Երկու օր առաջ բերանը կարած, նախագահական նստավայրի մոտ իր ընտանիքի հետ նստացույց անող Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանը որոշել է դադարեցնել նստացույցը, քանդել բերանի կարերը և տուն վերադառնալ: Այսօր առավոտյան նրան հրավիրել էին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մոտ, ով ցանկացել էր լսել Խուդոյանի պահանջները:
Մոտ 1,5 ժամ անց Խուդոյանը վերադարձել է նստացույցի վայր և ասել, որ Գևորգ Կոստանյանը հանձնարարել է Արմավիրի մարզի նորանշանակ դատախազին կրկին փորձագիտական քննություն նշանակել:
«Ասել է՝ նորից ձեր պահանջները կներկայացնենք, ինձ կզեկուցվի, և ըստ դրա կտեսնենք, թե ինչ է կատարվում», – ասել է Խուդոյանը:
Հացադուլավորը նշել է, որ ինքը նպատակ ուներ, որպեսզի գործի մասին տեղեկանան կամ գլխավոր դատախազը, կամ ՀՀ նախագահը: Այժմ Էջմիածնի բնակիչը կրկին պատրաստվում է հավաքել բոլոր փաստաթղթերը և ներկայացնել քննության:
Խուդոյանի խոսքով՝ ինքն առայժմ իր պաստառները չի հանում Բաղրամյան մետրոյի մոտից ու սպասելու է, թե ինչ ընթացք կտրվի գործին:
Նշենք, որ Խուդոյանը բողոքում է պապական կտակի կեղծելու դեմ՝ պնդելով, որ դրանում մեղավոր են քույրը, եղբայրը, ինչպես նաև դատախազն ու կադաստրի աշխատակիցները: Նա մի քանի անգամ նստացույց է արել նախագահական նստավայրի մոտ, իսկ 2 օր առաջ կարել էր բերանը: Երեկ ոստիկանները Աշոտ Խուդոյանին բռնի ուժով մտցրել են շտապ օգնության մեքենա և տարել են հոգեբուժարան, սակայն օրվա վերջին բաց են թողել: