Home / Հայաստան / Մասիվի ոստիկանությունը չգրավողներին կբուժեն և կդատեն որպես ահաբեկիչների

Մասիվի ոստիկանությունը չգրավողներին կբուժեն և կդատեն որպես ահաբեկիչների

Մարտի 24-ին Ոստիկանության Նոր-Նորքի բաժնում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ահաբեկչության հոդվածով։ Չնայած ոստիկանամետ մամուլը միջադեպը մինչ այս փորձում էր կապել «Մարտական եղբայրություն» միաբանության հետ, որի անդամներին նույն օրն առավոտյան բերման էին ենթարկել տարբեր բաժիններ, ոստիկանությունը արդեն պաշտոնապես հաստատել է՝ երեք մեղադրյալներն էլ «Ազգային-ժողովրդական բևեռի» (նախկին Սասնա ծռեր) անդամներ են։ Որևէ կապ «Մարտական եղբայրության» հետ նրանք չունեն։

Պաշտոնական վարկածի համաձայն, մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Նոր Նորքի ոստիկանական բաժնի ընդունարան են ներխուժել նռնակներով զինված երեք անձինք։ Այդ պահին «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Մասիս Շիրոյանը և Ավետիս Ավետիսյանը արդեն ազատ էին արձակված։

«Բևեռը» հրապարակել է ներխուժողների անունները՝ Վարդգես Գևորգյան, Արթուր Մովսիսյան, Ստեփան Հովակիմյան, և նրանց ներկայացրած պահանջները՝ հեռացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, «կռվել, ոչ թե թողնել, որ թուրքի յաթաղանը ներս մտնի»։ Պահանջներ առաջ քաշելիս՝ նռնակներով զինված տղամարդիկ հայտարարել են, թե Փաշինյանը «հողերը հերթով հանձնում է», իրենց նման կռվող «տղերքին էլ ձերբակալում են»։

ՆԳՆ հաղորդագրության համաձայն, ժամը 17։00-ին հիշատակված երեք անձինք մոտեցել են ոստիկանական բաժնի հերթապահ մասի բաց պատուհանին և սպառնացել են ձեռքի նռնակներով պայթեցնել բաժինը։ Հերթապահ ոստիկանը փակել է պատուհանը, սպառնացողներից մեկը՝  55-ամյա Ա․Մ․-ն (Արթուր Մովսիսյանը) իր ձեռքի նռնակներից մեկը ցած է նետել։ Պայթունը տեղի է ունեցել մուտքի դռան դիմաց։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է հենց նռնակը գործադրողը՝ 55-ամյա Ա․Մ․-ն, և նրա ընկերը՝ 51-ամյա Վ․Գ․-ին (Վարդգես Գևորգյանը)։ Տղամարդիկ ոտքերի բեկորային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Снимок экрана 2024-03-26 174329
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասը նռնակի պայթյունից հետո, սքրինշոթը՝ ՆԳՆ հոլովակինց

Նրանց երրորդ ընկերը՝ 34-ամյա Ս․Հ․-ն (Ստեփան Հովակիմյան), նռնակները ձեռքին մնացել է ոստիկանության բաժնի մոտ։ Նրա հետ բանակցելու է եկել նաև ՆԳ փոխնախարար, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։

Մոտ երկու ժամ անց տղամարդը վնասազերծվել է ԱԱԾ-ականների կողմից և բերման ենարկվել։

Снимок экрана 2024-03-26 173537
34-ամյա Ս․Հ․-ն ոստիկանության բաժնի դիմաց բանակցում է ուժայինների հետ, սրքինշոթը՝ ՆԳՆ հոլովակից

Քննչական կոմիտեն տեղեկացրել է՝ 3 անձի նկատմամբ (ահաբեկչության հոդվածով) քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել։ 

Երեկ Ազգային-ժողովրդավարական բևեռից ահազանգել են՝ ուժայինները խուզարկություններ են արել իրենց անդամների բնակարաններում։ Արդեն այսօր Քննչականը զեկուցել է՝ Բևեռի գրասենյակ ծառայող տարածքում խուզարկությունների արդյունքում հայտնաբերել են զենք-զինամթերք, սխեմաներ և այլ փաստաթղթեր։ Հարցաքննել են մեկ տասնյակից ավել անձանց։

(թարմացում – Բևեռից ավելի ուշ հերքել են, որ խուզարկությունը իրենց գրասենյակում է արվել):

photo_2024-03-26_13-06-29 (1)
Լուսանկարներում՝ խուզարկության արդյունքները / ՔԿ

Կոմիտեի հաղորդագրությունում մասնավորապես նշվում է, որ ոստիկանական բաժին մտած զինված մարդիկ շենքը պայթեցնելու սպառնալիքներ են հնչեցրել, հերթապահ մասի ոստիկաններից «պահանջել են ազատ արձակել իրենց համախոհներին», բացել հերթապահ մասի դուռը, իրենց տալ այնտեղ պահվող զենքերը և ազատել շենքը։

Թեև միջադեպի հեղինակները նույն օրը առավոտյան բերման ենթարկված՝ «Մարտական եղբայրության» անդամներին որպես համախոհ էին ներկայացնում, Միաբանությունից միջադեպից անմիջապես հետո հայտարարել էին՝ որևէ կապ չունեն ո՛չ ոստիկանություն ներխուժած մարդկանց, ո՛չ էլ «Ազգային-ժողովրդական բևեռի» հետ։ «Մարտական եղբայրությունը» տեղի ունեցածը կտրուկ դատապարտել էր և հայտարարել, որ մերժում է «ցանկացած տիպի ահաբեկչական գործունեություն»։

կոնտեքստ

Վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները պատճառաբանվում են Տավուշի սահմանամերձ գոտուն առնչվող բանակցային զարգացումներով։ 

Բաքուն պահանջում է իր վերահսկողությանը վերադարձնել 4 ոչ էքսկլավային գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղ-Ասքիփարայը, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, որոնք Խորհրդային Ադրբեջանի մաս են կազմել, բայց 90-ականներից հետո գտնվել են հայկական կողմի փաստացի վերահսկողության ներքո։ Թեև այդ գյուղերը հիմնականում անբնակ են, դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը և Հայաստան մտնող գազամուղը:

Հայաստանի իշխանությունները չեն հերքում, որ այս գյուղերը Ադրբեջանի տարածքի մաս են կազմում։ Հայկական Ոսկեպար ու Կիրանց սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնարկում էր՝ եթե այդ գյուղերը չփոխանցվեն Ադրբեջանին, նոր պատերազմի հավականությունը մեծ է լինելու։ 

Այս հեռանկարին դեմ են Հայաստանի ընդդիմադիր խմբերը։ Որոշները հայտարարում են, թե հիշատակված գյուղերը չպետք է «հանձնվեն»։ Որոշները խոսում են լոգիստիկ և ենթակառուցվածքային այն խնդիրների մասին, որոնք ծագելու են 4 գյուղերի, մասնավորապես՝ Ոսկեպարի հարևանությամբ գտնվող Աշաղ-Ասքիփարայի (Ներքին Ոսկեպար) փոխանցումից հետո։ Տեղացիներն ասում են՝ Ոսկեպարի ճանապարհը դեպի Նոյեմբերյան և Իջևան փակվելու է, ոսկեպարցիները հայտնվելու են ադրբեջանական պոստերից մետրերի հեռավորության վրա։

Այս օրերին Ոսկեպար են գնում ամենատարբեր խմբեր՝ ընդդիմադիր պատգամավորներ, ՀԿ-ներ և այլն։ «Մարտական եղբայրություն» միաբանությունից էլ են եկել, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատարն է այցելել, «Ազատազենից» էլ մարդիկ կային, ԱԺԲ-ականներ էլ գնալու մտադրություն հայտնում։

տե՛ս Զինված հարձակում Մասիվի ոստիկանության վրա․ մեկնաբանություններ