Հայաստանում ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ) կստեղծվի, որը կմիավորի Ոստիկանությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանն ու Միգրացիոն ծառայությանը։
Գործող օրենսդրությամբ Ոստիկանությունը կառավարությանն առընթեր մարմին է․ նախարարության կարգավիճակ ստանալու դեպքում այն կմտնի կառավարության կազմի մեջ, հետևաբար՝ հաշվետու կլինի Ազգային ժողովին։ Նախարարն էլ կարող է կուսակցական լինել։
Ավելի վաղ, երբ կառավարությունը քննարկում էր ՆԳՆ ձևավորելու հարցը, նշվում էր, որ ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել կառույցի ամենօրյա և անմիջական ղեկավարումը, իսկ ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման համար, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում։ Մոտավորապես այնպես, ինչպես Պաշտպանության նախարարության դեպքում էր․ նախարարությունը մշակում էր ընդհանուր քաղաքականությունը, ԳՇ պետը՝ իրականացնում կառույցի անմիջական ղեկավարումը։
Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ Ոստիկանապետը և Փրկարար ծառայության պետը իրենց պաշտոնները կհամատեղեն ներքին գործերի փոխնախարարի պաշտոնի հետ։
Նոր ՆԳՆ-ն կտարբերվի խորհրդայինից
«Ներքին գործերի նախարարությունը, փաստորեն, կդառնա ոլորտային ներքին քաղաքականություն մշակող մարմին։ Ուժային կառույցների նկատմամբ ժողովրդավարական վերահսկողություն իրականացնելը խորհրդարանական կառավարման մոդելով առաջնորդվող երկրների կարևոր սկզբունքներից մեկն է, իսկ ՆԳՆ-ի ստեղծման ճանապարհով մենք ոչ միայն կառույցն ավելի վերահսկելի կդարձնենք, այլև կնպաստենք դրա թափանցիկ գործելաոճին և հաշվետվողականության ավելացմանը», – Ազգային ժողովում այսօր նշեց ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ երեք կառույցներն էլ՝ Ոստիկանությունը, Միգրացիոն ծառայությունն ու ԱԻՆ-ը, աշխատում են ճգնաժամային իրավիճակներում, ունեն իրենց հատկացված համապատասխան ենթակառուցվածքներ, մեթոդաբանական ասպեկտով գործիքակազմ, հետևաբար կարող են իրար փոխլրացնող էֆեկտով շատ ավելի արդյունավետ հասնել խնդրի լուծմանը․ «Մենք ելանք այն հանգամանքից, որ աղետների, ճգնաժամային այլ իրավիճակների պարագայում պետք է ունենանք մի կետից կառավարում, որը թույլ կտա ունենալ միասնական քաղաքականություն»:
Փոխնախարարը ներկայացրեց այն գործառույթները, որոնք պետք է կազմակերպվեն ՆԳՆ-ի տանիքի ներքո՝ հասարարական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում ու բացահայտում, աղետների, ռիսկերի կառավարում, պետական ռեզերվների կառավարում, հումանիտար հարցեր, միգրացիայի և քաղաքացիության վերաբերյալ հարցեր:
Նախագիծը դեռ նախնական փուլում է․ խորհրդարանում այսօր թեմային նվիրված լսումներ էին։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խոսքով՝ լսումներից հետո նախագիծը կամբողջացվի ու սեպտեմբերից կմտնի Ազգային ժողով՝ լիագումար նիստ։
«Սա ավտոմատ ԱԻՆ-ը ՆԳՆ սարքելու նախագիծ չէ։ Մենք շատ կարևոր մի համակցություն պիտի անենք Փրկարար ծառայության, Ոստիկանության և մյուս մեր բոլոր կարևոր ծառայությունների միջև։ Այդ իմաստով Ներքին գործերի նախարարության կառուցվածքը լինելու է շատ հարուստ, իրար հետ կարևոր կապերով միաթելված, բայց միևնույն ժամանակ տրամաբանորեն խնայելու է հսկայական ռեսուրսներ՝ առանձին մի քանի մարմիններ դրանց փոխարեն պահելու համար», – նշել է Անդրեասյանը։ Ըստ նրա, նոր նախարարությունը կստեղծվի գործող ԱԻՆ-ի հիմքով՝ զրոյից չանելու համար։
Դրական կողմերից բանախոսներն ընդգծում էին հատկապես խորհրարանական վերահսկողությունն ու կրկնվող գործառույթների բացառումը։
ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց նաև բացասական ռիսկերի մասին․ 1990-ականներին, երբ Հայաստանում Ներքին գործերի նախարարություն կար, «համակարգը չխուսափեց քաղաքական ու տնտեսական գործընթացներում մխրճված լինելու և կուսակցականության մեղադրանքներից»։
Օրենքի հեղինակները վստահեցնում են, որ իրենց առաջարկը 90-ակնների ՆԳՆ-ի վերականգնում չէ, այլ՝ բոլորովին նոր համակարգ։ Օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանի խոսքով՝ նոր նախարարության աշխատակիցները հիմնականում քաղաքացիական ծառայողներ են լինելու, որոնք վերահսկելու են ոստիկանների գործողությունները։ Արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանն էլ հավելեց՝ նախարարությունը մշակելու է քաղաքականությունը, իսկ ոստիկանությունն այն իրականացնելու է․ այս տարանջատումը նաև վերահսկողության և զսպման մեխանիզմներ է ապահովելու։
Արտաքին հետախուզական առանձին մարմին
Կառավարությունը նախատեսում է առանձին արտաքին հետախուզական մարմին ստեղծել՝ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Կառավարությունը ԱԺ-ի մեր քաղաքական թիմի հետ 3 ուղղությամբ լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում: Դրանցից մեկը Ոստիկանության բարեփոխումներն են, մյուսը՝ ՊՆ-ի, ԶՈՒ բարեփոխումները: Այս բարեփոխումների համատեքստում մենք պլանավորում ենք ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին: Եվ ԱԽ գրասենյակն արդեն գործընկերների հետ քննարկումներ է սկսել այս նոր կառույցի ձևավորման համար: Ոստիկանության բարեփոխումները այս լայն կոնտեքստում պետք է դիտարկել: Դրա հիմքում դրված է նաև ժողովրդավարական կոնցեպտը», – ասաց ԱԽ քարտուղարը: