Home / Ոստիկանություն / Այս վրաերթի պատասխանատվությունը կիսում են ոստիկանության ղեկավարները

Այս վրաերթի պատասխանատվությունը կիսում են ոստիկանության ղեկավարները

Ոստիկանության ավտոտնտեսության պետ (Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի ընկեր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի սանիկ) Վարդան Ավագյանը մահացու վրաերթի է ենթարկել մոտ 60-ամյա մի կնոջը՝ գրել է իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը։

Դեպքը, ըստ նրա, տեղի է ունեցել մարտի 21 լույս 22-ի գիշերը՝ Պարոնյան փողոցի վրա։

«Վրաերթը, ինձ հասած տեղեկություններով, կատարել է խմած վիճակում` ծառայողական ավտոմոբիլով և օպերատիվ համարանիշերով։ […] Այս վրաերթի պատասխանատվությունը կիսում են ոստիկանության ղեկավար կազմի բոլոր այն ներկայացուցիչները, որոնք աջ ու ձախ օպերատիվ համարանիշներ են բաժանում ու պարեկներին հրահանգում են աչք փակել ոստիկանների կատարած խախտումների վրա», – հավելել է իրավապաշտպանը։

Հարցին՝ «ՆԳՆ ընկերոջ պահը հաստատվե՞ց», Իոաննիսյանը պատասխանել է․

«Ո՞ր պահը՝ որ ՆԳ նախարարի ընկե՞րն է, որ Հովիկ Աբրահամյանի սանի՞կն է, որ իր ընտանիքի անդամները [նախկին նախարար Ռոբերտ Քոչարյանի որդի] Լևոն Քոչարյանի սանի՞կն են, որ խմա՞ծ է եղել, որ օպերատիվ համարներո՞վ է եղել, թե՞ որ ոստիկանությունը սվոդկաներից էս դեպքը հանել է, որ հանրությունը չիմանա»։

Իրավիճակը, ըստ նրա, «բառացի և տառացի» հենց այսպիսին է։

Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հաստատել է՝ վթար է եղել, դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևելության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), անձն ինքնակամ ներկայացել է իրավապահներին։ Նրան մեղադրանք է ներկայացվել։ Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Գործի շրջանակներում, ըստ Աբրահամյանի, «բողոք չի ներկայացվել»: Մեղադրյալի խմածության վերաբերյալ նա «տվյալներ չունի»։

Արդյոք Ավագյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից՝ պարզ չէ։ Պաշտոնական որևէ տեղեկություն այդ մասին չկա։

Իոաննիսյանը վստահ է՝ քրեական գործով քննարկման առարկա չի դառնալու նաև օպերատիվ պետհամարանիշների տրամադրման հարցը։ Օպերատիվ համարները անխափան երթևեկության արտոնություն են տալիս, վարորդը, օրինակ, կարող է ավտոմեքենան արագ վարել, հոծ գիծ հատել կամ երկրորդ շարքով կանգնել, բայց չտուգանվել, քանի որ տեսախցիկներն օպերատիվ պետհամարանիշների խախտումները չեն գրանցում, դրանք հաճախ հիմնավորում են իբրև ծառայողական անհրաժեշտություն: