Անհայտ և ենթադրաբար զինված անձինք փորձել են ներխուժել Նոր Նորքի ոստիկանական բաժին։
Ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Մելքոնյանը տեսանյութ է տարածել, որում լսվում են պայթյունի ձայներ։
Ներքին գործերի նախարարությունից հաղորդել են․ «3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ ոստիկանության բաժնի դիմաց»։ Քիչ առաջ վերջինիս վնասազերծել են։
Վիրավորները, ըստ ՆԳՆ խոսնակի, ստորին վերջույթի բեկորային վնասվածքներ ունեն, բժիշկները նրանց վիճակը միջին ծանրության են գնահատում։
Ավելի վաղ Ոստիկանության հետ փոխկապակցված Shamshyan.com-ը գրել էր՝ Նոր Նորքի բաժանմունքի մոտ հավաքվածները հիմնականում «Մարտական եղբայրություն» միաբանության համակիրներ են, որոնք պահանջում են ազատ արձակել առավոտյան բերման ենթարկված իրենց ընկերներին․ «Ոստիկանության շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել, ևս 2 հոգի էլ մարտական նռնակները ձեռքերին պահանջում են բաց թողնել համակիրներին, հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել նռնակները»։
«Մարտական եղբայրությունից» մամուլում տարածվող այս տեղեկությունները հերքել են։ «Միաբանությունը ոչ մի կապ չունի կատարվածի հետ, մենք դատապարտում ենք ցանկացած տիպի ահաբեկչական գործունեություն, գործել և գործելու ենք միայն օրենքի շրջանակներում», – ասված է կազմակերպության հաղորդագրությունում։
Կոնտեքստ
Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 49 անձ է ձերբակալվել և տեղափոխվել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ ավելի վաղ տեղեկացրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Բոլորը «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ են։ Բերման ենթարկվածների շարքում էր նաև միաբանության համահիմնադիր, պատմաբան, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը։
Ըստ ոստիկանության, բերման ենթարկվածներ կային նաև Տավուշի մարզի ոստիկանական ստորաբաժանումում։
Տեր-Աբրահամյանը քիչ առաջ տեղեկացրել է՝ միաբանության բոլոր անդամներն ազատ են արձակվել։ Նոր Նորքի ոստիկանության բակում տեղի ունեցածը «Մարտական եղբայրության» հետ կապելու փորձերը նա լկտի և անբարոյական սուտ է որակել։
Միաբանությունից ավելի վաղ մանրամասնել էին՝ իրենց անդամները, որոնք մեծամասամբ պատերազմի վետերաններ են, այս կեսօրին նախատեսել էին գնալ Վերին Ոսկեպար՝ մարտավարական պարապմունքների։
Կառույցից երեկ հայտնել էին, որ «իրենց գրասենյակ են այցելել Հայաստանի Քրեական ոստիկանության ներկայացուցիչները», Տեր-Աբրահամյանին հրավիրել են 6-րդ վարչություն, տեղում՝ հորդորել ձեռնպահ մնալ այս նախաձեռնությունից։
«Զրույցի ընթացքում Վարդան Վարդանյանը հայտնեց, որ չեն թույլատրելու Մարտական եղբայրության այցը Վերին Ոսկեպար: Ի պատասխան Հրանտ Տեր-Աբրահամյանը խնդրեց ներկայացնել արգելքի օրինական՝ իրավական հիմքերը` շեշտելով, որ Մարտական եղբայրությունն օրենք չի խախտում: Հրանտ Տեր-Աբրահամյանը նաև ներկայացրեց, որ Եղբայրությունը գաստրոլյորի կարգավիճակով չի գնում Նոյեմբերյանի տարածաշրջան, այլ գրեթե մեկ տարի այնտեղ գործ է անում՝ բարձրացնելով տեղացիների ինքնապաշտպանության կարողությունները: Դա արվել է տեղի ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցված: […]
Ոստիկանության աշխատողները պնդեցին, որ կոնկրետ մարտի 24-ի մասին ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ ահաբեկիչներ են գալու Ոսկեպարի տարածք: Սակայն այդ լուրի մեր փնտրտուքն ադրբեջանական մեզ հայտնի աղբյուրներում որևէ արդյունքի չբերեց: Վերջում Հրանտ Տեր-Աբրահամյանը հայտնեց, որ վերջնական որոշումը պետք է կայացնի Մարտական եղբայրության թիմը, քանի որ Եղբայրությունը ղեկավարվում է կոլեգիալ, այլ ոչ թե միանձնյա սկզբունքով, բայց ինքը 90 տոկոսով վստահ է, որ թիմի որոշումը լինելու է՝ գնալ Ոսկեպար», – գրել է Միաբանության հիմնադիրը։
Ըստ նրա, եղբայրության թիմային հավաքը տեղի է ունեցել նույն օրը երեկոյան, հավաքի ընթացքում որոշվել է, որ այցը Ոսկեպար տեղի կունենա ըստ կատարվածի։
«Մարդիկ նույնիսկ չեն հասցնում հասնել այնտեղ, որտեղից պետք է Ոսկեպար շարժվեինք, նրանց տներից են տանում», – այսօր ավելի վաղ ասել է Միաբանության անդամ Արամայիս Աղաբեկյանը։ Ավելի ուշ կազմակերպությունից հայտնել են, որ իրենց անդամների մի մասը հասել է Ոսկեպար․ այնտեղ երեք հոգի է ձերբակալվել։
Օրերս Ոսկեպար ու Կիրանց գյուղերում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ Հայաստանի քաղաքականությունն է պատերազմ թույլ չտալ։ Նա նշել էր, որ Տավուշի մարզի հայկական գյուղերի՝ Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի և Բերքաբերի դիմաց գտնվող սահմանը պետք է սահմանազատվի որպես մեկ ամբողջական կտոր։
տե՛ս Բաքուն 4 գյուղ է պահանջում և հրաժարվում է ետ քաշել զորքերը
Դելիմիտացիայի հանձնաժողովների վերջին հանդիպումից հետո Բաքուն և Երևանը խոսվում էին ադրբեջանական ոչ անկլավային 4 գյուղերը Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնելու մասին․ թեև այդ գյուղերը հիմնականում անմարդաբնակ են, դրանից մեկի կողքով է անցնում դեպի Վրաստան տանող միջպետական մայրուղին և Հայաստան մտնող գազատարը։
թարմացում — Ոստիկանության բակում տեղի ունեցածի առթիվ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով։ «ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծված անձը ձերբակալվել է վերոնշյալ հանցանքն առերևույթ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով», – գրել է Քննչական կոմիտեի խոսնակը։
թարմացում — «Մարտական եղբայրության անդամներ Մասիս Շիրոյանը և Ավետիս Ավետիսյանը ազատ են արձակվել Նոր Նորքի բաժնից ժամը 14։30-15։00 շրջակայքում [զինված հարձակումը տեղի է ունեցել ժամը 17։00-ի սահմաններում – խմբ․]։ Մարտականի այլ անդամներ Նոր Նորքի բաժնում պարզապես չեն եղել», – ասված է Միաբանության հաղորդագրությունում։
Կազմակերպության բոլոր անդամները ժամեր առաջ ազատ են արձակվել, ըստ Միաբանության՝ նրանց մոտ զենք կամ այլ ռազմամթերք չի հայտնաբերվել։