կայուն, քաղաքական իմաստով հաստատված և տիրապետող դիսկուրսները շարունաբար վերաներկայացնում է՝ նպաստելով, որ դրանք մնան իբրև անփոփոխ ողջախոհություններ։ Քննադատական հետազոտական դիտակետն իր հերթին հուշում է, որ կայուն կամ այդպիսիք համարվող դիսկուրսները չպետք է գերագնահատվեն՝ ելնելով դրանց փոխակերպման ներուժից և տարաբնույթ սոցիալական և քաղաքական հարաբերությունները վերակառուցելու հնարավորությունից։
Մեդիայի քննադատական դիսկուրս վերլուծության ուղեցույցը կարող եք գտնել այստեղ։
Մեդիա նյութերի հավաքագրումը և դասակարգումը՝ Շահանե Խաչատրյանի
Վերլուծությունը՝ Մարիամ Խալաթյանի, Արփի Մանուսյանի, Նվարդ Մարգարյանի
Մեթոդաբանության, գործիքի մշակումը և համադրական խմբագրությունը՝ Արփի Մանուսյանի
Գրականություն
- Ժամակոչյան, Ա․ (2016). Հայաստանը «ազգային միասնության» թակարդում․ Փոփոխության որոնումներ․ Սոցիոսկոպ ՀԿ։
- Chomsky, N., Herman, E.S. (1998). Manufacturing Consent: The Political Economy of the Mass Media. Pantheon Books.
- Fairclough, N. (1992). Discourse and Social Change. Polity Press.
- Luhmann, N. (2000). The Reality of the Mass Media. Polity Press.
1 Նորման Ֆերքլաֆը լեզվաբանության պրոֆեսոր է, քննադատական դիսկուրս վերլուծության տեսամեթոդաբանության հիմնադիրներից մեկը։